Վերվարածների աստղը. Ինչպե՞ս է Սերգեյ Դանիելյանը կերպարանափոխվում 93-ամյա մեծ մամեի

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | June 12, 2009 12:47

yozh«Մամի ջան, հե՞րես ասաբի էլնում (նյարդայնանում)»,- մեծ մամեն կոպալը հմուտ աճպարարի պես պտտում է օդում ու հարվածում կողքիններին: «Օսսս»,- եզրափակում է կարատեի հայտնի շարժումով: Եթե նկարահանման տաղավարում ծիծաղ է ու իրարանցում, ուրեմն` Սերգեյ Դանիելյանն է ներսում: Հենց հագնում է մեծ մամեի կարմիր կիսաշրջազգեստն ու փումփուլիկավոր հողաթափերը, արդեն կերպարի մեջ է, կարևոր չի` նկարահանումը սկսված է, թե ոչ: Ու 45-ամյա Սերգեյը վերածվում է 93-ամյա մեծ մամեի` Մաթիլդայի, ում ամեն ժեստն ու խոսքը, չարաճճիություններն ու դավերը ծիծաղի ալիք են բարձրացնում նկարահանման սրահում, ապա ալիքը գնում ու տարածվում է հարյուր հազարավոր հեռուստադիտողների բնակարաններում:
Խանութում մի կին Սերգեյին ասել է. «Վա յ, դու էսքան ջահել ե՞ս», իսկ նա պատասխանել է. «Ու դեռ ավելին` տղամարդ եմ»:
Մեծ մամեի «կյանքը» սկսվում է դեռ չհանդերձավորված. ամեն առավոտ Սերգեյ Դանիելյանը, ով շրջապատում հայտնի է Յոժ մականունով, արթնանում, սուրճ է խմում ու նստելով սև ջիպը` բարձր միացնում է իր սիրած սոուլ երաժշտությունն ու սլանում Պտղնի գյուղ` «Վերվարածների» նկարահանման: Մեծ առանձնատուն է` ընդարձակ բակով, երկնագույն ջրավազանով ու մի հսկա եղևնիով, որից անընդհատ կոներ են ցած թափվում:
Հենց այս տանն է «Շանթ» հեռուստաալիքի` երբեմնի զվարճալի մանրապատումներից կենցաղային, կատակերգական սերիալի վերաճած vervaracner5«Վերվարածները» կյանք ստանում: Օպերատորները լույս են դնում, ռեժիսորը սցենարն է նայում, իսկ դիմահարդարը սկսում է Սերգեյին շպարել, ու աչքիդ առաջ նստած տղամարդը թառամում է, կնճռոտվում ու սեռափոխվում:
Դիմահարդարումը հեռուստադիտողի համար է, ինքը` Սերգեյը, պառավ կնոջ կերպարի մեջ մտնելու համար նման բաների կամ ինչ-որ հատուկ ատրիբուտի կարիք չունի: Իր գրած պիեսի հիման վրա բեմադրված «Սերոժիկ» ներկայացման մեջ նա` առանց արտաքինը փոխելու, նույն տղամարդու հագուստով ու անշպար, վայրկենապես կերպարանափոխվում ու փոխնիփոխ խաղում է մի քանի սերնդի կանանց ու տղամարդկանց դերեր` հոր ու մոր, զույգ տատիկ-պապիկների, հորաքրոջ ու դեռ նախապապի էլ: «Քանի որ մեծ փորձ ունեմ կանանց դերեր խաղալու, հենց դերն առաջարկեցին, հաճույքով համաձայնեցի: «Սերոժիկ» ներկայացման մեջ իմ տատիկները չեն կրկնվում, ամեն մեկը յուրահատուկ է` իր քայլվածքով, բերանի շարժումներով, բնավորությամբ: Ես տատիկների մեծացրած թոռ եմ, ծնողներս երկար ժամանակ արտասահմանում են աշխատել»,- պատմում է Սերգեյը:
«Սերոժիկ»-ում տատերից մեկին` ժողովրդական բառուբանով, սեռանդամների պատկերավոր հիշատակումներով համեմված գյումրվա բարբառախոսին կտրուկ հակադրվում է երևանցի ինտելիգենտ, ռուսախոս տատը:
Հեռուստաէկրանին մեծ մամեի մարմնավորման համար Սերգեյն, իհարկե, օգտագործում է թե՛ իր գյումրեցի ու երևանցի տատերի մասին հիշողությունները, թե՛ նրանցից կերտած թատերական կերպարների որոշ երանգներ:
vervaracner4Լմլմացող բերանով, լեզուն աջուձախ պտտող ու շրթունքները լպստող ռեալիստական մեծ մամեն հիշեցնում է Վարդանուշ տատին, որ «Սերոժիկ»-ում ասում է. «Է՜, լիզուս չորցել է, ինչխ օր շները քաքեն բերանս»: Բայց մեկնարկի պատրաստվող ու, ասես, մոտոռը միացնելով` մանրատոտիկ վազող մեծ մամեն արդեն գրոտեսկային է` մուլտֆիլմի հերոսի «անիմացիոն» շարժումներով, որ նաև իր մարտական պահվածքով ու ագրեսիվությամբ տեղ-տեղ հիշեցնում է «Չեբուրաշկա»-ի Շապոկլյակին:
Ավանդական հայ մամիների սրամիտ մի պարոդիա հայտնվեց դեռ վաղուց` «Վայ, թաղեմ Գորբաչովին» ռեփ երգող ղարաբաղցի տատիկների տեսահոլովակում, որոնցից մեկին հետագայում Մարկ Սաղաթելյանը «հարություն» տվեց` որպես հաղորդավարի: Սակայն նրանք հարազատ սովետական մշակույթի ծնունդ էին ու հասկանալի ռուսերենով համեմված ղարաբաղյան բարբառով էին խոսում, մինչդեռ մեծ մամեն սփյուռքահայ է, եւ նրա` իրանահայի խոսվածքում տեղ են գտնում հայաստանցուն անհասկանալի պարսկերեն, երբեմն էլ` անգլերեն արտահայտություններ: Տարազների փոխարեն էլ մեծ մամեն գերադասում է «թիթիզ», մոդայիկ հագուստ:
Հայ տատի բարի, զուսպ ու ծանրակշիռ կերպարի, նահապետական Մեծ տիկնոջ փոխարեն մեծ մամեն մարմնավորում է կամակոր ու քմահաճ, սրամիտ ու չարաճճի, խորամանկ ու իր ջանի ղադրն իմացող մի կենսունակ պառավի, որ իր իշխանությունն է հաստատում` ողջ «օջախը» շանտաժի ենթարկելով: Ու հենց այդ «անկեղծության» շնորհիվ նա դառնում է հեռուստադիտողների «օջախների» լիարժեք անդամ` չնայած որ լեզվական ու մշակութային առումով այնքան հարազատ ու հասկանալի չէ հայաստանցուն, ինչքան ռուսախոս «բաբուլյաները», և, օրինակ, Արբիին ամուսնացնելու իր համառ ջանքերը բացատրում է ոչ թե օջախ կազմելու, այլ թոռանը «հորմոնալ դիսբալանսից» փրկելու անհրաժեշտությամբ:
vervaracner3Սերիալում մեծ մամեն իր իշխանությունը հաստատում է` Ճպլի վրա խանչալ հանելով փեշերի տակից, հարազատներին կեղծ հացադուլով շանտաժ անելով, «Գարսևանի» ռուսաստանյան սիրային արկածները «հետաքննելով», Անթառամի ճաշերը հեգնելով, Արբիի ու Սաթենիկի անմեղ կապը դետեկտիվի հմտությամբ բացահայտելով: Նրա այդ իշխանությունը տարածվում է նաեւ հեռուստադիտողի վրա, ով հիանում է 93-ամյա էքսցենտրիկ ու էկզոտիկ պառավի կենսասիրությամբ, պճնամոլությամբ, կոլորիտով ու չարաճճիությամբ: Բայց Սերգեյը կարծում է, թե հեռուստադիտողին մեծ մամեն միայն էկրանից ու ապահով դիստանցիայով է հմայում, եւ ոչ ոք չէր ուզենա տանը նման պառավ ունենալ:
Սերգեյը կարծում է, որ կինն ավելի մեծ դեր է խաղում սերնդի մտածելակերպի ձևավորման մեջ, քան տղամարդը, չէ՞ որ կինն է երեխա դաստիարակում: Առհասարակ, կանանց Սերգեյը շատ է սիրում, եւ չնայած ինքն էլ նույնքան չարաճճի է, որքան մեծ մամեն, ու անընդհատ բաց կատակներ է անում, բայց. «Դոն Ժուան չեմ եղել, ափսոսում եմ, բայց էդպես է: Կնոջ մեջ առաջինը սեքսուալությունն է ինձ գրավում: Լինում է, որ հետագայում պարզում եմ` չարաչար սխալվել էի սեքսուալության հարցում կամ ուղղակի համապատասխան չէինք: Իմ մեծ մամեն էլ երիտասարդ ժամանակ հաստատ սեքսուալ կին ա եղել»:
Սեքսուալ մեծ մամեի համար, իհարկե, Մայր Հայաստանը «բնորդ» չէր կարող լինել: Գուցե մայրիշխանության ազգայնական ընկալման` մայրհայաստանյան պաթոսից խորշանքն է պատճառ դառնում, որ Սերգեյն ասի. «Արվեստի առաջին գրավականն անկեղծությունն է, ինձ համար ավելի ընդունելի է գռեհիկ նատուրալիզմը, քան վերամբարձ քաղքենությունը»:
vervaracner2Պտղնիի առանձնատանը նկարահանումից առաջ ռեժիսորը դերասաններին ցույց է տալիս միզանսցենը` ով որ կողմ գնա, նստած, թե կանգնած խոսի, որ դիրքում քնի եւ այլն: Դերասաններն իմիջիայլոց կրկնում են ցույց տվածը, բայց երբ ռեժիսորի օգնականը բարձր գոռում է` «լռություն», ու սկսվում է նկարահանումը, այդ «իմիջիայլոցի» հետքն էլ չի մնում: Մեծ մամեն այնպես է առույգանում` խորամանկ կապույտ աչքերն արագ-արագ աջ ու ձախ են պտտվում, կոպալը թեւի տակ, մանր քայլքով վազում է, խոսքի մեջ էլ երբեմն այնպիսի իմպրովիզացիա է անում, որ կոլեգաների փռթկոցի պատճառով դուբլը ստիպված կրկնում են:
«Վերվարածների» սկզբնական սերիաներում Սերգեյը խաղում էր կոմպոզիտոր Միսակի դերը: Ժամանակակից արվեստագետի գրոտեսկային ծաղրանկարը, սակայն, նույնքան չարչրկված է, որքան վեհացրած ու ողբերգական, միայն ժողովրդի ցավից տառապող սրբապատկերային մարմնավորումները: Եվ հետագայում սցենարիստի ներմուծած նոր կերպարով «տատիկների մեծացրած թոռան» մեծ մամեն դարձավ սերիալի աստղը:
Մեծ մամեի բացառիկ հաջողությունը հիշեցնել է տալիս Սերգեյի առաջին «դերը»: Փոքր ժամանակ, երբ նույնիսկ դեռ խոսել չգիտեր, սկսել էր կաղալով քայլել: Անհանգստացած մայրը երեխային բժշկի էր տարել: Մասնագետը երկար զննելուց հետո ոչ մի արատ չէր գտել, հետո հարցրել էր` կարո՞ղ ա տանը կաղ մարդ կա: Մայրը պատասխանել էր` այո, տատիկը: Բժիշկը եզրակացրել էր, որ երեխան ուղղակի կրկնօրինակում է տատիկի քայլվածքը, տնազն է անում: Փաստորեն, բժիշկն այդ պահին ախտորոշել է Յոժի «հիվանդությունը»` դերասան:
Յոժն այնքան է աշխատում, որ մեծ մամեն պարսկահայի խոսվածքը ճշգրտորեն արտաբերի, որ ոչ մի պարսկահայ չի կարող կռահել, թե Մաթիլդայի տակ թաքնված է Երևանի Այգեձորում մեծացած ու Չեխովի ռուսական դպրոցն ավարտած տղա: Նրա տեքստը նախ թարգմանվում է «պարսկահայերեն», հետո Յոժն իր պարսկահայ ընկերների հետ ճշգրտում է պարսկերեն բառերը, առոգանությունը, շեշտադրումներն ու հնչերանգը. օգնում է նաեւ իր հրաշալի երաժշտական լսողությունը (փողային գործիքներ է նվագում): Իսկ երբ մի անգամ ստիպված է եղել «Թաքնված տաղանդից» վազել «Վերվարածներ» ու խորհրդատու ընկերներին չի գտել, «կոլեգա», ժյուրիի անդամ Վիոլետ Գրիգորյանն է նրան սովորեցրել պարսկերեն որոշ անեծքներ` մոռդեշուր ուն ռիխթեթո բեբարե (մեռել լողացնողը տեսքդ տանի), որոնց իմաստը թեև հայաստանցի հեռուստադիտողը չի հասկանում, բայց ծիծաղից փլվում է նույնքան, ինչքան պարսկահայ դիտողը:
Տոն օրերին, երբ մեծ մամեն սկսում է պճնվել, ինչն ավելի բնորոշ է սփյուռքահայ ծեր կանանց, քան հայաստանցիներին, Սերգեյն ու ռեժիսորը մեծ խանդավառությամբ ընտրում են խոշոր ականջօղեր ու տարբեր զարդեր, ապա հիանում մեծ մամեի նոր տեսքով: Կեղծամն ու գլխաշորն ահավոր շոգացնում են Յոժին, ընդմիջումներին արագ հանում է դրանք, կարմիր կիսաշրջազգեստը բարձրացնում, դարձնում է «մինի» յուբկա` զովանալու համար, ու ստեղծվում է կադրից դուրս մեծ մամեի մի այլ, հեռուստադիտողին անծանոթ, բայց շատ ծիծաղաշարժ կերպարանք, որի պատճառած ուրախությունը վայելում է միայն սերիալի նկարահանող խումբը, որ ասես թատրոնի հանդիսատեսի կենդանի արձագանքն է ապահովում դերասանի համար:
Մեծ մամեի վայելած ընդարձակ առանձնատնից հետո Սերգեյը վերադառնում է իր մի սենյականոց 30քմ խրուշչովկան, որից անհնարինն է ստացել` երկու սենյակ, ու այնպես կահավորել անտիկվար կահույքով, փայտե մանրաքանդակ շրջանակով հայելիներով, հնդկական ոճի վարագույրներով, երկաթե ծանր շղթաներով փակվող փայտե դռներով, որ նեղվածքի զգացողություն չես ունենում:
vervaracnerՄաքրասեր «խալաստյակի» բնակարան, ուր զանգում են ընկերները` ճաշի բաղադրատոմս իմանալու: Այս սեզոնի ամենաարագ ու ամենահամեղ ուտելիքը տապակած նոր կարտոֆիլն է. Սերգեյը խորհուրդ է տալիս չկճպել դրանք, իսկ տապակելուց առաջ աղը լցնել ձեթի մեջ: Գազօջախին ֆոլգա է փռել. «Երբ կեղտոտվի, կհանեմ, դեն կգցեմ, էլ չեմ մաքրի: Ես համեղ եմ պատրաստում, ընկերներս են հաճախ ճաշում իմ տանը, տղաս, ընկերուհիս, նրանք են գովում»: Ընկերուհու ներկայությունը հուշում է հայելու վրա կապույտ մատիտով թողած գրառումը` «ամենատաղանդավորին պաչիկ»:
28Եթե փողոցում Սերգեյին ավելի հաճախ ճանաչում են որպես «Թաքնված տաղանդ»-ի ժյուրիի անդամ ու «Վերվարածների» մեծ մամե, ապա թատերասերները գիտեն նրա աղմկահարույց ներկայացումների դերակատարումները` «Լոռեցի Սաքոն», «Ազատաբարո», «Իոցարտ» եւ այլն: Իսկ գրական շրջանակներում նրան որպես գրողի ճանաչեցին, երբ «Սերոժիկ» պիեսը տպագրվեց «Ինքագիր» գրական հանդեսի 5-րդ համարում:
Հանրահայտ լինելուց արդեն տհաճություն է զգում, երբ իրեն մատնացույց են անում փողոցում. ավելի անտանելի է, երբ հետն «ապե»-ով ու «դու»-ով են խոսում` ասես հարյուր տարվա ծանոթներ: Դրա համար էլ գերադասում է իր մուգ ապակիներով ջիպից իջնել միայն ուշ երեկոյան` ծանոթ խանութից գնումներ անելու:
Եթե քաղաքապետ ընտրվեր, ի՞նչ կաներ Երեւանի համար: Ոչ մի կերպ չի «համաձայնվում» այդ պաշտոնին, բայց համոզված է, որ կրթությանն ու բժշկությանը մեծ ուշադրություն է պետք դարձնել:
Ամենաշատը կուզենար, որ հայերեն թարգմանվեր արտասահմանյան գրականություն. «Արևմտյան կուլտուրային մերձենում ենք միայն սնիկերսով ու կոկա-կոլայով: Դերասանի, ռեժիսորի համար էսօր պիեսի ընտրության հնարավորություն չկա: Վերջերս ընկերոջս տանը գրադարակներում շարան-շարան 150 դրամատուրգիայի գիրք տեսա` պարսկերեն թարգմանված: Ինչի՞ պիտի պարսկերեն թարգմանվի, իսկ հայերեն` ոչ: Ես թքած ունեմ, թե որերորդ դարում որ դպիրն ինչ երկ ա ոսկեղենիկ հայերենով թարգմանել, եթե էսօր չի թարգմանվում. ես ուզում եմ էսօրվա օրով ապրենք»: Գուցե ժամանակակից հայ դրամատուրգիայի պակա՞սն է նրան ստիպել գրիչ վերցնել ու պիես գրել, որ հնարավորություն ունենա իր ուզած դերերը խաղալու: Համենայն դեպս, առաջին փորձը` «Սերոժիկ»-ը, այնքան հաջողություն է ունեցել, որ նա գրել է երկրորդը` «Շարքային Դանիելյանը», որ ավելի շատ երկար պատմվածքի է նման, ուր բանակային հուշերի սարկաստիկ շարադրանքը, սովետական սպաների ու բազմազգ զորակոչիկների երկխոսությունները` համեմված բանակային հայհոյախառն ռուսերենի ժարգոնով, հրաշալի առիթ են տալիս դրա ընթերցումն «Ակումբ» սրճարանում վերածել ներկայացման, որի ընթացքում հաճախ ստիպված դադարներ է տալիս, մինչև ընդհատվեն հանդիսատեսների աղմկոտ քրքիջները:
Քրքիջներից ու լիաթոք ծիծաղից, որոշ արվեստագետների բանավոր հիացմունքից բացի, սակայն, այլ արձագանքներ չի ստանում, որոնք կարող էին օգտակար լինել իր աշխատանքին. «Ես շատ լավ կվերաբերվեմ և՛ քննադատությանը, և՛ գովեստին, բայց մինչև հիմա ոչ մի նորմալ կարծիք իմ ներկայացումների մասին չեմ հանդիպել, մեկ-մեկ գովում են թերթերում, կարդում ես` ոնց-որ տատը գոված լինի սիրելի թոռանը»,- ասում է Յոժը:
116«Սերոժիկ»-ը, որ լիքը դահլիճներով ներկայացվում էր Կամերային երաժշտական թատրոնում, էլ չի ցուցադրվում։ Սերգեյը դժգոհել է թատրոնի տնօրինության կոմերցիոն քաղաքականությունից ու հրաժարվել խաղալուց. «Ավտոբուսով ինչ-որ գյուղերից մարդիկ էին բերում ներկայացմանս, բայց ես փողի հետևից երբեք չեմ ընկել, ես իմ հանդիսատեսի համար եմ աշխատում, ես դահլիճ լցնելու, զոռով բերված հանդիսատեսի կարիք չունեմ: Թատրոնն իմ կայֆն ա, ես հաճույք պիտի ստանամ ներկայացմանը, ոչ թե անհաղորդ պուբլիկայի առաջ խաղամ-տանջվեմ»: Իսկ «բերված» հանդիսատեսը շարունակ սպասել ու հռհռոցով արձագանքել է միայն հերթական «պուպուլիկ» բառին:
Մեծ մամեն այդ բառը չի ասում, բայց երբեմն մատների քնքշալի ժեստով դիմում է իր թոռների ու ծոռների` հասուն տղամարդկանց համապատասխան մասերին` «ուտեմ, ուտեմ»:
Հեռուստաեթերի ցենզուրայի կոչերն առայժմ չեն դիպել մեծ մամեին` չնայած հաճախ հնչող նախատինքներին, թե սփյուռքահայերի կերպարները սերիալներում ծաղրանկարային են, կարծես ծաղրանկարի ժանրը թույլատրելի է միայն լոռեցու, լենինականցու, ապարանցու կամ ղարաբաղցու կերպարների համար: Բայց քանի դեռ «զտումների» ու սրբագրումների սովոր մկրատը չի խրթացնում, կարող ենք վայելել հայ ամենասեքսի տատիկի` պարսկահայի արկածները Հայաստանում:
Մի քանի օր առաջ մահացավ «Տիտանիկ»-ի մեծ մամեն` խորտակված նավից փրկված երեխան, որ արդեն 97 տարեկան էր ու «Վերվարածների» մեծ մամեի նման հսկայական ականջօղեր էր կախում ու պճնվում: Հուսանք, որ սցենարիստը նաև «մահվան» մկրատը չի մոտեցնի մեծ մամեին, ու նա դեռ երկար տոտիկ-տոտիկ կվազվզի «Շանթի» ալիքին լողացող այս ընտանեկան տապանում:

Արփի Մաղաքյան
Վիոլետ Գրիգորյան
FOTO` Իննա Մխիթարյանի

Դիտվել է 4454 անգամ:
Print Friendly

Leave a Reply