Առայժմ` մեկ ուղեգրով գարուն

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | April 10, 2012 7:00

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը հայտնվել է ծանր իրավիճակում: Կաշվե ձեռնոցի մեր վարպետներից առայժմ միայն մեկը` 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանն է Լոնդոնում 2012-ին կայանալիք օլիմպիական խաղերի  ուղեգրի արժանացել: Առջևում վերջին հույսն է: Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ապրիլի 13-23-ը կայանալու է օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարը: Փոխվել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը: Ռաֆայել Մեհրաբյանին այդ պաշտոնում փոխարինած Կարեն Աղամալյանն այն կածիքին է, որ մեր երկրի ներկայացուցիչներն  ի վիճակի են  այդ ստուգատեսում1-2 ուղեգրի տիրանալու:

Ներկայումս Հայաստանի ընտրանին  նախապատրաստվում է Աբովյանում:

Մեր առաջատար բռնցքամարտիկները վերջերս միջազգային մրցաշարերի են մասնակցել Բուլղարիայում և Ֆինլանդիայում: Այդ ստուգատեսների արդյունքով պետք է հստակեցվեր, թե ովքեր են Հայաստանը ներկայացնելու Տրապիզոնում կայանալիք փորձությունում, որը, ի դեպ, օլիմպիական խաղերի մրցաշարից պակաս լարված չի լինելու: Իսկ վերջնական վճիռը  մարզչական խորհուրդը կայացնելու է մրցումների մեկնելուց առաջ:

Այդուհանդերձ, շատ բան այս առումով պարզ է: Մասնավորապես, որոշվել է, որ 49 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու է այս տարվա մեր երկրի չեմպիոն Կորյուն Սողոմոնյանը: 18-ամյա աշխարհի պատանիների ու Եվրոպայի երիտասարդների չեմպիոնը չէր մասնակցել 2011-ին Բաքվում կայացած վարկանիշային ստուգատեսին: Իսկ ահա նույն քաշային, Եվրոպայի նախկին չեմպիոն Հովհաննես Դանիելյանը, որի բախտն Ադրբեջանում չէր բերել, կարողությունները կփորձի իր համար նոր` 52 կգ քաշային կարգում:

60 կգ քաշային կարգում հանդես է գալու Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վլադիմիր Սարուխանյանը, 56 կգ քաշային կարգում` Արամ Ավագյանը, 81 կգ քաշային կարգում` Արթուր խաչատրյանը: Ի դեպ, 49 կգ և 60 կգ քաշային կարգերի բոլոր մրցանակակիրները` 4-ական մարզիկ, օլիմպիական ուղեգրերի են արժանանալու: 52 կգ, 56 կգ,  81 կգ քաշային բռնցքամարտիկների մրցաշարերում այդպիսի պատվի են արժանանալու միայն 3-ական մարզիկներ: Այսինքն` 3-րդ մրցանակակիրները, լավագույնին որոշելու համար, միմյանց հետ լրացուցիչ հանդիպում են անցկացնելու: Իսկ 69 կգ քաշային կարգում, որում նախատեսվում է Հրայր Մաթևոսյանի մասնակցությունը, միայն 1-2-րդ տեղերը գրավողները կդառնան օլիմպիական:

64 կգ քաշային կարգում, որում հանդես է գալիս 2008-ի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հրաչյա Ջավախյանը, վիճակը բարդ է, քանի որ ուղեգրի  է արժանանալու միայն հաղթողը: Թե մեր երկիրն ով է ներկայացնելու այս և գերծանր քաշային կարգերում,  կպարզվի առաջիկայում: Իսկ 75 կգ և 91 կգ քաշային կարգերում մասնակիցներ չենք ունենա: Առաջինում արդեն ուղեգիր կա, իսկ երկրորդում չկա մեկը, որի հետ կարելի է հույսեր կապել:

Փաստն այն է,որ մեր երկրի ներկայացուցիչները պետք է փորձեն հնարավորինս շատ օլիմպիական ուղեգրերի տիրանալ: Հակառակ պարգայում կստացվի, որ մեր երկրի ներկայացուցիչների հնարավորությունները  սահմանափակ են: Մինչդեռ բռնցքամարտը Հայաստանում այն  մարզաձևն է, որի ներկայացուցիչների համար ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի բարձր արդյունքի հասնեն, սակայն առայժմ սպասելիքները չեն արդարանում: Փաստ է, որ գարուն ենք մտել միայն օլիմպիական մեկ ուղեգրով, իսկ թե ինչ կլինի հետո, կպարզվի շատ շուտով:

 

 

Դիտվել է 1289 անգամ:
Print Friendly

Leave a Reply