Ինչո՞վ են զբաղված նախընտրական շտաբները

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 5, 2012 15:16

Երևանում և հանրապետության այլ քաղաքներում արդեն կարելի է հանդիպել մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների և տարբեր քաղաքական ուժերի և կուսակցությունների ընտրական շտաբների: Դրանցից որոշ կուսակցություններ արդեն բավականին շատ ունեն: Նախընտրական քարոզչությամբ զբաղվելու պաշտոնական մեկնարկը կլինի ապրիլի 8-ից, իսկ մինչ այդ տվյալ շտաբները քարոզչությամբ զբաղվելու իրավունք չունեն: Ուրեմն հարց է առաջանում` ինչով են զբաղվում այս պահին արդեն բացված ենթաշտաբներում:

ԲՀԿ-ն, օրինակ, ինչպես տեղեկացրեց կուսակցության նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը, արդեն մոտ 70-ից ավելի շտաբներ ունի բացված հանրապետության ամբողջ տարածքում: «Այդ շտաբներն այս պահին զբաղված են ընտրությունների նախապատրաստական աշխատանքներով, նախապատրաստվում են նախընտրական քարոզարշավին, ինչպես նաև ժողովրդի հետ տարվող աշխատանքներին: Նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից` ապրիլի 8-ից հետո նրանք արդեն ավելի մեծ թափով կաշխատեն, իսկ հիմա քարոզարշավով չեն զբաղվում»,- հայտնեց Խաչիկ Գալստյանը:

Ամենաշատը, զուտ  տեսողական առումով, ՀՀԿ-ի շտաբներն են: Ավանում, օրինակ, «Սթար» սուպերմարկետի դիմաց մի ժամանակ գործում էր ծաղկի խանութ, որն արդեն 2 շաբաթից ավելի է` վերածվել է ՀՀԿ ընտրական շտաբի: Այդպիսի օրինակները բազմաթիվ են: Իսկ կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացնում է, որ շտաբների ստեղծման աշխատանքները դեռ չեն ավարտվել, ու դեռ նոր շտաբներ կբացվեն: Շարմազանովը հստակ չհիշեց նաև իրենց այդ շտաբների թիվը: Բայց գիտի, թե այնտեղ ինչով են զբաղվում: «Մեզ մոտ ըստ տարածքների են: Քանի գրասենյակ ունենք, այնքան էլ շտաբ ունենք: Ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, ՀՀԿ գրասենյակները երբեք չեն փակվել: Եվ այդ գրասենյակները վեր են ածվել շտաբների: Ըստ նպատակահարմարության. ինչքան պետք է, այնքան էլ բացելու ենք: Թիվը վերջում, երբ որ լինի, մենք կհրապարակենք, որովհետև բացելու ընթացքի մեջ են, և այդ թիվը ես հստակ չեմ տիրապետում: Բայց հաստատ` ինչքան գրասենյակներ ունենք, այնքան էլ շտաբներ կունենանք: Շտաբներն այժմ զբաղված են ընտրական կամպանիայի նախապատրաստական աշխատանքներով»,- նշեց նա:

Երբ փորձեցինք պարզել, թե ինչ է հրահանգված այդ շտաբներին, ինչ պետք է անեն և այսօրվա դրությամբ ինչով են զբաղված, Շարմազանովը ավելացրեց. «Նախ` հրահանգված չէ, կուսակցությունը զբաղված է, պատրաստվում է համապատասխան քարոզարշավի: Եվ կենտրոնական շտաբն էլ, իր բոլոր ստորաբաժանումների հետ միասին, զբաղված է այդ աշխատանքներով: Ներառված է այն աշխատանքներում, ինչով որ օրենքով սահմանված կարգով պետք է ներառված լինի»: Թե ինչ «նախապատրաստական» աշխատանքներ են իրականացնում ՀՀԿ շտաբներում, դեռ  լիովին հայտնի չէ, բայց բազմաթիվ քաղաքացիներ արդեն իսկ բողոքում, են, որ ՀՀԿ-ն իրենց ցուցակագրում է, անձնագրերի տվյալները գրանցում կամ «խնդրում» ստորագրել, որ ընտրությունների ժամանակ տվյալ մարդն ընտրելու է ՀՀԿ-ին: Բարի ընտրություն ենք մաղթում իշխող կուսակցությանը` ավելորդ չհամարելով հիշեցնել, որ խոստացել  է, թե այս ընտրություններն իրենց մաքրությամբ ու թափանցիկությամբ կլինեն աննախադեպ:

ՀՅԴ-ն, բացի կենտրոնական շտաբից, շտաբներ ունի նաև Երևանի բոլոր համայնքներում, մարզկենտրոններում և բոլոր խոշոր բնակավայրերում: Իսկ այն բնակավայրերում, որտեղ բնակչության թիվը մեծ է, ինչպես տեղեկացրեց կուսակցության լրատվամիջոցների հետ կապերի պատասխանատու Սպարտակ Սեյրանյանը, բացել է 2 և ավելի շտաբներ:

ՀԱԿ-ը, այս պահի դրությամբ, 43 շտաբ ունի: Բայց կոնգրեսը դժվարություններ ունի ենթաշտաբներ բացելու հարցերում: Մի «աներևույթ» ուժ խանգարում է, որ ՀԱԿ-ը հնարավորինս շատ շտաբներ ունենա: «ՀԱԿ-ն ունի 43 շտաբներ, որոնք ՀԱԿ-ի գրասենյակներն են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Շտաբներն այս պահին նախապատրաստական աշխատանքներով են զբաղված, ցուցակներն են տպում. ցուցակները ստուգելու գործընթացներ պետք է սկսենք, ենթաշտաբներ ձևավորելու գործով ենք զբաղված, որը շատ դժվար է: Ուղեցույցներ ենք պատրաստում վստահված անձանց համար, դասընթացներ ենք անցկացնում, ակտիվի հավաքներով ենք զբաղվում, և, բացի դրանից, անընդհատ պրոցեսների մեջ ենք. միտինգներին ենք նախապատրաստվում և տարածաշրջանային հանդիպումներին: Քարոզարշավը սկսելուց հետո նպատակ ունենք բոլոր մարզերում, շրջաններում այցելություններ ու հանդիպումներ ունենալ ընտրողների հետ»,- հայտնեց ՀԱԿ-ի անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Իսկ ենթաշտաբներ բացելու դժվարությունը, ինչպես պարզաբանեց Արամ Մանուկյանը, կապված է այն հանգամանքի հետ, որ  նրանց տարածք չեն տրամադրում: Ինչ-որ տարածք հավանում են, հետո խոսում են տիրոջ հետ ու պայմանավորվում այն վարձակալել, բայց հենց հասնում է գործնական քայլերի ժամանակը, տարածքների տերերը հրաժարվում են իրենց տարածքները տրամադրել ՀԱԿ-ին:

Մինչ օրս շտաբներ չի բացել «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինքը: Նրանք սպասում են մինչև նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկը: Դրանից հետո նրանք ևս անպայման շտաբներ կբացեն: «Ըստ օրենքի` նախընտրական քարոզարշավը սկսվում է ապրիլի 8-ից, և մեր շտաբներն էլ կբացվեն այդ օրվանից: Իսկ կուսակցությունների գրասենյակներ բոլոր մարզերում, քաղաքներում ունենք, և դրանք, ըստ երևույթին, կվերածվեն շտաբների: Տարածքների պատասխանատուներն էլ կլինեն հավանաբար շտաբների ղեկավարներ: Ապրիլի 8-ից ամեն ինչ պարզ կլինի. բոլոր ցուցակները, թե որտեղ ով կաշխատի, ով կլինի շտաբի ղեկավարը և այլն: Իսկ առայժմ մենք միայն կենտրոնական, պատասխանատու շտաբի ցուցակն ենք հրապարակել, որի ղեկավարը Խաչատուր Քոքոբելյանն է»,- հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության և Խաչատուր Քոքոբելյանի մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանը:

Ինչպես երևում է մեր զրուցակիցների պատմածներից, բոլոր ուժերի շտաբներում այս պահին ընթանում են «նախապատրաստական» աշխատանքներ: Առաջին հայացքից ամեն ինչ հարթ, խաղաղ ու բնականոն ընթացքի մեջ է: Եվ հարց է առաջանում` իսկ ովքե՞ր են բուն ընտրությունների ժամանակ ընտրախախտումներ, կեղծիքներ կատարում, կաշառք բաժանում և այլն: Մի՞թե այդ մարդիկ մեր հիշած շտաբների կողքով անգամ չեն անցնում:

 

Դիտվել է 977 անգամ:
Print Friendly

Leave a Reply