Ազգագրագետ. «Աղանդները տարածված են, քանի որ հայ մարդն այլևս չի ապրում հայկական ծեսերով»

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 4, 2012 18:38

Նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին  ասում է, որ մինչև քրիստոնեությունն ունեցել ենք բազմաթիվ գեղեցիկ տոներ, որոնք միախառնվելով քրիստոնեությանը  պահպանվել են մինչ օրս: Դրանց զուգահեռ ձևավորված մշակույթը, սակայն, չի պահպանվել, ծիսական շատ արարողություններ մոռացության են մատնվել: Ազգագրագետի ցանկությունն է, որ իր որ  այդ մշակույթը վերականգնվի և մարդիկ իրենց տոնը անճաշակության չվերածեն:

Ազգագրագետի կարծիքով այժմ Հայաստանում աղանդները տարածված են, քանի որ հայ մարդն այլևս չի ապրում ծեսերով, որոնք իրենց մեջ մեծ խորհուրդ ու մշակույթ էին կրում:

Ագուլեցին նշում է, որ շատ կանայք ծաղկազարդին տուն տարված ճյուղերը զատիկին բերում ու նետում են եկեղեցու բակը` այն վերածելով աղբանոցի, մինչդեռ դրա փոխարեն կարելի է հին ու նոր ճյուղերով կենաց ծառ զարդարել և հաջորդ տարի արդեն հինը այրել Տրնդեզի կրակի վրա:

Նա նշում է, որ հայերը  Զատիկի հետ կապված  բազմաթիվ ավանդույթներ են ունեցել, որն ընդգրկել է տոնին նախորդող ողջ շաբաթը: Երկուշաբթին եղել է ջրաղացպանի օրը, երբ բնակիչները հավաքվել են ու իրենց ցորենն աղացել: Երեքշաբթին կոչվել է խելոքի և հիմարի օր: Չորեքշաբթին կոչվում է չիք օր, երբ տանտիրուհիները տունն ու կահ-կարասին են մաքրել, տղամարդիկ էլ գոմը: Հինգշաբթի օրը երիտասարդ աղջիկները գաթա են թխել, ձու խաշել ու կարագը տարել եկեղեցի օրհնության:

Ուրբաթը կոչվել է Հուդայի օր: Շաբաթ օրը հանել են ակլատիզը: Սեղան են նստել դեռ մութը չընկած: Ողջ գիշերն էլ ախար` ընդհանուր մատաղացու են պատրաստել:

Զատիկի օրը շատ հարսներ մեկ շաբաթով դարձ են գնացել իրենց հայրական տուն:

Զատիկին հայերը պատրաստել են ձուկ, որը խորհրդանշում է Քրիստոսին, փլավ, որը ժողովրդին է խորհրդանշում, չամիչ են օգտագործել` որպես հավատացյալների խորհրդանիշ, նաև չամչարակ, փոխինդ, աղանձ են պատրաստել և ձու ներկել` միայն կարմիրով:

Տոնի անբաժան մասն է նաև կենաց կամ ծիսական ծառը, որը պատրաստվում է բալենու ճյուղերից և զարդարվում ձեռագործ հավկիթներով։ Ծառը խորհրդանշում է ժողովրդի անցյալը, ներկան և ապագան։

Այս տարի փետրվարի 20-ից սկսվել է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 8-ին: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը ընդունված է անվանել Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:

Դիտվել է 1833 անգամ:
Print Friendly

Leave a Reply