ԵԱՀԿ ներկայացուցիչ. Զինված ուժերի վերահսկողության ոլորտում Հայաստանը դեռ անելիք ունի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 7, 2009 20:08

Դե յուրե Հայաստանի խորհրդարանին տրված են զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկման ոլորտում մեծ իրավասություններ, որոնք տարբեր պատճառներով չեն օգտագործվում: Այս ոլորտում կա գործադիր մարմնի գերիշխանություն Հայաստանում (մինչդեռ պետք է լինի ԱԺ-ի գերիշխանություն). այսօր «Անվտանգության ոլորտի կառավարումը և վերահսկումը» թեմայով եռօրյա դասընթացի ամփոփիչ ասուլիսում ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆստրան:

Եռօրյա դասընթացը(հոկտեմբերի 5-7) կազմակերպել է 2000 թ. Ժնևում ստեղծված Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկման կենտրոնը, որի անդամ 54 երկրներից մեկը Հայաստանն է:

Դասընթացի նպատակն էր համապատասխան պետական գերատեսչությունների աշխատակիցներին ներկայացնել անվտանգության ոլորտի կառավարման և վերահսկման հարցերին վերաբերող տեղեկություններ:

Հոֆստրայի խոսքով՝ դժվար է ասել, թե Հայաստանը զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկման ոլորտում ինչ տեղ է զբաղեցնում, սակայն «անցնելու ճանապարհ դեռ կա»:

Ըստ նրա` Հայաստանի դրությունը յուրահատուկ է` պայմանավորված աշխարհաքաղաքական առանձնահատկությամբ. կառավարության և հասարակության միջև երկխոսությունն ավելի բաց պետք է լինի, երբ խոսքը այս ոլորտի մասին է: «Ժողովրդավարությունն ապահովվում է համապատասխան կառույցների գոյությամբ, սակայն կարևոր է նաև քաղաքացիական ակտիվությունը. առանց դրա առաջընթաց չի լինի»:

Կենտրոնի փոխտնօրեն Ֆիլիպ Ֆլուրին էլ նշեց, որ անվտանգության ոլորտի բարեփոխումը և ժողովրդավարական կառավարումը կյանքի կոչելու համար կարևոր է քաղաքական և քաղաքացիական հասարակության շահերի խմբերի ձևավորումը:

Դիտվել է 1335 անգամ:
Print Friendly

Leave a Reply