«Ապամոնտաժող բրիգադը նպատակ ունի պաշտպանել պուրակի երիտասարդ պաշտպաններին». Ժ Սեֆիլյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 4, 2012 18:07

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը «Անկախ»-ի հետ զրույցում նշեց, որ այն, ինչ տեղի է ունենում Մաշտոցի պուրակում, չի կարելի կտրուկ գործողություններ անվանել, դրանք ուղղակի տրամաբանական շարունակությունն են նախորդ իրավիճակների. «Եթե պատկան մարմինները օրենքը խախտում են, ժողովուրդը պարտավոր է օրենքը կյանքի կոչել,-ասաց նա,-փաստ է, որ այս տաղավարներն ապօրինի են, ուստի պետք է ապամոնտաժվեն»:

Ապամոնտաժող բրիգադի գործողություններն, ըստ Սեֆիլյանի, նպատակ ունեն պաշտպանելու պուրակի երիտասարդ պաշտպաններին, քանի որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ամեն ծայրահեղ բան պետք է սպասել. «Այս քայլով երեց սերունը խնդիր է դրել երիտասարդներին զերծ պահել այս ռեժիմի բիրտ ուժի հետ շփումից,-ասաց նա,-և եթե ռեժիմը որոշի պայքարը ճնշել բիրտ ուժով, ապա երեց սերնդի ներկայացուցիչները պատրաստ են իրենց վրա վերցնել դա»:

Սեֆիլյանն այս գործողությունները համարում է 1988-ի շարժման շարունակություն. «Արցախյան շարժումը մեզ հաջողվել է ինչ որ չափով ափ հասցնել, բայց պետականության շինարարության իմաստով բազմաթիվ բացթողումներ են եղել, և այսօր ժամանակն է, որ այդ նվիրյալները նորից հավաքվեն և լծվեն պետականաշինության գործին»,-ասաց նա` նշելով, որ սա սոսկ տաղավարների ապամոնտաժման խնդիր չէ, այլ սկիզբ է` օլիգարխիկ ռեժմի ապամոնտաժման:

Սեֆիլյանն առայժմ ընդգրկված չէ ապամոնտաժող բրիգադում, այլ աջակցում է կազմակերպչական գործերում, փոխարենը բրիգադում ընդգրկված են «Սարդարապատ» շարժման այլ ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ապամոնտաժող բրիգադի անդամները փորձեցին «գրավել» բուտիկները` ապամոնտաժելու նպատակով, սակայն ոստիկանները կանխեցին այդ փորձը` դուրս մղելով նրանց կրպակներից:

Բրիգադի անդամները հայտարարեցին, որ եթե իրենց գործողություններն անօրինական են, ապա պատրաստ են դրա համար ձերբակալվել և պատասխանատվություն կրել, սակայն նրանց ոչ ոք բերման չենթարկեց: Հետևաբար ենթադրեցին, որ եթե ոստիկաններն իրենց չեն ձերբակալում, այլ ընդամենը դուրս են հանում, նշանակում է` իրենց գործողություններն ու պահանջն իսկապես արդար է:

Դիտվել է 970 անգամ:
Print Friendly

Leave a Reply