Սոցիոլոգ. Ընտրություններին 1,4 մլն-ից ավել մարդկանց մասնակցությունը կվկայի ընտրակեղծիքների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 4, 2012 13:45

«Սոցիոմետր» սոցիլոգիական ընկերությունը հարցում է անցկացրել` պարզելու, թե քաղաքացիների որ մասն է հավատում արդար ընտրություններին: Պատճառը դարձել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերսի հայտարարությունը, թե ինչպես պետք է ընտրություններ իրականացվեն, երբ բնակչության 12 տոկոսն է միայն հավատում արդար ընտրություններին:

Այդպիսին են եղել վերջերս Ազգային դեմոկրատական ինստիտուտի`Հայաստանի 1500 քաղաքացիների շրջանում  անցկացրած հարցման արդյունքները:

«Տպավորություն է ստեղծվում, որ մենք շիզոֆրենիկ մշակույթ կրող ազգ ենք, արդար ընտրություններին չենք հավատում, բայց մասնակցելու ենք»,- ասում է Ադիբեկյանը:

Սոցիոլոգի խոսքով` Հայաստանում ընտրողների 25-35 տոկոսը չի հետաքրքրվում ընտրություններով և սովորաբար չի էլ մասնակցում: Հարցման արդյունքների համաձայն` առաջիկա ընտրություններին պատրաստվում է մասնակցել ընտրողների 70 տոկոսը, որոնք էլ 3 խմբի են բաժանվում` լուրջ ընտրակեղծիքներ ակնկալողներ, թեթև խախտումներ ակնկալողներ և արդար ընտրություններ ակնկալողներ:

1650 չափահասների շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ բնակիչների 40 տոկոսը վստահ է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կընթանան լուրջ խախտումներով: 36,6 տոկոսը, սակայն, կարծում է, որ խախտումներ կլինեն, բայց թեթև, որոնք չեն անդրադառնա ընտրությունների ընթացքի վրա: Հարցվածների 17 տոկոսն էլ ակնկալում է արդար կամ համեմատաբար արդար ընտրություններ:

Վերջին երկու խմբերը միասին կազմում են մոտ 54 տոկոս: «Ընտրություններին մասնակցողների 2/3-ը վստահ է, որ իր ձայնը տեղ կհասնի, այլապես չէին մասնակցի ընտրություններին»,- ասում է Ադիբեկյանը:

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը փորձել է նաև պարզել, թե  ինչը կարող է դրդել, որ ընտրություններին մասնակցել չպատրաստվող անձն ի վերջո գնա ընտրության: Պարզվել է, որ 13,5 տոկոսի դեպքում գլխավոր գործոնը լավ քարոզն է, 5 տոկոսի դեպքում` լավ եղանակը, 4,8 տոկոսի մոտ` անձնական հարցի լուծումը, 3 տոկոսի մոտ` հատուկ վերաբերմունքը, այդ թվում և տրանսպորտով ապահովելը, 2,8 տոկոսի դեպքում էլ լավ վճարը:

Ադիբեկյանը կարծում է, որ ընտրողների մոտ կեսը կհրաժարվեն ընտրակաշառքից, եթե անգամ այն առաջարկվի. «Մարդիկ կան, ովքեր ապրում են բարեկեցիկ, իրենց կարծիքն ու գաղափարներն ունեն»:

Իսկ ընտրակաշառք վերցնողներից էլ 1/3-ը հազիվ ձայնը տա կաշառք տվող քաղաքական ուժին:

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին պետք է որ մասնակցի 1,2-1,4 մլն մարդ, դրանից ավելի ցուցաբերված մասնակցությունը կվկայի ընտրակեղծիքների մասին. այսպիսին է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքը: Նրա խոսքով` ընտրացուցակներում ընդգրկված  2,5 մլն մարդը օրենքից է բխում. բոլոր նրանք, ովքեր գրանցված են, սակայն բացակայում են երկրից, ընդգրկված են ցուցակներում, ինչը, սակայն, չի նշանակում, թե մասնակցելու են:

Դիտվել է 846 անգամ:
Print Friendly

Leave a Reply