ՀՀ վարչապետ. վերլուծություններում գաղտնի տեղեկություններ կան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 7, 2009 19:05

«Մենք կարծում ենք, որ մեր ընտրած ռազմավարությունը ճիշտ է, որ մենք հաղթանակած ենք դուրս գալու այս գործընթացից, և այդ մենք ենք նախապայմաններ թելադրում թուրքական կողմին»,- ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ:

«Իսկ ինչու՞ կառավարությունը որևէ վերլուծություն կամ եզրակացություններ չի ներկայացնում, թե ինչ ռիսկեր է պարունակում սահմանի բացումը, և ինչու չի հաշվի առնում այն մտահոգությունները, որ հայտնում է ընդիմադիր դաշտը»,- հարցրեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:

Վարչապետն  ի պատասխան ասաց, որ ՀՀ բոլոր նախարարություններն իրենց ոլորտին համապատասխան վերլուծություն են արել և անում են. «Պետք է հասկանալ մի բան, որ դրանք (վերլուծությունները) գաղտնի տեղեկություններ են պարունակում, քանի որ առնչվում են ՀՀ ազգային անվտանգությանը»,-նշեց վարչապետը՝ ավելացնելով, որ «բացի դրանից մենք օգտագործել ենք ՀՅԴ բյուրոյի կատարած վերլուծությունը և գտել ենք, որ այն շատ արժեքավոր տեղեկություններ է պարունակում,- հավելեց վարչապետը,- իսկ համապատասխան եզրակացություններին բոլոր պատգամավորները հնարավորություն կունենան ծանոթանալու»:

ԱԺ Դաշնակցություն խմբակցության նախագահ Վահան Հովհաննիսյանն ասաց, որ չի կիսում իշխանական այն տեսակետը, թե նախապայմաններ չկան. «իհարկե,  դրանք կան, և եթե իշխանությունը կարծում է, որ այս գործընթացը սկիզբ է դնում Թուրքիայի հետ երկխոսությանը, ապա ես կարծում եմ, որ սա վերջ կդնի Թուրքիայի հետ հնարավոր երկխոսությանը, որովհետև համաձայանագրի ստորագրումից հետո Թուրքիան կստանա այն, ինչ ուզում է»:

Անդրադառնալով Պատմական հանձնաժողովի ստեղծմանը՝ Հովհաննիսյանն ասաց. «Ես վստահ եմ, որ քննվելու են Ցեղասպանությանը վերաբերող հարցեր, և թուրքերը առաջ են տանելու այն գաղափարը, ինչի մասին Գյուլը երեկ հայտարարեց Փարիզում, որ Ցեղասպանություն չի եղել, այլ եղել է ողբերգական դեպքեր, որոնց ընթացքում տեղի են ունեցել երկկողմանի զոհեր»:

ՀՅԴ ներկայացուցիչը շեշտեց, որ իշխանությունն ու ընդիմությունը, միևնույն է, մեկ կողմ են,  և լավ կլիներ՝ կառավարությունը կիսեր իրենց մտահոգությունները:

«Ես հատուկ ուզում եմ հանրության ուշադրությունը հրավիրել այն հարցի շուրջ,- պատասխանեց վարչապետ Սարգսյանը,- թե ինչու՞ ենք մենք այդքան ուշադրություն  դարձնում ադրբեջանական և թուրքական կողմից հնչող հայտարարություններին և ինչու ենք հիմք ընդունում դրանք, փոխանակ հիմք ընդունենք մեր նախագահի հայտարարությունը, մանավանդ որ շատ հաճախ նրանց կողմից հնչած հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»:

Դիտվել է 1353 անգամ:
Print Friendly

Leave a Reply