Գեղարքունիքում գարնանացանը կուշանա

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 5, 2012 10:50

Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության համար առայժմ խոստումնալից չեն  ապրիլի առաջին օրերը, քանի որ ցածրադիր գոտիներում անգամ չի սկսվել ինչպես վարուցանքը, այնպես էլ անասունների արոտի  շրջանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի գյուղաջակցության կենտրոնի տնօրեն Վրեժ Մելքոնյանը, Գեղարքունիքում, սովորաբար, գարնանացանի աշխատանքների մեկնարկը համարվել է մարտի 20-ը, ավարտը՝ մայիսի կեսերը: Գարնանացանը սկսվում է ցածրադիր գոտիներից եւ աստիճանաբար, հողերը ձյան ծածկույթից ազատվելուն պես, տեղափոխվում բարձրադիր գոտիներ: Սակայն այս տարի, դատելով ցածրադիր գոտիներում ու լեռնային հատվածներում դեռեւս պահպանված ձյան շերտից եւ ջերմային ոչ բարձր ռեժիմից, գարնանացանը կմեկնարկի մինչեւ ապրիլի կեսերը:

Միակ հուսադրող բանն այն է, որ մարզի տնտեսությունները 20 հազար հեկտարից ավել աշնանացան ցորենի ցանք են կատարել: Անասունների, հատկապես մանր եղջերավորների արոտի շրջանը եւս մարզում, սովորաբար, համարվել է մարտի երրորդ տասնօրյակը, բայց դեռ ապրիլի 3-ի դրությամբ ոչխարի հոտերը դաշտ դուրս չեն եկել, եւ, ամենայն հավանականությամբ, դրանք արոտի դուրս կբերվեն առնվազն մեկ-երկու շաբաթից:

Անասնակերը թեեւ բավարար է մսուրային շրջանի համար, սակայն մսուրային երկար շրջանը, որ տեւեց մոտ վեց ամիս, անպայմանորեն բացասաբար է անդրադառնում անասունների մթերատվության վրա: Այսօրվա դրությամբ հիմնականում ավարտին է մոտենում ոչխարի ծինը: Մարզային գյուղաջակցության կենտրոնի մասնագետների կողմից կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ոչխարի ծինն ընթացել է հաջող եւ ապահովվել է բարձր գառնատվություն:

Բարեհաջող, առանց անկումների է ընթանում նաեւ խոշորի ծինը: Խոշոր ու մանր անասնապահական տնտեսությունները ձգտում են հարկադիր մորթի չենթարկել անասնագլխաքանակը եւ այն արոտ դուրս բերել առանց կորուստների եւ առողջ վիճակում:

Դիտվել է 749 անգամ:
Print Friendly

Leave a Reply