Քաղաքական ուժերը առողջապահության ոլորտի իրենց ծրագրերի մասին

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | April 4, 2012 18:16

Մոր և մանկան առողջության հասարակական դաշինքն առանձնացրել է ՀՀ առողջապահության ոլորտում առկա հիմնական խնդիրները և քննարկումների միջոցով մշակել դրանց լուծման հնարավոր ուղիներ: Առաջարկությունների փաթեթը կներկայացվի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին: «Ակնկալում ենք, որ երկխոսություն կլինի, մեր հիմնական նպատակն է մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում մոտեցումների համակարգումը»,- ասում է Վորլդ Վիժն Հայաստանի «Երեխաների առողջությունն առաջնային է» ծրագրի ղեկավար Նաիրա Ղարախանյանը:

Նշենք, որ «Մոր և մանկան առողջության հայկական դաշինք»-ը Հայաստանում մոր և մանկան առողջության խնդիրներով զբաղվող 44 ՀԿ և քաղաքացիական միությունների ներկայացուցիչների միություն է, որը համայնքներում և պետական մակարդակով նպաստում է մոր և մանկան առողջության բարելավմանը:

Դաշինքն առանձնացրել է 3 հիմնական ուղղություններ` դրանց վրա հրավիրելով թե օրենսդիր, թե գործադիր մարմինների ուշադրությունը. առողջապահության ֆինանսավորում, առողջապահական ծառայությունների հասանելիություն և կադրային քաղաքականություն, առողջապահության հանրային իրազեկում:

Վորլդ Վիժն-ի ֆինանսական համակարգող Արթուր Փիրումյանը, ներկայացնելով ՀՀ առողջապահության ֆինանսավորման ոլորտի հիմնախնդիրները` նշեց, որ Հայաստանում առողջապահական ծախսերի 60-65 տոկոսը հոգում է անհատը և մնացածը միայն պետությունը: Մինչդեռ եվրոպական երկրներում առողջապահական ծախսերի 70 տոկոսը հոգում է պետությունը:

Փիրումյանը նշեց նաև, որ մի պահ առողջապահության հատկացված բյուջետային միջոցների աճից հետո էլի սկսվել է կրճատումը: Կրճատումների քաղաքականությունը շարունակելու դեպքում  2014-ին արդեն առողջապահության ոլորտին կհատկացվի ՀՆԱ 1,4 տոկոսը միայն: «Սա թույլ չի տա հասնել կառավարության իսկ կողմից սահմանված ռազմավարական նպատակների իրականացմանը: Անհրաժեշտ է ավելացնել առողջապահության ոլորտի ֆինանսավորումը»,- ասում է Փիրումյանը:

Դաշինքի ներկայացուցիչները մշակել են ոլորտի համար հավելյալ ֆինանսական միջոցներ ստանալու մեխանիզմներ: Ըստ այդմ` հնարավոր է տարեկան 7 մլրդ դրամ հավաքագրել առողջապահության ոլորտի համար, եթե հավելյալ հարկվեն բջջային կապը, ալկոհոլը, ծխախոտը և անառողջ սնունդը: Փիրումյանի խոսքով` բջջային կապը հավելյալ հարկելու դեպքում յուրաքանչյուր բաժանորդ ամսական հավելյալ կվճարի 50 դրամ, ինչը անհատապես չնչին գումար է, սակայն այդ հավաքագրումից տարեկան կձևավորվի 1,7 մլրդ դրամ: Ծխախոտի և ալկոհոլի համար կրկնակի ակցիզային հարկ սահմանելու դեպքում յուրաքանչյուրից կհավաքագրվի 3 մլրդ դրամ, դրանց օգտագործման նվազումը կբերի մի շարք հիվանդությունների կրճատման:

Եվրոպական երկրներում սկսել են հավեյլալ հարկել շատ ճարպեր պարունակող սննադամթերքը, որը վնասակար է առողջությանը: Նույնը առաջարկվում է կիրառել և Հայաստանում.  անառողջ սննդի քիչ կիրառումը կնվազեցնի սիրտանոթային հիվանդությունների տարածվածությունը:

Ոլորտը, սակայն, ուսումնասիրության կարիք ունի` հասկանալու տարածվածության աստիճանը:

Դաշիքնը նաև ահազանգում է, որ մարզերում բուժհաստատությունները համալրված չեն տեխնիկապես, կա պետական վերահսկողության պակաս, մարզային հիվանդանոցներում սուր է նաև մասնագետների պակասի խնդիրը: Առաջարկվում է մեխանիզմներ մշակել, որ երիտասարդ մասնագետները շահագրգռված լինեն հեռավոր մազրերում աշխատել:

Դաշինքի համաժողովին ներկա 6 քաղաքական ուժերի` ԲՀԿ, Ժառանգություն, ՀՅԴ, ՀՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, ներկայացուցիչներն էլ ներկայացրեցին, թե որքանով են մոր և մանկան առողջության պահպանման խնդիրները ներառված իրենց նախընտրական ծրագրերրում:

ԲԿՀ ներկայացուցիչ Թամարա Պողոսյանի խոսքով` մոր և մանկան առողջության պահպանումը, հաշմանդամների խնդիրները միշտ էլ եղել են ԲՀԿ ուշադրության կենտրոնում: «Միարժեք, ողջունելի է առողջապահության ոլորտի այլընտրանքային ֆինանսավորման տարբերակը»,- ասաց Պողոսյանը` հավեվելով, որ առավել կարևոր խնդիր է կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը:

«Ժառանգության» ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը նշեց, որ ներկայումս օրենսդրական փոթեթներ չունեն մշակած ոլորտի վերաբերյալ, սակայն ԱԺ-ում ներկայացված լինելու դեպքում համագործակցելու են ոլորտի հկ-ների հետ` առաջ քաշելու խնդիրները և դրանց լուծման ուղիները:

«Օրենսդրական դաշտն այսօր էլ վատը չէ, պակասում է պետբյուջեի հասցեականությունը, գումարների արդյունավետ ծախսման չոփորոշիչ գործիք չկա, պիտի կարողանանք նման չափորոշիչներ մշակել»,- ասաց Բախշյանը:

Նրա խոսքով` մինչև 7 տարեկան երեխաների առողջության պահպանման և ծննդօգնության համար պետբյուջեից հսկայական միջոցներ են հատկացվում, որոնք, սակայն, հասցեական չեն, քանի որ շատ դեպքերում հիվանդանոցում շրջանցում են օրենքը և գումար պահանջում.«Խնդիրն  է ապահովել գումարի հասցեականությունը»:

ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը նշեց, որ կուսակցության նախընտրական ծրագրում 13 գործողություն կա առողջապահության ոլորտից: Դրանցից են առողջությանը վնաս հասցնող ապրանքների և ծառայությունների նկատմամբ հավելյալ հարկերի կիրառումը, առողջապահության ոլորտի ներկայացուցիչների աշխատավարձերի առաջնահերթ բարձրացումը: ՀՅԴ-ն առաջարկում է նաև 5 անգամ ընդլայնել պետության կողմից ֆինանսավորվող սոցիալական փաթեթը` ընդգրկելով նաև գիտության, մշակույթի, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին: Առաջարկվում է նաև արտոնություններ սահմանել մարզերում աշխատող բուժծառայողների համար: «Թե մարզերում, թե Երևանում պետք է նույն որակի ծառայություններ մատուցվեն, մարդիկ նույն կենսամակարդակը պետք է ունենան: Քաղաքական կամքի դեպքում հնարավոր է դրան հասնել»,- ասաց Մինասյանը:

ՀՅԴ ծրագրի դրույթներից է նաև դեղերի և առողջապահական ծառայությունների գների պետական վերահսկողության սահմանումը, առողջապահության պարտադիր ապահովագրության աստիճանական ներդրումը, նաև տարեկան անհատի առողջապահական տարեկան ծախսերի ավելացում մինչև 150 հազար դրամ ներկայիս 63 հազարի փոխարեն:

ՀԱԿ ներկայացուցիչ Մովսես Արիստակեսյանն էլ նշեց, թե իրենց հիմնական նպատակներից է լինելու մինչև 2020-ը մոր և մանկան մահացության ցուցանիշի զգալի կրճատումը, մինչև 70 տարեկան անձանց շրջանում սիրտանոթային հիվանդություններից մահացության թվի կրճատումը, հասարակություն-առողջապահական համակարգ խաթարված հարաբերությունների վերականգնում, պետության կողմից առողջապահական ծառայությունների վերահսկողություն և այլն:

«ՀՀԿ-ն իր բոլոր պարտավորությունները կատարել է և այն ինչ ծրագրել էր, շարունակական է լինելու, մեր ստեղծածը որպես շարունակություն կազարգացնենք»,- ասաց ՀՀԿ ներկայացուցիչ Արա Բաբլոյանը` ներկայացնելով կուսակցության ծրագրերն առողջապահության ոլորտում:

Անդդրադառնալով ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներին` նա նշեց, որ կողմնակից է  նման մոտեցման,սակայն նման որոշում պետք է կայացնել քննարկումներից հետո`չվնասելով տնտեսության  զարգացող ճյուղերը: «Որպես մարդ, ով պայքարում է ծխախոտի դեմ, կարծում եմ, որ ծխախոտի գինը բարձրացնելը ոչ միայն առողջապահության համար լրացուցիչ ռեսուրս հայթայթելու  հնարավորություն կտա, այլ նաև կբերի նրան, որ ծխախոտ ձեռք բերելը կդժվարանա և կխողների թիվը կնվազի»:

Բաբլոյանի խոսքով`  ՀՀԿ-ի ծրագրի մեջ նման կետ չկա, որ պետք է անպայման ֆինանսավորման ինովացիոն միջոցները ներգրավվեն, փոխարենը ծրագիրը նախատեսում է բոլոր հնարավոր ուղիներն ուսումնասիրել և իրականացնել առավել արդյունավետները:

ՕԵԿ ներկայացուցիչ Արթուր Միսակյանն էլ նշեց, որ կուսակցության նախընտրական ծրագրի դրույթներից է առողջապահական պարտադիր ապահովագրության ներդրումը:

«Առաջարկում ենք համաչափ զարգացնել առողջապահական ծառայությունները: Երևանում և մարզերում առաջարկվող ծառայությունների որակը տարբերվում է: Առաջարկում ենք ստեղծել  ընդհանուր ցանց, որը կմիավորի առողջապահական բոլոր հաստատությունները և բժշկական խորհրդատվություն, տեխնիկան կարող են գտնել համացանցի միջոցով»:

Միսակյանը նշեց, որ դեռ նախորդ նախընտրական ծրագրով առաջարկել էին տարբերակել երեխայի ծննդյան միանվագ նպաստը, որը մինչև վերջ չի իրականացել:  Այժմ էլ առաջարկում են 1-ին երեխայի համար հատկացնել  100 հազար դրամ, 2-րդի համար`  200 հազար դրամ, 3-րդի համար` 500 հազար դրամ միանվագ նպաստ:

Դիտվել է 2555 անգամ:
Print Friendly

Leave a Reply