ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի նամակը կուսակցության անդամներին (հայ-թուրքական հարաբերությունների մասին)

ՔԱՂԱՔԱԿԱՆ | | October 7, 2009 18:52

Հարգելի գործընկեր, այժմ, երբ հայ-թուրքական հարաբերությունների քննարկումը բուռն կերպով ընթանում է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ հայության մեջ, ԱԺՄ-ն պարտավոր է ձեւավորել իր վերաբերմունքը այս հարցի նկատմամբ: Չնայած ԱԺՄ-ն դեռ իր կարծիքը չի հայտնել, բայց ես` որպես քաղաքական գործիչ եւ ՀԽ նախագահ, հստակ ներկայացրել եմ իմ կարծիքը, և, քանի որ ԱԺՄ նախագահն եմ, ապա կամա թե ակամա այն ընկալվում է որպես ԱԺՄ դիրքորոշում: Ուստի պարտավոր եմ կուսակցության անդամներին ներկայացնել իմ որոշման դրդապատճառները:
Մտահոգությունները` կապված այս նոր իրողության հետ եւ առաջարկությունները, որոնց ես լիովին համաձայն եմ, ներկայացված են ՀԽ համապատասխան փաստաթղթում (որը կցվում է), խնդրում եմ ուշադիր կարդալ եւ ներկայացնել ձեր դիտարկումներն ու մտահոգությունները: Բայց կան որոշ հարցեր, որոնք արծարծված չեն այդ փաստաթղթում եւ ես անհրաժեշտ եմ գտնում անդրադառնալ այդ հարցերին:

1.Նախ եւ առաջ, կուզենայի պատասխանել այն հարցին, թե իմ դիրքորոշումը ներքին համոզմու՞նք է, համապատասխանու՞մ է արդյոք մեր կուսակցության գաղափարական սկզբուքններին, թե՞ պայմանավորված է ՀԽ նախագահ լինելու հանգամանքով:
Դա իմ ներքին խոր համոզմունքն է, համապատասխանում է մեր կուսակցության գաղափարախոսական սկզբունքներին եւ այն նոր չի ձեւավորվել:
1988թ. հանրահավաքում իմ առաջին ելույթի ժամանակ ես ներկայացրել էի մի կարեւոր քաղաքական բանաձեւ, որը հետագայում ակտիվորեն քննարկվում էր հասարակության մեջ: Այդ բանաձեւն էր` «Մենք չունենք մշտական թշնամի, մենք չունենք մշտական բարեկամ, մենք ունենք մշտական ազգային շահեր»: Դա ուղղակի առաջարկ էր` վերանայել մեր ավանդական քաղաքականությունը Թուրքիայի հետ, քաղաքականություն, որը բացի վնասից մեզ ոչինչ չի բերել: Հետագայում այդ գաղափարները` կապված նոր քաղաքականության հետ, մասամբ արտահայտվեցին «Գնացքից թռչելու ժամանակն է» հոդվածաշարում եւ մտան «Ղարաբաղ» կոմիտեի, ՀՀՇ-ի գաղափարական սկզբունքների մեջ, նաեւ ժառանգաբար անցան ԱԺՄ:
Այնուհետեւ իշխանության գալով` 1990-91թթ. ես` որպես վարչապետ եւ Լ.Տեր-Պետրոսյանը` որպես ԳԽ նախագահ, փորձում էինք իրականացնել այդ քաղաքականությունը: Բայց 1993թ. Թուրքիան, ցանկանալով կասեցնել մեր ռազմական հաղթանակները Ղարաբաղում, ծնկի բերելու համար Հայաստանը եւ Ղարաբաղը, միակողմանի փակեց սահմանը, որը բերեց ծանր տնտեսական հետեւանքների, բայց մենք դիմացանք:
Այսպես կոչված «Նոր քաղաքականությունը» Թուրքիայի հետ հնարովի բան չէր. առաջինը նոր քաղաքականության անհրաժեշտության մասին բարձրաձայնեց 1918թ. դաշնակցական կառավարության առաջին վարչապետ Քաջազնունին: Հետագայում վտարանդի, արդեն օտար երկրներում դաշնակցության շատ կարկառուն ներկայացուցիչներ վերլուծելով նախորդ ժամանակաշրջանի տխուր եւ ողբերգական դեպքերը` նույնպես փորձում էին ձեւավորել նոր մոտեցումներ: Ես այժմ չեմ ուզում կանգ առնել այդ վերլուծությունների վրա, միայն կարճ ասեմ, որ քննադատվում էր նախկին քաղաքականության այն հիմնական դրույթը, որ մենք, դիմելով հզոր պետություններին եւ փորձելով նրանց ճնշման միջոցով լուծել մեր հարցը, ընկնում ենք ծուղակի մեջ: Հզոր պետությունները մեզ օգտագործում էին որպես ճնշման միջոց Թուրքիայի դեմ` հետապնդելով հիմնականում իրենց շահերը: Որպես այդ քաղաքականության հետեւանք, նախորդ ժամանակաշրջանում մենք չունեցանք ձեռքբերումներ, եղան միայն կորուստներ: Մեր բոլոր հաղթանակները եղել են այն ժամանակ, երբ մենք ինքնուրույն որոշումներ ենք իրագործել` իհարկե նաեւ հաշվի նստելով համաշխարհային իրականության հետ: Նոր քաղաքականություն նշանակում էր գնալ բանակցությունների, երկկողմանի հարաբերությունների Թուրքիայի հետ` հետապնդելու մեր ազգային շահերը, օգտագործելով մյուս պետությունների ճնշումները ոչ թե որպես հիմնական գործիք, այլ որպես լրացուցիչ միջոց:

2.Փաստաթղթերում արտահայտված դրույթը` փոխադարձ ճանաչել ներկա սահմանները, ինչքան էլ գիտակցվի, որ միջազգային իրավունքի տեսակետից դա նորմալ բառակապակցություն է, այնուամենայնիվ, մենք բոլորս հասկանում ենք, որ Հայաստանի ներկա սահմանները մեզ պարտադրված են եղել ռազմական գործողություններով: Այդ սահմանները հետագայում ամրագրվել են տարբեր պայմանագրերով, այդ թվում նաեւ Կարսի պայմանագրով (որը, ըստ մասնագետների կարծիքի, պարզ չէ` գործու՞մ է, թե՞ ոչ), Լոզանի պայմանագրով, Պոտսդամի կոնֆերանսով:
Ցեղասպանության հարցը բարձրացնելիս մենք միշտ հույս ենք ունեցել, որ դեռ ամեն ինչ վերջացած չէ, եւ մի օր մենք նորից կտիրանանք մեր պատմական հողերին: Կան փաստաթղթի մեկնաբանություններ, որ ընդունելով այդ սահմանները` մենք հավերժ զրկում ենք մեզ այդ երազանքից: Ես համաձայն չեմ այդ մեկնաբանությանը: Մենք բոլորս հասկանում ենք, որ ռազմական ուժի միջոցով այդ հողերի հետ վերցնելը տեսանելի ապագայում անհնար է, եւ միակ ռեալ ճանապարհը այն է, որ Թուրքիան, ինչպես եւ մյուս պետությունները, ուշ թե շուտ ճանաչեն Ցեղասպանությունը, մեր կառավարությունների միջեւ փոխհատուցման վերաբերյալ բանակցություններ սկսվեն, որոնց մեջ կարող է լինել նաեւ որոշ տարածքների վերադարձ: Այն իլյուզոր տարբերակը, որ այս տարածաշրջանը մի օր կպայթի ներսից, ռազմական գործողություններ կսկսվեն, չարժի նույնիսկ քննարկել. այդ ժամանակ ոչ մի նախորդ գրված թուղթ ոչ մեզ կպաշտպանի, ոչ էլ Թուրքիային:

3.Բայց այստեղ առաջանում է նուրբ հարց` կապված Սփյուռքի հետ, արդյո՞ք պետական պրագմատիզմը` կապված Թուրքիայի սահմանը բացելու հետ, որը խիստ անհրաժեշտ է Հայաստանի համար, չի առաջացնում շահերի հակասություն Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ եւ հետագայում չի՞ օտարի արդյոք Սփյուռքին Հայաստանից: Պետք է հստակ հասկանալ, որ ներկայացված փաստաթղթերը ստորագրվում են Թուրքիայի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ, եւ ոչ թե աշխարհասփյուռ հայության եւ Թուրքիայի միջեւ, դա նշանակում է, որ Սփյուռքը, ընկալումով վերաբերվելով Հայաստանի դիրքորոշմանը, Հայաստանի անմիջական աջակցությամբ պետք է վարի ինքնուրույն քաղաքականություն Թուրքիայի հետ` որպես մեր ժողովրդի այն հատված, որը ցեղասպանության պատճառով զրկվելով իր հայրենիքից եւ ունեցվածքից, մինչեւ այժմ գտնվում է վտարանդի վիճակում եւ իր իրավունքների պահանջատերն է Թուրքիայի առջեւ, միջազգային հանրության առջեւ: Այս նուրբ քաղաքականությունը պահանջելու է սերտ համագործակցություն Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ: Ներկա հակասությունների արհեստական սրումը կանցնի` Հայաստանի իշխանությունների կողմից ճիշտ քաղաքականություն վարելու եւ Սփյուռքին գրգռող ուժերի հանդարտվելու դեպքում, եւ մենք կմտնենք նոր որակի համագործակցության փուլ:
Համոզված եմ, որ 2010 թվականի ապրիլի 24-ը ողջ հայությունը եւ Հայաստանում, եւ Սփյուռքում կնշի ավելի հոծ շարքերով եւ մեծ թափով, քան նախորդ տարիներին:
Մտահոգությունները` կապված պատմության ենթահանձնաժողովի հետ եւ ճանապարհը բացելու դեպքում առաջացող խնդիրները շատ մանրամասն ներկայացված են ՀԽ փաստաթղթում, ուստի դրան չեմ անդրադառնա:

4.Կարեւորագույն հարցը մեր ժողվորդի համար Ղարաբաղի հարցն է: Ղարաբաղը հայերով բնակեցված այն միակ պատմական տարածքն է, որը ժողովուրդը իր արյամբ ազատագրել եւ պահել է: Մեր կարծիքով, նախաստորագրված արձանագրություններում չկա որեւէ կետ, որը վտանգի այդ հարցի լուծմանը` հօգուտ մեզ: Փաստաթղթում տեղ գտած արտահայությունները տարածքային ամոբղջականության եւ այլնի մասին ստանդարտ դիվանագիտական նախադասություններ են, որոնք ցանկացածը կարող է հօգուտ իրեն մեկնաբանել: Այդ հարցի կապակցությամբ ես նաեւ երկարատեւ զրույցներ եմ ունեցել մի շարք մարդկանց հետ, որոնք անկեղծորեն նվիրված են Ղարաբաղի հարցի լուծմանը, անցյալում կամ ներկայումս ղեկավարել կամ ղեկավարում են Ղարաբաղը եւ Ղարաբաղի ռազմական ուժերը. բոլորը կիսում են այդ կարծիքը: Դա չի նշանակում, որ Թուրքիան նույն ուժգնությամբ չի հետապնդելու Ղարաբաղի հարցը, բայց դա չի նշանակում նաեւ, որ Հայաստանը կամ Ղարաբաղը փոխելու են իրենց դիրքորոշումները այդ հարցում:

5.Մի մտահոգություն էլ կա, որի մասին ուզում եմ կիսվել Ձեզ հետ. դա այն է, որ Թուրքիան նույնիսկ վավերացնելով այս փաստաթղթերը եւ մաքուր երեւալով միջազգային հանրության առջեւ, այնուամենայնիվ, արհեստականորեն կարող է ձգձգել սահմանների եւ ճանապարհների բացումը: Մեր կարծիքով, այդ դեպքում Հայաստանը, տեսնելով ձգձգումների արհեստականությունը կամ նոր պայմանների առաջարկումը, որոշակի ժամանակ անց պետք է դենոնսացիայի ենթարկի (ստորագրությունը հետ վերցնի, չեղյալ հայտարարի) այս համաձայնագիրը: Եվ դա անի համոզիչ ու փաստարկված, ցույց տալով համաշխարհային հանրությանը, որ իր ցուցաբերած, 21-րդ դարին համահունչ բարի կամքը նորից ոտնահարվել է հենց Թուրքայի կողմից:

Հարգանքներով ` ԱԺՄ նախագահ` Վազգեն Մանուկյան

Դիտվել է 1059 անգամ:
Print Friendly

Leave a Reply