Եղեռնագործված գորգեր և իմ անցած ուղին

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | April 11, 2012 13:11

Եղեռնը հայ ժողովրդից խլեց ոչ միայն միլիոնավոր մարդկանց կյանքեր, այլև թանկարժեք գորգեր, որոնք ազգային մեծ արժեք էին ու ամփոփում էին հայ ժողովրդի սերունդների մշակույթը, նիստ ու կացը, մտածելակերպը:

Գորգերի մի մասը ոչնչացավ գաղթի ճանապարհին: Մեզ հասած գորգերի պատառիկները պահպանելու, վերականգնելու փոխարեն, անտեսեցինք դարերի ընթացքում մշակված, խորհրդանիշների վերածված զարդանախշերով գորգերը, որոնց միջոցով փոխանցվում էր դարերի պատմությունը: Ցավով պետք է բարձրաձայնեմ, որ մենք վերջին 30 տարիների ընթացքում մեր իսկ ձեռքով օտարեցինք,  թույլ տվեցինք, որ Հայաստանից տանեն գորգարվեստի վերջին պատառիկները:

Ինչպես հայտնի է, երկիրն առաջնահերթ ճանաչվում է իր մշակույթով, իսկ մենք` հայերս, ունենալով խորը մշակութային արմատներ ճարտարապետության, մանրանկարչության, գորգարվեստի մեջ, ճակատագրի բերումով չենք կարողացել պահպանել  և շարունակել դարերով փոխանցվող ավանդույթները:

Բազում օտարերկրյա պատմիչների գրառումներում նշվում է հայկական արևավառ գորգերի և դրանց` բնական ճանապարհով ստացված գույների, ներկանյութերի, այդ թվում նաև հայտնի որդան կարմիրի մասին: Բնական ճանապարհով ներկանյութեր ստանալու ավանդույթը նույնպես փոխանցվում էր սերնդեսերունդ: Եվ այդ ավանդույթը շարունակողներից մեկն էլ եղել է իմ տատը, որը, իր մորից ժառանգելով գորգարվեստի գաղտնիքները, փոխանցեց իմ մորը: Ես էլ մանուկ հասակից հիշում եմ, ինչպես տատիս և մորս հետ գնում էինք դաշտ` բազմերանգ ծաղիկներ և բույսերի արմատներ հավաքելու: Բերում և չորացնում էինք դրանք: Հիշում եմ մեր մեծ բակը, որտեղ կային մի քանի թոնիրներ: Տատիկս չորացրած ծաղիկները և արմատները լցնում էր տարբեր պղնձյա կաթսաների մեջ: Մի քանի ժամ եփելուց հետո ստացվում էին տարբեր գույների ներկանյութեր, որոնցով ներկում էինք բրդյա թելերը: Իսկ թելերը ստանում էին հատուկ բալբաս տեսակի ոչխարի բրդից: Բուրդը լվանում և գզում էին սաներքով, հետո մանում իլիկով կամ ճախարակով: Ասեմ, որ տատիկիս ճախարակն այժմ գտնվում է Հառիճավանքի թանգարանում:

Մեր տանը մի մեծ սենյակ ունեինք, որին «օթախ» էինք անվանում: Այնտեղ տեղադրված էին 3 մեծ փայտյա դազգահներ, որոնք պատրաստել էր պապս: Նա գրագետ մարդ էր, նաև լավ արհեստավոր էր: Իր կրթությունը ստացել էր Հառիճավանքի ճեմարանում, վարպետ Ավետիք Իսահակյանի հետ: Հիշում եմ, թե ինչպես էր տատս  դազգահների հենքն անցկացնում: Այդ օրը մեր բակում հավաքվել էին գյուղացիներից շատերը, և մենք զուռնա-դհոլի մասնակցությամբ հինում էինք այն գորգը, որը գործվելու էր որպես օժիտ մեր գյուղացիներից մեկի աղջկա համար: Իսկ աղջկա ծնողները գառ էին մատաղ արել և բաժանում էին մեր բակում հավաքված մարդկանց:

Մինչև գործը սկսելը պարտադիր գալիս էր քահանան և օրհնում գորգի հենքը: Հետո տատս նստում էր դազգահի մոտ և երգելով հյուսում առաջին հանգույցները, ապա նրան միանում էր մայրս: Բոլոր գորգերը հյուսվում էին գեղեցիկ երգերի ուղեկցությամբ: Երբ գորգն ավարտվում էր, կրկին հավաքվում էին գյուղի մարդիկ և երեխաների երգի, պարի ներքո կտրում էին գորգը և փռում մեր բակում: Ապա գալիս էր գորգի տերը և նվերներ լցնում գորգի վրա: Հետո, չգիտեմ ինչու, այն աղջկան, որի համար գործվել էր գորգը, փաթաթում էին գորգի մեջ: Իսկ երբ աղջկան հանում էին գորգի մեջից, գալիս էին գյուղի չամուսնացած աղջիկները և շոյում այդ գորգը:

Այս գեղեցիկ ավանդույթներով էլ «թրծվեցի» և մեծացա: Ավարտեցի Երևանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարանի կերպարվեստի բաժինը: Այնուհետև ավարտեցի Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գորգի և գոբելենի բաժինը:

Ինստիտուտում ինձ կոմպոզիցիա առարկան դասավանդում էր գորգի նկարիչ Հակոբ Քեշիշյանը: Նրա շնորհիվ ես ավելի կապվեցի գորգագործության արվեստին: Նրա առաջարկությամբ մասնակցեցի կաթողիկոս Վազգեն առաջինի կողմից վեհարանի համար պատվիրված գորգի ստեղծման գործին: Գորգը գործվեց «Հայգորգ» ընկերությունում, որտեղ հետագայում աշխատեցի որպես ավագ նկարիչ: Գորգը վեհափառի հավանությանն արժանանալուց հետո գործվեցին ևս մի քանի գորգեր, որոնք առ այսօր գտնվում են Մայր աթոռ Սբ Էջմիածին եկեղեցում:

«Հայգորգում» աշխատելու տարիներին կարողացա իրականացնել իմ ծրագրերի զգալի մասը: Այն ժամանակ ընկերությունում արտադրվում էին օտար անվանումներով գորգեր, որոնք ոչ միայն կրկնվում էին կոմպոզիցիոն առումով, այլև պարունակում էին օտար զարդանախշեր: Իմ նախաձեռնությամբ գորգերը վերամշակվեցին, դրանցից հեռացվեցին օտար զարդանախշերը, և վերանվանվեցին իրենց ստեղծման տեղանքին համապատասխան: Իսկ նոր ստեղծված գորգերը ունեցան հայկական անվանումներ: Այնուհետև ձեռնամուխ եղա նոր հայկական վիշապագորգերի շարքի ստեղծմանը: Հիմք ընդունելով հին հայկական վիշապագորգերի զարդանախշերը` կառուցեցի նոր անսպասելի մեկնաբանություններով կոմպոզիցիաներ` գորգերին հաղորդելով առավել ժամանակակից շունչ: Աշխարհով մեկ սփռված են հայկական վիշապագորգերի կատարյալ օրինակներ. Մեծ Բրիտանիայի «Ալբերտ և Վիկտորյա» թանգարան, Իտալիայի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանություն, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Ավստրիա և այլն… Սակայն պետք է ցավով նշեմ, որ այդ բոլոր գորգերը դասվում են կովկասյան, ոչ թե հայկական գորգերի շարքը: Պետք է նաև հատուկ նշեմ, որ Ադրբեջանի մի շարք թանգարաններում ցուցադրվում են հայկական գորգերի փայլուն նմուշներ, որոնց վրա կարելի է կարդալ հայ գորգագործի անունը և գորգի ստեղծման տարին, ինչպես նաև տարբեր հայկական խորհրդանշաններ: Սակայն որպես գորգագործ նշված են ադրբեջանական անուններ:

Առաջին վիշապագորգը, որ վերականգնեցի, «Գոհար» գորգն էր, որի կոմպոզիցիան կառուցված էր բուսական և կենդանական զարդանախշերի հիման վրա: «Գոհարի» և մի շարք այլ գորգերի զարդանախշերը հիմք  դարձան վիշապագորգերի նոր շարք ստեղծելու համար («Արամազդ», «Գառնի», «Գեղարդ», «Հոիփսիմե», «Անի», «Գյումրի» և այլն): Զուգահեռ ստեղծվեցին մի շարք թեմատիկ և յուրահատուկ կոմպոզիցիոն լուծումներով, հատուկ նպատակային գորգեր, որոնց մեջ ոչ միայն կենդանական և բուսական զարդանախշեր կային, այլև ոճավորված մարդկային ֆիգուրներ: Նոր գորգերի կոմպոզիցիան հիմնականում կառուցված էր խաչի հիմքի վրա:

Հին գորգերի զարդանախշերը, որոնք դարձել են խորհրդանշաններ, դարերի ընթացքում պահպանել են իրենց  կառուցվածքն ու հմայքը և չեն ենթարկվել փոփոխության, քանի որ զարդանախշերի հիմքը կառույցների ճարտարապետական սկզբունքներն են: Եթե փորձենք նման կատարյալ կառույցից նույնիսկ մեկ քար տեղաշարժել, ապա ոչ միայն կխախտվի կառույցի տեսքը, այլև այն ամբողջովին կթուլանա կոմպոզիցիոն առումով: Այդպես էլ գորգերն են. թեկուզ մեկ զարդանախշ տեղաշարժելու դեպքում գորգը կորցնում է իր ամրությունը, և ընդհատվում է ամբողջականությունը: Նույնը կարելի է ասել նաև գույների համադրության մասին:

Մեր նոր գորգերը («Զվարթնոց», «Խաղաղություն», «Կենաց ծառ», «Անահիտ», «Վերածնունդ», «Բերքի տոն» և այլն) ոչ միայն գերազանց ընդունվեցին համամիութենական տեքստիլի գեղխորհրդի կողմից, այլև արժանացան օտարերկրյա մասնագետների բարձր գնահատականին: Պետք է առանձնահատուկ նշեմ «Խաղաղություն» գորգի մասին, որի կոմպոզիցիոն կառուցվածքը ընդհանրապես նորություն էր գորգարվեստում: Այն խորհրդային 15 հանրապետություններում համարվեց ամենահետաքրքիրը և համաշխարհային կիրառական արվեստի ցուցահանդեսում արժանացավ պատվավոր մրցանակի:

«Հայգորգում» հիմնադրվեց փոքրիկ թանգարան, որտեղ պահվում էին ոչ միայն նոր ստեղծված գորգերի օրինակները, այլև «Հայգորգի» կողմից գնված հին գորգերի լավագույն նմուշները: Հավաքվել էր հին ու նոր գորգերի մոտ 200 նմուշ: Այդ ժամանակ կազմավորվում էր Սարդարապատի ազգագրական թանգարանը: Թանգարանի տնօրինությունը իմ միջամտությամբ «Հայգորգից» գնեց մի քանի հին և նոր գորգեր, որոնք էլ կազմեցին թանգարանի հավաքածուի զգալի մասը:

Ձեռագործ հին հայկական գորգերը, որոնք ներկված են ծաղիկներից և բույսերի արմատներից ստացված ներկանյութերով, ոչ միայն գեղարվեստական արժեք են, այլև բուժիչ հատկություն ունեն: Գաղտնիքը նաև ձեռագործ հանգույցների մեջ է: Գորգագործի ձեռքերի էներգիան հանգույց առ հանգույց, շարք առ շարք գործվում, միախառնվում է գույների աշխարհին և դառնում ամբողջական կոմպոզիցիոն էներգետիկ համակարգ: Հետագայում էլ մարդը, նայելով գորգին, առավել ևս շփվելով գորգի հետ, ստանում է այն էներգիան, որը հաղորդվել է գորգին գորգագործից և բնության գույներից:

Սովետական Միության փլուզումից հետո «Հայգորգում» աշխատանքից ազատվեցին պրոֆեսիոնալ նկարիչները: Նրանց փոխարինեցին համակարգչին տիրապետող, սակայն գորգարվեստի սկզբունքներից անտեղյակ երիտասարդները:

Այնուհետև Հայաստան բերվեցին գորգի արտադրության մի շարք նոր ծրագրեր, սակայն դրանք կարճատև էին կազմակերպիչների ոչ մասնագիտական մոտեցման պատճառով:

Այժմ բոլոր գորգագործական ձեռնարկություններն արտադրում են գորգեր, որոնք պահանջարկ  ունեն արտասահմանյան շուկաներում,  սակայն ընդհանուր ոչինչ չունեն հայկական գորգարվեստի հետ: Փոխարենը մեր շուկաներն ու համարյա բոլոր հաստատությունները, բնակարանները, եկեղեցական շենքերի սրահները ողողված են պարսկական, արաբական և այլ օտար, գեղարվեստական արժեք չներկայացնող գորգերով: Ունենալով նման գորգեր` մեր պաշտոնյա անձինք հազիվ թե մտահոգված լինեն հայկական գորգի ճակատագրով:

Ո՞ւր  մնացին մեր անփոխարինելի մանրանկարչական սկզբունքները, գորգերի և ճարտարապետական կառույցների չափման միավորները:

Իմ մեծ ցանկությունն է, որ գորգարվեստի կամ նման բաժին ունեցող ուսումնական հաստատություններում ստեղծվի գորգի տեխնոլոգիայի համապատասխան լաբորատորիա, որտեղ հնարավոր լիներ ուսանողներին ծանոթացնել ոչ միայն հայկական գորգի  պատմությանը, այլև դրանք գործելու ամբողջ տեխնոլոգիային` սկսած թելը ստանալու հմտությունից մինչև գորգն ավարտելը: Նման փորձ արվեց 1980 թ., երբ իմ միջամտությամբ Երևանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարանի գորգի բաժնից մի խումբ ուսանողներ տեղափոխվեցին «Հայգորգ» արտադրական միավորում, որտեղ ծանոթանում էին գորգարվեստի պատմությանն ու գորգի գործման գաղտնիքներին և ուսանողական տարիների ընթացքում դառնում հմուտ վարպետ:

Այսօր նույնպես անհրաժեշտ է ունենալ գորգի մասնագիտացված թանգարան` կից լաբորատորիայով, որտեղ ոչ միայն կվերականգնվեն հին վնասված գորգերը, այլև կստեղծվեն նոր գորգեր հին ավանդական զարդանախշերի հիման վրա:

 

Միքայել ՊԵՏՐՈՍՅԱՆ

Գորգանկարիչ

Դիտվել է 3209 անգամ:
Print Friendly

Leave a Reply