Ինչո՞ւ ՀՀԿ-ն չմիացավ ընտրությունների վերահսկման միասնական շտաբի ձեւավորմանը. պարզաբանում է Շարմազանովը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 5, 2012 14:09

Հանրապետական կուսակցությունը նախընտրում է աշխատել ավելի լայն ու լիազորված մարմնում, քան ձեւական ինչ-որ կառույցում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունների կողմից ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ձեւավորելու մասին համաձայնագրի ստորագրումը: Նշենք, որ այդ փաստաթղթի տակ իր ստորագրությունը չէր դրել միայն ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Ըստ Շարմազանովի, շաբաթներ առաջ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը նշել էր, թե, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, մտադիր է ԱԺ նախագահին կից ստեղծել խորհրդատվական մարմին` ընտրությունների վերահսկման համար: «Եւ այդ մարմնում կլինեին ոչ միայն խորհրդարանական, այլեւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ավելին, մի քանի օր առաջ հրապարակային այդ առաջարկն արել է միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ զրույցներում, այսօր առավոտյան էլ Ֆինլանդիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը: Քանի որ ավելի լայն եւ իրավասություններով օժտված մարմին կարող է ստեղծվել ԱԺ նախագահին կից, մենք հարմար գտանք աշխատել այդ մարմնում, քան ձեւական ինչ-որ կառույցում»,- նկատեց Շարմազանովը:

Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունները ապրիլի 4-ին քաղաքագետների միության շենքում ստորագրել են ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ձեւավորելու մասին համաձայնագիր։ Փաստաթղթի տակ դրված են ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի, ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանի, Արմեն Ռուստամյանի եւ «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի ստորագրությունները: Համաձայնագիրը բաց է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի համար:

Դիտվել է 878 անգամ:
Print Friendly

Leave a Reply