Ռուբեն Թովմասյան. «Այդ բուկետից տհաճ հոտ է գալիս»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 5, 2012 8:35

Հայաստանի կոմկուսի 1-ին քարտուղար Ռուբեն Թովմասյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով քաղաքական չորս ուժերի՝ «Ժառանգության», ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի համատեղ ստորագրած հայտարարությանը, որով այդ կուսակցություններն ազդարարեցին առաջիկա խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբ ձեւավորելու մասին, ասաց, թե, իր ձեւակերպմամբ՝ «այն գզվռտոցը», որ տեսել է հեռուստատեսությամբ՝ իր համար այդպես էլ պարզ չի դարձել՝ հայտարարությունն, ի վերջո, ստորագրվե՞լ է, թե՞ ոչ: Ապա նաեւ հավելեց. «Ի՞նչ է՝ ընտրյալնե՞րն էին հրավիրվել: Թող ինձ էլ հրավիրեին՝ մասնակցեի քննարկմանը: Այդ բուկետից շատ տհաճ հոտ է գալիս»:

Մեր ճշտող հարցին, թե դա նշանակո՞ւմ է, որ ՀԿԿ-ն մտադիր չէ միանալ այս հայտարարությանն ու միասնական ընտրական շտաբին, Կոմկուսի առաջնորդն ասաց. «Ես դեռ չգիտեմ, թե այդ հայտարարության մեջ ինչ է գրված: Ես միայն տեսա, որ իրենք էլ իրար հետ համաձայն չէին՝ մեկ այս, մեկ մյուս այն նախադասության հետ»:

Իսկ միասնական ընտրական շտաբ ստեղծելու գաղափարին Ռուբեն Թովմասյանը, պարզվեց՝ համաձայն է. «Գաղափարն ինքը վատը չի, բայց դա այդ չորս ուժերի սահմանափակմամբ չպետք է արվեր: Այսինքն, ասում են՝ մենք ենք, որ կանք, իսկ մյուսներին կարող ենք չհրավիրե՞լ, հայտարարությունը կուղարկենք՝ կստորագրեն, էլի, ոնց կարող է չստորագրեն: Այդ բնույթի միջոցառումն այնպես պետք է կազմակերպվեր, որ բոլորս ներկա լինեինք, մասնակցենինք քննարկմանը: Վաղը եթե ես մի նախադասության հետ համաձայն չլինեմ՝ արդեն ստորագրված փաստաթղթի վերաբերյալ ի՞նչ վերաբերմունք պիտի ցուցաբերեմ: Սա հասարակ բան է: Բայց ինչո՞ւ հիմա ես դրան պիտի միանամ, իրենց կցորդն եմ, ինչ եմ…Կրկնում եմ՝ այդ բուկետից տհաճ հոտ է գալիս»:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբ ձեւավորելու մասին քաղաքական չորս ուժերի համատեղ հայտարարությունը ստորագրվել է այսօր՝ Քաղաքագետների միությունում տեղի ունեցած քննարկումների արդյունքում: Հայտարարությունը բաց է համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի համար: Այդ ուժերից մեկն էլ Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

aravot.am

Դիտվել է 1057 անգամ:
Print Friendly

Leave a Reply