Ծանրորդուհիները կմնան տանը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | April 8, 2012 7:00

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան գոյություն ունի 1946-ից: Այս ընթացքում  երկաթախաղի մեր երկրի ներկայացուցիչներն օլիմպիական խաղերում, տարբեր տարիքային խմբերի աշխարհի, Եվրոպայի առաջնություններում տիրացել են 1038 մեդալի: Մեր երկրի անկախացումից հետո` 1993-ից սկսած, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան  Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ է: 2006-ից կազմակերպության ղեկը ստանձնել է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը, և մեր այս մարզաձևի ներկայացուցիչներն այս ընթացքում նվաճել են 376 մեդալ: Ընդ որում, վերջին` 2008-ին Պեկինում կայացած օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը 3 բրոնզե պարգևի է տիրացել: Իսկ այս տարի առաջիկա Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերում մեր հիմնական հույսը Հայաստանի ծանրորդներն են: Նրանք են ամենաշատ օլիմպիական  ուղեգրերը նվաճել:

Անգլիա են մեկնելու Հայաստանի 4 ծանրորդ և 2 ծանրորդուհի: Տարբեր երկրների համար մեր հավաքականն անցանկալի մրցակից է: Զարմացնում է այն, թե ինչպես է կարողանում մեր երկրի ընտրանին շրջանցել մի շարք հզոր պետությունների հավաքականների և հավասարի պես մրցակցել այնպիսի երկրների թիմերի հետ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը: Ի դեպ, վերջինիս ծանրամարտի ազգային առաջնությունը տևում է շուրջ երեք ամիս, իսկ  ծանրամարտի ֆեդերացիան իր կարիքների համար օրական ծախսում է մեկ մլն դոլար:

Սկսելով զրույցը Սամվել Խաչատրյանի հետ` նախ հետաքրքրվեցինք, թե ինչն է  մեր մարզիկների հաջողությունների գաղտնիքը, կա՞ն միջոցներ, որոնք օգնում են բարձր արդյունքի հասնելու:

– Հայ ժողովուրդն ունեցել է դյուցազուններ, որոնց ուժի մասին լեգենդներ են հյուսվել և դարեդար փոխանցվել: Այժմ էլ մեր հավաքականում մրցակցությունը մեծ է: Իսկ դա արդյունքի չի կարող չհասցնել: Ինչ վերաբերում է գիտատեխնիկական առաջընթացին, ապա ներկայումս չկան այնպիսի միջոցներ, որոնք հայտնի չլինեն բոլորին: Դրանք կապված են ուժերի վերականգնման հետ և ավելի ադյունավետ են դարձնում մարզումները: Թանկ հաճույք է տարբեր սննդային հավելումների  և բնական բաղադրիչներ պարունակող  ուժերի վերկանգնման միջոցների օգնությանը դիմելը, սակայն Հայաստանի հավաքականի առաջատարներն ապահովված են այդ ամենով: Մերոնք  շարունակ ուշադրության կենտրոնում են և  պարբերաբար ստուգվում են: Ի դեպ, օրերս Հայաստանի հավաքականի առաջատար վեց ծանրորդներ, որոնք նախապատրաստվում են օլիմպիական խաղերին, փորձաքննության են ենթարկվել  հակադոփինգային ՎԱԴԱ կազմակերպության մասնագետների կողմից: Մի քանի շաբաթից արդյունքները հայտնի կդառնան:

Ներկայումս ինչով են զբաղված մեր առաջատարները:

– Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը, Առաքել Միրզոյանը, Արայիկ Միրզոյանը, Արա Խաչատրյանը, Ռուբեն Ալեքսանյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Մելինե Դալուզյանն  անհատական ծրագրով նախապատրաստվում են օլիմպիական խաղերին: Այդուհանդերձ, չի բացառվում, որ ապրիլի 6-ին Թուրքիայի Անթալիա քաղաքի մարզապալատում մեկնարկելիք  Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես եկած մարզիկները նույնպես դառնան Հայաստանի  օլիմպիական հավաքականի թեկնածուներ: Խոսքը Սամվել Գրիգորյանի, Վանիկ Ավետիսյանի (երկուսն էլ` 69 կգ), Նորայր Վարդանյանի (94 կգ), գերծանր քաշային Հայկ Հակոբյանի մասին է: Օրինակ` եթե Գրիգորյանը, Ավետիսյանը երկամարտում 330 կգ ցույց տան, Վարդանյանը` 395 կգ, ապա նրանք Լոնդոն մեկնելու լուրջ հայտ կներկայացնեն: Թեև Եվրոպայի առաջնությանը երկրորդ-երրորդ  թիմով ենք մասնակցելու, բայց հավաքականի կազմից դուրս մնացողներ կան, որոնք շարունակում են մարզվել, նախապատրաստվել: Իսկ Թուրքիայում մեր չորս մարզիկներն էլ, եթե լավ մասնակցեն, մեդալակիր կդառնան: Բոլորն էլ երիտասարդ են, և նրանց իրենց կարողությունները դրսևորելու հնարավորություն է տրվել:

Այդուհանդերձ, բացառիկ բան է, երբ Հայաստանի հավաքականը մրցավայր է ուղևորվում առանց  մարզուհիների, այն դեպքում, երբ մեր երկրում այս օրերին գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեկ ամիս շարունակ նշվող տոնն է: Մի՞թե չունենք մարզուհիներ, որոնք կարող են  Հայաստանը ներկայացնել այդ փորձությունում:

 – Շուրջ  երեք տասնյակ մարզուհի է Հայաստանում լրջորեն զբաղվում ծանրամարտով, սակայն նրանց մեծ մասը 15-16 տարեկան է: Այդ ծանրորդուհիները պատրաստվում են Եվրոպայի, աշխարհի աղջիկների, երիտասարդ մարզուհիների առաջնություններում իրենց նորամուտը նշել 2012-13-ին: Քանի որ տարին օլիմպիական է, Եվրոպայի առաջնությունում մեծ թվով պարգևների տիրանալն այնքան էլ չի կարևորվում: Մեր գերխնդիրն է շոշափելի արդյունքի հասնել օլիմպիական խաղերում: Այդ է պատճառը, որ հավաքականի առաջատարներին` Դալուզյանին, Խուրշուդյանին, հեռու ենք պահում փորձություններից: Եթե նրանք մասնակցեն Եվրոպայի առաջնությանը, չեն հասցնի ուժերը վերականգնել: Թուրքիայից վերադարձից հետո մինչև օլիմպիական խաղերի մեկնարկը մնալու է 100 օր: Մինչդեռ մարզիկներն ամեն մրցումից հետո  շուրջ 1,5 ամիս  վերակագնում են իրենց հոգեկան հավասարակշռությունը:

Հետևո՞ւմ եք մերոնց հեռակա մրցակիցների ցույց տված արդյունքներին:

– Այո: Վստահաբար կարող եմ ասել, որ անկախ այն հանգամանքից, թե մեր երկրից ովքեր կընդգրկվեն օլիմպիական հավաքականում, 6 մարզիկներն էլ Լոնդոնում կլինեն մեդալների հավակնորդների թվում:

Փաստորեն, ծանրորդուհիների հավաքականում ակնհայտ առաջատարներ են Դալուզյանը, Խուրշուդյանը, սակայն եթե որևէ մեկը վնասվածք ստանա, ո՞վ պետք է փոխարինի նրան:

 – Իզաբելա Յայլիյանը, որը հանդես է գալիս 53 կգ քաշային կարգում, աղջիկների Եվրոպայի առաջնության չեմպիոնուհի է, հին աշխարհամասի երիտասարդական առաջնությունում մրցանակակիր է դարձել:

– 2011-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականին բախտն ուղեկից չէր: Գուցե մեր երկրում ծանրամարտը սկսել է դոփե՞լ տեղում:

– Հայաստանում ծանրամարտը շարունակում է զարգանալ: Սպորտում վերելքից հետո չի բացառվում նաև վայրէջքը: Սակայն ամենևին էլ թող այն տպավորությունը չստեղծվի, որ մեր մարզիկներն այլևս որևէ բանի հասնելու, հիացնելու ի վիճակի չեն:

Աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը ԲՀԿի շարքերն է համալրել, նաև ԱԺ առաջիկա ընտրություններում այդ կազմակերպության համամասնական ցուցակում է: Նա նաև հայտարարել է, որ ոչ միայն առաջիկայում քաղաքականությամբ է զբաղվելու, այլև ծանրամարտի կենտրոն է հիմնելու և այն գլխավորելու: Ի՞նչ կասեք այդ մասին:

– Դա նրա անձնական որոշումն է: Կարծում եմ` ավելի արդյունավետ կլինի, եթե նա իր ունեցած փորձը, գիտելիքներն օգտագործի սպորտը զարգացնելու համար: Մասնավորապես, լավ կլիներ, որ նա  ոչ թե որպես տնօրեն սկսեր իր գործունեությունը, այլ` մարզիչ: Իսկ այդ նոր կենտրոնի մասին ինքս տեղյակ չեմ: Քաղաքականությամբ զբաղվելն ինչքան էլ գայթակղիչ լինի մեր օրերում, ճիշտն այն է, որ ամեն մեկն իր գործով զբաղվի: Մեր կողմից հնարավորն արվել էր, որ Ավդալյանն աշխարհի չեմպիոն դառնա, եթե նա հիմա այլ ծրագրեր ունի, իր գործն է:

Նախորդ օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր ԱՄՆում բնակվող միջազգային կարգի մրցավար Հարություն Թութունջյանը: 2012-ին Լոնդոնում կայանալիք ստուգատեսում ծանրամարտի մրցաշարում Հայաստանից մրցավար լինելո՞ւ է:

 – Օլիմպիական խաղերը սպասարկելու համար երիտասարդ մրցավարներ են ընտրում: Սկզբում մտադրվել էինք, որ մեր երկիրը ներկայացնի միջազգային կարգի մրցավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը, բայց հետո այդ քայլից հետ կանգնեցինք:  Նպատակահարմար է, որ նա հավաքականի կողքին լինի, օգնի մարզիչներին, մարզիկներին: Դա ոչ միայն  Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավարության, այլև մարզչական խորհրդի ցանկությունն է: Իսկ օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում Հայաստանը մրցավար չի ունենա:

Դա չի՞ խանգարի, անարդարությունների պատճառ չի՞ դառնա:

– Օլիմպիական խաղերում այդպիսի բաներ չեն լինում: Եթե միտումնավոր որևէ միջադեպ  պատահի, ապա, միևնույն է, դրա դեմն առնելը դժվար է:

 

 

Դիտվել է 1617 անգամ:
Print Friendly

Leave a Reply