15-ամյա աղջկա ինքնասպանությունը կանխվել է. նրա նկատմամբ բռնաբարության փորձ է եղել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 4, 2012 20:53

Ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները երեկ` ապրիլի 3-ին, կանխել են մի աղջկա ինքնասպանության փորձը Կիեւյան կամրջից: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Իսկ «Զատիկ» խնամքի կենտրոնի տնօրեն Աշոտ Մնացականը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ երեկ երեկոյան 15-ամյա Ա. Ս.-ն առանց որեւէ պատճառի պատուհանով փախել է կենտրոնից եւ գնացել Կիեւյան կամրջի մոտ` ինքնասպանություն գործելու նպատակով:

Նրան «Զատիկ» են բերել մոտ 15 օր առաջ եւ խնդրել ժամանակավոր կացարան տալ, նրա հետ աշխատել: Ըստ բժշկական փաստաթղթերի` աղջիկն ունի լուրջ հոգեկան խնդիրներ, որոշ ժամանակ պառկել է հոգեբուժարանում: Նա Սեւանի գյուղերից մեկի բնակիչ է, ունի հայր, մայր, քույր եւ միշտ ասում էր, որ «չեմ ուզում գյուղում ապրել, ուզում եմ քաղաքում ապրել» եւ այդ հիմնավորմամբ էլ փախել է տնից ու եկել քաղաք:

Ծնողները դիմել են Ոստիկանություն` նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու համար: «Նրա հետ կապված նաեւ մի քանի քրեական գործեր կան, այդ թվում բռնաբարության հետ կապված: Էդ տղաներին բռնել, տարել էին»,- պատմեց տնօրենը` ձեռնպահ մնալով այլ մանրամասներ հաղորդելուց:

Աշոտ Մնացականյանը նաեւ նշեց, որ այս աղջկա դեպքը բացառիկ է, քանի որ նա շատ տարօրինակություններ ունի, օրինակ` հնարավոր է, որ մեկի հետ վիճի, հիստերիկայի մեջ ընկնի, ցույց տա, թե գիտակցությունը կորցրել է, շտապօգնություն կանչեն, իրեն ոչ ադեկվատ դրսեւորի եւ այդպես շարունակ: «Երեկ էլ որեւէ միջադեպ չի եղել, ուղղակի գնացել է, դա էլ հերթական մի բան է` ուշադրություն գրավելու, մարդկանց ուշադրության կենտրոնում հայտնվելու համար»,- պատմեց տնօրենը:

Դիտվել է 1120 անգամ:
Print Friendly

Leave a Reply