Սիլիկոնե կրծքի համառոտ պատմություն

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | April 11, 2012 7:00

Հիսուն տարի առաջ է կատարվել  սիլիկոնով կուրծքը «լցոնելու» առաջին վիրահատությունը: Այդ ժամանակից ի վեր կուրծքը մեծացնելու վիրահատությունները լայն տարածում ունեն: 2010-ին, օրինակ, ողջ աշխարհում ավելի քան 1,5 մլն վիրահատություն է կատարվել, իսկ 2011-ին այդ թիվը հասել է 2 մլն-ի:

Իսկ ամեն ինչ սկսվել է 1962-ին, երբ 6 երեխաների մայր Տիմի Ջին Լինդսին Տեխասի նահանգի Հյուսթնի հիվանդանոցում պառկեց  վիրասեղանին: Մեկ տարի անց նա արդեն մտածում էր մեկ չափսով մեծ կրծկալ գնելու մասին: «Այն ինձ գեղեցիկ թվաց. փափուկ էր ու իսկականից չէր տարբերվում»,- իր հետվիրահատական զգացումներն է հիշում  ներկայումս 80-նն անց կինը:

«Թե ինչ է իրականում կատարվել, ես հասկացա, երբ փողոց դուրս եկա. տղամարդիկ սուլում էին հետևիցս»,- պատմում է Լինդսին:

Այդ առաջին վիրահատության մասնակիցն ամենևին էլ  կուրծքը մեծացնելու միտք չուներ: Նա հիվանդանոց էր եկել ընդամենը կրծքի վրայի դաջվածքը հեռացնելու համար, իսկ բժիշկները կնոջն առաջարկել էին կրծքի մեծացման առաջին վիրահատության կամավոր դառնալ:

Նրան վիրահատեցին Ֆրենկ Ջիրոն և Թոմաս Կրոնին: Պատմաբանները վստահեցնում են, որ հենց Ջիրոյին է պատկանում կրծքի իմպլանտանտի գաղափարը: «Ֆրենկ Ջիրոն ձեռքում բռնել էր  փոխներարկման համար նախատեսված արյունով լի տոպրակը և հանկարծ նկատեց, որ դա շատ նման է կանացի կրծքին»,- պատմում է «Գեղեցկության ստեղծումը. ինովացիաների պատմություններ, որոնք մեզ գեղեցիկ են դարձրել» գրքի հեղինակ Թերեզա Ռիորդանը:

Առաջին փորձակենդանին բժիշկների համար  Էսմերալդա անունով շունն էր. «Իմպլանտանտը մաշկի տակ մտցրեցին ու մի քանի շաբաթ թողեցին: Երբ շունը ծամեց կարերը` բժիշկները ստիպված էին հեռացնել իմպլանտը: Այդուհանդերձ, վիրահատությունը հաջող էր ընթացել, ու Ջիրոն  հայտարարեց, որ դրանք ջրի պես անվտանգ են»: Շուտով նրանք սկսեցին հարմար մի կին ընտրել, որը կհամաձայներ վիրահատվել:

Տիմի Ջին Լինդսին ոչինչ չի հիշում այդ օրվա մասին: «Միայն հիշում եմ, որ կրծքումս ինչ-որ ծանրության զգացում ունեի, որն էլ  ցավի հետ 3-4 օրից անցավ»-, պատմել է նա:

Վիրաբույժները գոհ էին վիրահատությունից, սակայն բնավ չէին պատկերացնում, թե հատկապես ինչ է կատարվել: «Իհարկե, շատ ուրախացանք, սակայն եթե մեկն ասեր, թե այդ ամենն ինչով է ավարտվելու, չէինք հավատա,- ասում է վիրաբույժների հետ աշխատած Թոմաս   Բիգսը:- Մենք չէինք պատկերացնում վիրահատության նշանակությունը: Ժամանակը նույնպես մեր օգտին էր: Հենց այդ տարիներին լույս տեսավ Playboy-ի առաջին համարը և հայտնվեց երկարաոտ ու փարթամ կրծքով Բարբի տիկնիկը»:

1950-ականներին ԱՄՆ-ում կլորիկ մարմնաձևերն ու մեծ կուրծքը դարձան նորաձև:

«Մերլին Մոնրոյի ու Ջեյն Ռասելի փարթամ կրծքին նայելով` կանայք արդեն մտածում են կուրծքը մեծացնելու մասին»,- գրում է պատմաբան Ռիորդանը: Նրանք ներդիրով կրծկալներ սկսեցին կրել,  որոնք տեսողական ծավալ էին ստեղծում: Սակայն կանայք ավելին էին ուզում:

Մինչ սիլիկոնով առաջին վիրահատությունը վիրաբույժներն այլ նյութեր էին կիրառում այդ նպատակի համար. 50-ականներին նրանք կրծքի մեջ բազմավինիլային սպունգ էին մտցնում: Ոմանք հավատացնում են, որ Մոնրոն նույնպես վիրաբույժների օգնությանն է դիմել: Սակայն դերասանուհու կենսագիր Էնթնի Սամմերսը, Մոնրոյին լավ ճանաչողների վկայությամբ, հերքում է նման  ենթադրությունները: «Ռեժիսոր Բիլլի Ուայլդերը Մոնրոյի կուրծքն անվանում էր «ձևի ու ամրության հրաշք, որի վրա չեն տարածվում գրավիտացիայի օրենքները»:

Սկզբում սպունգը լավ արդյունք  էր տալիս, սակայն շուտով դրա թերություններն ի հայտ եկան. կուծքը շոշափելիս շատ կոշտ էր:

Դուր գալ ամերիկյան զինվորներին

Սիլիկոնը կուրծքը մեծացնելու նպատակով կիրառում էին ոչ միայն Ամերիկայում:

Ճապոնիայում մարմնավաճառները սիլիկոն էին ներարկում կրծքի մեջ` պատերազմից հետո երկրում  գտնվող ամերիկացի զինվորներին դուր գալու համար: Նրանք կարծում էին, որ փարթամակուրծք աղջիկներն ամերիկացիներին ավելի են դուր գալիս, ուստի նման զոհողությունների էին դիմում: Սիլիկոնային ներարկումները վտանգավոր էին, կարող էին հանգեցնել արյան զեղման կամ փտախտի: Նույն ժամանակ ԱՄՆ-ում կիրառվող սիլիկոնային իմպլանտները նույնպես չէր կարելի անվտանգ համարել: Հետվիրահատական բարդությունից  կանայք ապահովագրված չէին. արյունազեղում, փտախտ, հետվիրահատական սպիներ:

Այդ օրից ի վեր գիտությունը շատ է առաջ գնացել, իմպլանտների ընտրությունն էլ` մեծացել: «Առաջ ընդամենը 4 չափս ունեինք` մեծ, միջին, փոքր ու շատ փոքր: Հիմա դրանք 450-ն  են»,- ասում է  Բիգսը:

Կրծքի մեծացման վիրահատությունը տարածվածությամբ ճարպահեռացումից հետո երկրորդն է: Իսկ որոշ երկրներում (Մեծ Բրիտանիա) այն առաջին տեղում է: Վիրաբույժներին դիմում են ոչ միայն իրենց կրծքի ձևից դժգոհ կանայք, այլև կրծքի քաղցկեղով հիվանդները: Վիրաբույժներն ի սկզբանե հենց նրանց էլ նկատի ունեին:

Տիմի Ջին Լինդսին երկար տարիներ ոչ ոքի չէր պատմում այդ վիրահատության մասին. գիտեին ընտանիքի անդամներն ու շատ մտերիմ մարդիկ: Վիրահատությունից 50 տարի անց էլ նա գոհ է արդյունքից, չնայած զարմանում է, որ ինչպես և ամեն ինչ աշխարհում, նոր կուրծքը ևս անողոք ժամանակի իշխանության տակ է: Նրա սիլիկոնային կուրծքը բնականի նման ժամանակի ընթացքում կորցրել է ձգությունը և կախվել: «Ես համոզված էի, որ իմ սիլիկոնե կուրծքը տարիների հետ փոփոխության չի ենթարկվի, սակայն, ավաղ»: Այդուհանդերձ Լինդսին գոհ է,  որ  պատմության մի կտորն իր ներսում է, ու ինքը դարձել է պատմության մի հատվածը:

Աշխարհի ամենամեծ սիլիկոնե կուրծքը

Երիտասարդ կինը տնային տնտեսուհի է, հավատարիմ կին, հոգատար մայր (ինչպես նաև երգչուհի, դերասանուհի ու պարուհի): Նա աշխարհում ամենամեծ կրծքի տերն է համարվում, քանի որ այդ բարեմասնությունը համապատասխանում էր 20-րդ չափսին: 160 սմ հասակով բրազիլուհի Շեյլա Հարսլին 30 վիրահատություն է տարել: Փոփոխության են ենթարկվել ոչ միայն կուրծքը, այլև` ազդրերը, հետույքը, ձկնամկանները, շուրթերն ու քիթը: Իսկ նվիրական երազանքը (աշխարհում ամենամեծ կուրծք ունենալը) իրականացնելու համար նա լուրջ խնդիր է ունեցել. բանն այն է, որ ԱՄՆ-ում գոյություն ունի իմպլանտների առավելագույն չափի սահմանափակում: Կինը ստիպված ընտանիքի հետ Բրազիլիա է վերադարձել, ուր և ռեկորդային ձեռքբերման է հասել: Նրա յուրաքանչյուր կրծքի մեջ 4 և կես լիտր սիլիկոն է ներարկվել: Վիրահատությունից կես տարի անց կինը կրծքի շրջանում ուժեղ ցավեր ուներ: 2010-ին բժշկական հետազոտությամբ պարզվեց, որ կնոջ երկու կրծքում ստաֆիլոկոկային վարակ է հայտնաբերվել: Նույն տարին ևեթ կինը հրաժարվել է իր իմպլանտներից, սակայն հնարավոր է, որ վարակի տարածման պատճառով նա նաև կրծքից զրկվի: Ի դեպ. երբ  2008-ին  նա տղա ունեցավ, որին անվանեցին Վիկտոր Հյուգո Հարսլի, ամուսինները ստիպված էին փոքրիկին կերակրելու համար  ստնտու վարձել, քանի որ բազմաթիվ վիրահատությունների պատճառով  Շեյլայի  կուրծքն այլևս կաթ  չէր կարող մշակել:

Դիտվել է 2938 անգամ:
Print Friendly

Leave a Reply