Մեծ Բրիտանիայի քաղաքացին նամակով դիմել է հայ իրավապահներին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 5, 2012 9:52

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունում Մեծ Բրիտանիայի քաղաքացու դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար:

Գլխավոր դատախազության հաղորդմամբ, Մեծ Բրիտանիայի քաղաքացի Մ. Վ. Լիունը, դիմելով ՀՀ ոստիկանությանը, հայտնել է, որ 2011թ. սկզբին «Match.com» ծանոթությունների կայքի միջոցով ծանոթացել է ոմն Նաիրա Գյուլիջանյանի հետ: Վերջինս, չարաշահելով Մ. Վ. Լիունի վստահությունը «Moneygram» դրամական համակարգի միջոցով հափշտակել է 1760 եվրո գումար:
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է ոչ միայն տվյալ հափշակության մեխանիզմը, այլ նաեւ այն, որ այն իրականացրել է հանցավոր խումբ և որ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Մ. Վ. Լիունը նրանց միակ «զոհը» չէ:

Մասնավորապես` ըստ նախապատրաստված նյութերի` Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի բնակիչ Գ. Ավետիսյանը 2009թ. ամռանը նախնական համաձայնության է եկել ՌԴ Յոշկար Օլա քաղաքում բնակվող իր ազգականներ, ՌԴ քաղաքացիներ, եղբայրներ Վարդան և Վահրամն Պողոսյանների հետ` արտասահմանում բնակվող անծանոթ անձանց պարբերաբար փոխանցումներով կասկածելի ծագման գումարների ստացման, հանցավոր ճանապարհով ստացված միջոցների իրական բնույթն ու ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու, մասնավորապես` դրանք մասամբ կոնվերտացնելու, ապա գումարի որոշակի մասը կնոջ և այլ անձանց անվամբ հանցակիցներին փոխանցելու, այսինքն` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու վերաբերյալ:

Ըստ աղբյուրի, Գ. Ավետիսյանը կնոջ` Ն. Գյուլիջանյանի անվամբ վերոհիշյալ դրամական միջոցներն ստանալու համար Վարդան Պողոսյանին է տվել նրա կենսորոշիչ տվյալները` կանխիկացված գումարի 10%-ը որպես մասնաբաժին ստանալու պայմանով:
Պողոսյան եղբայրների հանցակիցները Ն. Գյուլիջանյանի անվան տակ «Match.com» ծանոթությունների կայքի միջոցով ծանոթացել են Մեծ Բրիտանիայի քաղաքացի Մ. Վ. Լիունի հետ և սիրային նամակագրական կապ հաստատել վերջինիս հետ: Արդյունքում` Մ. Վ. Լիունը ամուսնանալու նպատակով Մեծ Բրիտանիա այցելելու պատրվակով «Moneygram» դրամական համակարգի միջոցով Ն. Գյուլիջանյանին է փոխանցել 1760 եվրո գումար, որը հափշտակվել և վերը նկարագրված եղանակով օրինականացվել է:
Բացի այդ, պարզվել է նաև, որ Պողոսյան եղբայրների և նրանց հանցակիցների կատարած գործողությունների հետևանքով տուժել են ևս 11 անձինք` եվրոպական 3 երկրներից:

Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների 2010թ. մայիսի 5-ից մինչև 2011թ. օգոստոսի 29-ն ընկած ժամանակահատվածում Ն. Գյուլիջանյանի անվամբ «Moneygram» դրամական համակարգի միջոցով 37 դեպքով Հայաստանի մի շարք բանկեր են փոխանցվել ընդհանուր առմամբ 9 657 եվրո և 14 490 ԱՄՆ դոլար գումար:

Հիշյալ նախնական համաձայնության շրջանակներում ստացված գումարը կանխիկացնելուց հետո 10%-ը տնօրինվել է Գ. Ավետիսյանի կողմից, 7 212 ԱՄՆ դոլարը 14.05.2010թ. մինչև 2010թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում` 8 դեպքով: «Զոլոտայա կորոնա» և «Կոնտակտ» արագ դրամական փոխանցման համակարգերի միջոցով Ն. Գյուլիջանյանի անունից փոխանցվել է Վահրամ Պողոսյանին, իսկ տարբերություն կազմող մյուս գումարը` մինչև 2011թ. աշունն ընկած ժամանակահատվածը, մասամբ փոխարկվելով նաև ռուսական ռուբլու, նույն եղանակով Պողոսյան եղբայրներին է փոխանցվել Գ. Ավետիսյանի և վերջինիս մոր` Հ. Ավետիսյանի անունից, որի արդյունքում օրինականացվել է առանձնապես խոշոր չափերի գումար:
Նախապատրաստված նյութերով ՀՀ գլխավոր դատախազության՝ ԱԱԾ մարմիններում քննվող քրեական գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերի գումար օրինականացնելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ նշված քրեական գործն ուղարկվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչություն` նախաքննություն կատարելու համար:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Panorama.am

Դիտվել է 849 անգամ:
Print Friendly

Leave a Reply