Երկնքից երեք խնձոր ընկավ…
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | April 9, 2012 7:19
«Լինում է, չի լինում, մի թագավոր է լինում…»: Սովորաբար հենց այսպես էլ սկսվում են հեքիաթները, որոնց մեզնից շատերն անլուրջ են վերաբերվում. «Ես իմ երեխային շատ եմ պատմում հատկապես «Կարմիր գլխարկը»: Սա գիտեմ, սա եմ պատմում: Չեմ կարծում, թե ինչ-որ կարևոր դեր է կատարում հեքիաթի ընտրությունը»,- ասում է 30-ամյա Մարինեն:
Հեքիաթը գրականության հնագույն ժանրերից է: Այն ուսուցողական, դաստիարակչական բնույթ ունի: Սակայն կան հեքիաթներ, որոնք կարող են ոչ միայն վախ հարուցել երեխաների մեջ, այլև, կախված մատուցման ձևից, ենթագիտակցության մեջ մնալ` հետագայում վերածվելով մղձավանջի:
Հոգեվերլուծաբան Զիգմունդ Ֆրոյդն ասում է, որ եթե մարդու ներաշխարհում որևէ խեղում է կատարվում, ապա պատճառը պետք է որոնել միայն մանկության մեջ: Այս առումով չափազանց կարևոր դեր են կատարում հեքիաթները, մուլտերը, քանի որ ամենաշատը հենց մանկության տարիներին ենք առնչվում հեքիաթներին: Ոչ ճիշտ մատուցելու դեպքում երեխայի ներաշխարհում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ: «Այն, որ հեքիաթն առաջին հերթին զարգացնում է մտավոր կարողությունները, դաստիարակում ներքին կուլտուրա, կասկած չկա, սակայն պետք է շատ զգույշ լինել հեքիաթի ընտրության հարցում: Շուտ տպավորվող երեխաներին, օրինակ, չի կարելի պատմել մարդակերների մասին, որոնք ուտում են, ասենք, նրանց նման փոքրիկ բալիկներին»,- բացատրում է հոգեբան Կարինե Ավետիսյանը:
Փոխարենը նա խորհուրդ է տալիս պատմել երեխային մեղմ, չնյարդայնացնող, խաղաղ հեքիաթներ, ընդ որում, հայ երեխաներին` ավելի շատ հայկական, քանի որ հեքիաթը ձևավորում է նաև ազգային խառնվածք: Բայց եթե մեր ժողովրդական հեքիաթները նրան դուր են գալիս, նրա կարծիքով` հայ երեխաներին այնքան էլ դուր չեն գալիս: «Գիտեք, եթե հեռուստատեսությամբ ցանկացած ժամի ցույց են տալիս գրեթե մերկ մարդկանց ինտիմ վիճակներում, ցույց են տալիս գրեթե նույն սյուժեով մուլտեր, ապա հազիվ թե երեխային դուր գա մեր ժողովրդական հեքիաթների էկրանավորումը, հեքիաթապատումը: Բանն այն է, որ դրանք ուղղակի բացակայում են մեր առօրյայից, մինչդեռ պետք է ցույց տալ, ճաշակ սերմանել»:
Մասնագետի խոսքերով` ծնողը երեխային պետք է տանի դեպի հեքիաթը, որպեսզի նա նաև կրթվի, քանի որ հեռուստատեսությունն այս գործառույթն այնքան էլ չի իրականացնում: Հազվադեպ են երեխաներին տանում տիկնիկային ներկայացումներ դիտելու, իսկ հեքիաթ պատմելը դարձել է ոչ այնքան ակտուալ:
Նրա կարծիքով` նախորդ սերունդների համեմատությամբ` ներկա սերունդն ավելի ագրեսիվ է: «Սա ես դարձյալ կապում եմ այն մուլտերի և հեքիաթների հետ, որոնք երեխային պատմում են, կամ նա դիտում է: Ի՞նչ պիտի սովորի հեռուստատեսությունից: Թողած մերը` ցույց են տալիս օտարինը՝ սրանով հեռացնելով երեխային իր իսկ ակունքներից: Թվում է` սա պետական քաղաքականություն է. դաստիարակել ագրեսիվ և հայկական ակունքներից հեռացած սերունդ: Երևի մարդիկ կան, որոնց դա ձեռնտու է, չգիտեմ: Ինչքան շատ ագրեսիա, այնքան լավ: Սա է մեր հեռուստաընկերությունների մեծ մասի վարած քաղաքականությունը»: Նրա կարծիքով` միակ լուծումն այն է, որ ծնողներն իրենք ընտրեն հեքիաթներն ու մուլտերն իրենց երեխաների համար:
Սակայն պետք է հիշել, որ դրանք, ամեն դեպքում, հրաշապատում են, և երբ երեխան արդեն չափից շատ է տարվում հեքիաթներով, այն էլ արդեն 3-4-րդ դասարաններում, պետք է զգուշանալ. երեխան փախչում է իրականությունից:
Հոգեբանը ճիշտ չի համարում հատկապես սաստելու տարբերակը, երբ երեխային ասում են, թե «կախարդը», «Մեշոկ պապին» կամ այլ նման կերպարները կգան կտանեն իրեն, եթե մայրիկին չլսի: «Նման մեթոդներն անհետևանք չեն մնում: Երեխան կարող է լրջորեն վախենալ: Նա չի կարծում, որ դրանք հորինված կերպարներ են, հավատում է, որ իրոք գալու են իրեն տանեն, և եթե թվում է` սա արդյունավետ միջոց է, ապա ճիշտ չէ: Ձեզ թվում է` մոռանում է, սակայն մնում է վախը, որ անցնում է ենթագիտակցական աշխարհ` հետագայում զգացնել տալով իր մասին»:
Բացի այդ, հոգեբան Կ. Ավետիսյանն ասում է, որ յուրաքանչյուր հեքիաթ իր ենթատեքստն ունի, իր սիմվոլիկան. «Իզուր չէ, որ խորհրդային տարիներին ամենատարածված հեքիաթը «Մոխրոտն» էր. հնազանդության և անափ համբերության քարոզչությունը»:
Հեքիաթներում միշտ բարին հաղթում է չարին: Սա է հենց հեքիաթի կարևորագույն գործառույթը: Երեխան պետք է մեծանա բարության նկատմամբ հավատով: Այսօր, այո, նույնն է, բարին հաղթում է չարին, սակայն արդեն փոխվել են հերոսները: Նրանք այժմ հարուստ մարդիկ են, գործարարներ, պատգամավորներ: «Լինում ա, չի լինում, մի հարուստ մարդ ա լինում, 2 Աղջիկ ա ունենում, մեկը` բարի, մյուսը` չար: Օրերից մի օր բարի աղջկան սիրահարվում ա մի հարուստ երիտասարդ»,- պատմում է 10-ամյա Աննան:
Իսկ ահա Վարուժանը հեքիաթ է պատմում երիտասարդի մասին, որը երազում է «Ջիփ» մակնիշի մեքենայի մասին: Հոգեբան Էլյա Սարգսյանը սա բացատրում է արժեքային համակարգի փոփոխությամբ, ավելի շատ տեխնիկային գնալու ձգտմամբ և, վերջապես, վերը թվարկված պատճառներով: «Իրականում այժմ հեքիաթներն աստիճանաբար իրենց տեղը զիջում են համակարգչային խաղերին, հեռուստացույցին: Այդուհանդերձ, այո, կան երեխաներ, որոնք պարտադիր նախքան քնելը պետք է հեքիաթ լսեն, ուստի, եթե ծնողը ցանկանում է իր երեխայի մեջ ազգային խառնվածք կերտել, կարևոր է, որ հենց հայկական հեքիաթներ պատմի»:
Վերջում հոգեբանը խորհուրդ տվեց պատմել երեխային հեքիաթներ` համապատասխան նրա նախասիրություններին: «Իմ պրակտիկայում եղել է դեպք, երբ եկել է 20-ամյա մի աղջիկ ու բողոքել, որ երազում իրեն տեսնում է կտրած ձեռքերով, ու դրանից վախենում է: Ժամանակ պահանջվեց, որ հասկանայինք. նրա հիշողության մեջ մանկությունից մնացել էր «Կռնատ աղջիկը» հեքիաթի կերպարը»,- պատմում է Էլյա Սարգսյանը: Կարևոր է հատկապես մատուցման ձևը: Նույնիսկ դաժան թվացող տեսարանները ծնողը կարող է ներկայացնել այնպես, որ երեխան չվախենա և անգամ զվարճանա. «Ուստի նախքան երեխային հեքիաթ պատմելը հետևեք, որ երկնքից ընկնող 3 խնձորներն օգտակար լինեն, և մեկն անպայման ձեր երեխային հասնի»,- ասաց հոգեբանը:
Մարիամ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
