Նպատակային արձակուրդի տեսակները
ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | ankakh | April 12, 2012 7:00
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն` նպատակային արձակուրդի տեսակներն են`
1) հղիության և ծննդաբերության արձակուրդը,
2) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը,
3) ուսումնական արձակուրդը,
4) պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդը,
5) չվճարվող արձակուրդը:
Աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ`
1) 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության),
2) 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության) բարդ ծննդաբերության դեպքում,
3) 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:
Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին:
Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողին տրամադրվում է արձակուրդ` որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական (երկու և ավելի նորածին որդեգրելու կամ երկու և ավելի նորածնի խնամակալ նշանակվելու դեպքում` մինչև նորածինների 110 օրական) դառնալը:
Վերոհիշյալ երկու մասերով նախատեսված դեպքերում արձակուրդի համար վարձու աշխատողին վճարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր), տատի, պապի կամ այլ հարազատի (այդ թվում` երեխային խնամակալ նշանակված անձի) ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ:
Արձակուրդի ընթացքում պահպանվում է աշխատողի աշխատատեղը (պաշտոնը), բացառությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերի:
Իսկ ինչ վերաբերում է ուսումնական արձակուրդին, ապա միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նպատակով քննություններին նախապատրաստվելու համար աշխատողներին յուրաքանչյուր քննության համար տրամադրվում է եռօրյա արձակուրդ:
Հանրակրթական, միջնակարգ-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող աշխատողներին ուսումնական հաստատության միջնորդությամբ տրամադրվում է ուսումնական արձակուրդ`
1) ընթացիկ քննություններին նախապատրաստվելու և հանձնելու համար, յուրաքանչյուր քննության համար` 3 օր,
2) ստուգարքներին նախապատրաստվելու և հանձնելու համար, յուրաքանչյուր ստուգարքի համար` 2 օր,
3) լաբորատոր աշխատանքների կատարման համար ուսումնական պլանով նախատեսված օրերի քանակով,
4) դիպլոմային աշխատանքի նախապատրաստման և պաշտպանության համար` 30 օր,
5) պետական (ավարտական) յուրաքանչյուր քննության նախապատրաստվելու և հանձնելու համար` 6 օր:
Ուսումնական արձակուրդում չի հաշվարկվում ուսումնական հաստատության վայր մեկնելու և վերադառնալու ժամանակը:
Հանրակրթական, միջնակարգ-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորող աշխատողին ուսումնական արձակուրդի համար վճարում է գործատուն` յուրաքանչյուր օրվա համար աշխատողի միջին օրական աշխատավարձից ոչ պակաս չափով, եթե գործատուն աշխատողին գործուղել է սովորելու:
Ընդունելության քննություններ հանձնող կամ անձնական նախաձեռնությամբ սովորող աշխատողների ուսումնական արձակուրդի վճարման հարցը կարող է կարգավորվել կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ:
Ավետիք Հարությունյան






Facebook
Tweet This
Email This Post
