Ըստ Շարմազանովի՝ նախագահի համահայկական ուղևորության նպատակն ավանդույթի ձևավորումն է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 7, 2009 17:15

g_image2«Ցեղասպանության ժխտման գործընթացը չի կարող դրվել նախապայման, և Թուրքիան չի կարող այնպես անել, որ Հայաստանը հրաժարվի Ցեղասպանության ճանաչման գործընթացի շարունակականությունից. նախապայման չի կարող լինել նաև ԼՂ հիմնահարցը»,-խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղևորությունից՝ այսօր հրավիրված ասուլիսին ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Բանախոսի գնահատականով՝ նախագահի համահայկական ուղևորությունն աննախադեպ քայլ էր, քանի որ մինչ օրս նախկին նախագահները համահայկական խնդիրների լուծման համար նման շրջագայություն չէին արել:

Նա շեշտեց, որ Հայաստան-Թուրքիա բնականոն հարաբերությունների հաստատման համար անհրաժեշտ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ, և այս համատեքստում է, որ նախագահը, շատ կարևորելով Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, մեկնեց ուղևորության:

Շարմազանովի խոսքով՝ թե Հայաստանում, թե սփյուռքում և թե Թուրքիայում նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ տեսակետերը միանշանակ չեն եղել:

«Մենք ևս ունեցել ենք մտահոգություններ, որի մասին խոսել է ինքը` նախագահը, և մենք շատ նորմալ ենք վերաբերում քաղաքակիրթ բոլոր տեսակետերին»,-ասաց Շարմազանովը:

Ըստ նրա՝ համահայկական ուղևորության նպատակը չի եղել հաշվելը, թե քանի կողմ ու դեմ կա. հիմնական նպատակը նմանատիպ ավանդույթի ձևավորումն է, ինչպես նաև համահայկական խնդիրներ լուծել սփյուռքի հետ, լսել նրանց կարծիքները:

Շարմազանովի ու իր կուսակիցների համար ընդունելի են բոլոր քննադատությունները, սակայն «ցավալի է, որ կան անհեթեթ հայտարարություններ , մեղադրանքներ, որոնք կապ չունեն իրականության հետ: Նա չմանրամասնեց, թե ովքեր են դրանց հեղինակները կամ քաղաքական ուժերը:

«Կային նույնիսկ քաղաքական գովազդներ, որոնք լսելիս քեզ թվում է, թե Կարսն ու Իգդիրը 20 թ-ին Հանրապետականն ու Սերժ Սարգսյանն են հանձնել: Ոչ Բաթումի, ոչ Ալեքսանդրապոլի, ոչ Կարսի պայմանագիրը Սարգսյանը չի կնքել, նախագահի ստորագրությունը կա 94 թվականի մայիսի ղարաբաղյան հրադադարի պայմանագրի տակ, որն արձանագրում է հայ ժողովրդի փառահեղ հաղթանակը Արցախյան հերոսամարտում»,-ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ երեք նախագահների օրոք էլ Հայաստանը կողմ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություներին:

Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանը, թե Փարիզում Սերժ Սարգսյանն անձամբ է խնդրել ապահովել իր անվտանգությունը, ՀՀԿ անդամն ասաց, որ «եթե Սերժ Սարգսյանը խնդիր ունենար Սփյուռքի հետ, նա չէր գնա Սփյուռք, ես նման տեղեկություն չունեմ»:

Անդրադառնալով Փարիզում ոստիկանության և Արձանագրությունները բոյկոտող սփյուռքահայերի բախմանը՝ ՀՀԿ քարտուղարն ասաց, որ «ցավալի է,  որ Կոմիտասի արձանի մոտ տեղի ունեցավ այդ դեպքը: Համաձայն եմ նախագահի հետ, որ ավելի ճիշտ կլիներ այդ արձանի մոտ լռությամբ բողոքի ակցիա լիներ, ուղևորությունը սկսում էր այդ արձանից քանի որ ցեղասպանության զորհեի հիշատակի մասին է հիշեցնում այդ հուշակոթողը:»

Շարմազանովը ևս մեկ անգամ ընդգծեց, որ հայ-թուրքական հարաբերություններում քաղաքական որոշումը պետք է կայացնի Հայաստանի Հանրապետությունը, նախագահը, ԱԺ-ն ու պետական ինստիտուտները:

Դիտվել է 1277 անգամ:
Print Friendly

Leave a Reply