«Մենք ազնիվ զրույց ենք վարում մեր ընտրողների հետ». Հարցազրույց ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Սարգսյանի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 4, 2012 15:42

-Պարոն վարչապետ, ինչպե՞ս կմեկնաբանեք Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ-ի 13-րդ համագումարի ժամանակ, և ինչ՞ն է զեկույցում ամենագլխավորը։

Սերժ Սարգսյանի ելույթը կարելի է որպես բազմակողմանի բնութագրել։ ՀՀԿ-ն իշխող կուսակցություն է, և Սերժ Սարգսյանը 13-րդ համագումարում ունեցած իր ծրագրային զեկույցում պատասխանեց բոլոր հիմնական հարցերին որպես ՀՀԿ նախագահ, որպես ՀՀ նախագահ և որպես իր երկրի ապագայով մտահոգ մարդ։ Նա իր զեկույցում մատնանշեց ամենակարևորը` գաղափարախոսական հիմքը, հիմնական արժեքները, որոնց հավատարիմ է մնում Հանրապետական կուսակցությունը։
ՀՀԿ-ն պահպանողական կուսակցություն է, որի առաջին առաջնորդները պայքարի մեջ էին մտել ազատության և անկախության իդեալների համար դեռևս ԽՍՀՄ-ի օրոք։ Մեր կուսակցության անդամների համար իդեալներն, սկզբունքներն ու ավանդույթները լոկ բառեր չեն` ի տարբերություն շատ այլ կազմակերպությունների, որոնք, ինչպես բոլորին հայտնի է, ընդամենը նախընտրական քաղաքական նախագծեր են` առանց անցյալի և ապագայի։ Գաղտնիք չէ, որ մեր երկրում դեռևս ամբողջովին հաղթահարված չէ հռչակվող և իրական արժեքների միջև եղած անդունդը։ Հենց այդ անդունդն է, որ խոչընդոտում է 21-րդ դարի քաղաքակիրթ հայ հասարակության կայացմանը։
Այս ուղերձն էր նախագահի զեկույցի առանցքը, որի հիման վրա մենք կշարունակենք վերջին տարիներին սկսած փոփոխությունները։

-Այսօր ընդդիմությունը հաճախ է արտահայտում իշխանություններից իր դժգոհ լինելը։ «Թույլ կետեր» են նշվում նաև այնպիսի լուրջ և ծրագրային ելույթում, ինչպիսին էր նախագահի և իշխող կուսակցության նախագահի ելույթը։ Ըստ Ձեզ, որքանո՞վ է փաստարկված այդպիսի տրամաբանությունը։

Եթե ինձ հարցնում եք, թե որքանով էր տրամաբանական ընդդիմախոսների կողմից ելույթի քննադատությունը ոչ թե ծրագրային մակարդակում, այլ նախագահի կողմից նշված փաստերը աղավաղելու միջոցով, ես կպատասխանեմ, որ դա անտրամաբանական է, բայց շատ ավելի հեշտ։ Նման վերաբերմունք ցուցաբերողները միշտ ընդամենը մի նպատակ ունեն` զրպարտել առանց հարգանք ցուցաբերելու թե՛ նախագահի, թե՛ հենց իրենց նկատմամբ։
Մինչդեռ նախագահն իր զեկույցում մի քանի առանցքային հայտարարություն արեց` ներկայացնելով զարգացման նոր սկզբունքներ, որոնք կարող են արմատապես փոխել մեր պատմությունը։ Դժբախտաբար, որոշ վայ-քննադատներ չեն ցանկանում քննարկել հիմնարար թեզերը, որոնց հետ դժվար է չհամաձայնվել։

-Ռուսաստանի ընտրությունների ժամանակ ռուսաստանյան ընդդիմությունը նույնպես հանդես եկավ նման կարգախոսներով «Եդինայա Ռոսիա» կուսակցության հասցեին։ Ի՞նչ է սա, հետխորհրդային ընդդիմության «ձախության մանկական հիվանդությո՞ւն»։

Մեր որոշ ընդդիմախոսների «ձախության մանկական հիվանդությունը» պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանք իշխանություն ստանալու որևէ հնարավորություն չունեն։ Եվ նախընտրական կապիտալն ավելացնելու ու ընտրողների ձայներ ստանալու նպատակով նրանք դիմում են պոպուլիզմի։
Մենք իշխող կուսակցություն ենք և ազնիվ զրույց ենք վարում մեր ընտրողների հետ` բացատրելով ստեղծված իրավիճակը, քննարկելով մեր նախընտրական ծրագրի դրույթները։ Որոշ ընդդիմադիր կուսակցությունների մեթոդները դրսևորվում են պարզունակ բանաձևով, որը նրանք օգտագործում են իշխանության համար պայքարում` թշնամիներին մատնանշելու և պոպուլիստական խոստումներ բաժանելու համար։
Սակայն մենք խորապես համոզված ենք հայ ժողովրդի իմաստության, կեղծը շիտակից տարբերելու ունակության մեջ և վստահ ենք, որ յուրաքանչյուր հայ մարդ կքվեարկի` ընտրելով իր երեխաների և թոռների ապագան։ Աստված մի արասցե, որ այդ ապագան հայտնվի այնպիսի մարդկանց ձեռքում, ովքեր չունեն ո՛չ փորձ, ո՛չ մասնագետներ և ո՛չ էլ գիտակցում են, թե ինչ և ինչպես պետք է անել։

-Ի դեպ, արդյոք ՀՀԿ-ի և «Եդինայա Ռոսիա» կուսակցության ծրագրերում շա՞տ ընդհանրություններ կան։

Կարծում եմ` այո։ Նախ և առաջ այն խնդիրները, որոնք մենք այսօր լուծում ենք, շատ նման են։ Երկրորդ օբյեկտիվ գործոնն այն է, որ երկու կուսակցություններն էլ իշխող են, ինչը ենթադրում է հավելյալ պատասխանատվություն, ճշտապահություն, կայուն գաղափարական հիմք։

-Տիգրան Սուրենի, ըստ տարբեր աղբյուրների խորհրդարանական ընտրությունների կանխատեսումները տարբերվում են, սակայն, ըստ տրամաբանության, Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը նախընտրում է ՀՀԿ-ն, քանի որ առկա է կայունություն։ Այնուամենայնիվ, ո՞ր խնդիրներն են մղվելու առաջին պլան։

Կայունության ապահովումն առաջին հերթին հայ ազգի անվտանգության երաշխիքն է։ Տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը մեզանից պահանջում է ազգային անվտանգության հարցերի լուծում, այդ թվում` արտաքին քաղաքական կայունության, բանակի մարտունակության ապահովում, ռազմավարական պաշարների ձևավորում, բոլոր տրանսպորտային միջանցքների անխափան աշխատանք։ Վերջին հինգ տարվա ընթացքում մեր ջանքերը մեծամասամբ ուղղված էին այս խնդիրների լուծմանը, ինչպես նաև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանը։
Այսօր քաղաքական օրակարգի հիմնական հարցը ոչ թե պետության որպես ամբողջության հիմնախնդիրների լուծումն է, այլ յուրաքանչյուր քաղաքացու։ Իսկ դա իր հերթին նշանակում է առավելագույնս հավասար հնարավորությունների ստեղծում մեր քաղաքացիների համար և բոլոր նրանց համար, ովքեր Հայաստանը կընտրեն որպես իրենց գաղափարների և նախագծերի իրականացման վայր։
Սրանք փոփոխություններն են, որոնք ուղղված են լինելու որակավորված աշխատատեղերի ստեղծմանը, գյուղում բնակչության համար բարվոք կենսապայմանների ապահովմանը, անապահով ընտանիքների համար կրթության հասանելիությանը և բժշկական սպասարկմանը և շատ այլ կարևորագույն հարցերի լուծմանը։ Թվում է` բոլորը գիտեն, թե ԻՆՉ է պետք անել։ Մեր առավելությունն այն է, որ մենք գիտենք, թե ԻՆՉՊԵՍ Է պետք դա անել։ Ծրագրային յուրաքանչյուր թեզի հիմքում ընկած է իրականացման կոնկրետ մեխանիզմ։
Ժամանակին հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակն ասել է. «Մենք իրավունք չունենք ուշանալ պատմության գնացքից կամ օդանավից»։ Պատահական չէ, որ նախագահը հենց այս բառերով ավարտեց իր ելույթը։ Մենք շատ քիչ ժամանակ և շատ գործ ունենք անելու, որպեսզի չուշանանք։

Սերգեյ Պետրոսյանց, հատուկ «ՆԿ»-ի համար
Մանրամասներ` http։//www.noev-kovcheg.ru/mag/2012-06/3135.html#ixzz1r4G277kF

Դիտվել է 1178 անգամ:
Print Friendly

Leave a Reply