Էդվարդ Նալբանդյանի բացման խոսքը և պատասխանները հարցերին Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում

Պաշտոնական, Օրվա լուր | | April 4, 2012 12:35

Բարև Ձեզ, ես կցանկանայի ողջունել բոլորին, այս օրերին արդեն ամենօրյա դարձած մամուլի ասուլիսին:
Ուրախ եմ ողջունելու իմ գործընկերոջը՝ Ֆինլանդիայի արտգործնախարարին, որը այստեղ է գտնվում պաշտոնական այցելությամբ: Եվս մեկ երկիր, որի հետ նշում ենք դիվանագիտական հարաբերությունների քսանամյակը:
Մենք մեծ կարևորություն ենք տալիս մեր հարաբերությունների զարգացմանը Ֆինլանդիայի հետ եւ այսօր առիթն օգտագործեցինք՝ քննարկելու համար երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, նաև Եվրոպական միություն-Հայաստան փոխգործակցությունը:
Գոհունակություն հայտնեցինք այն առաջընթացի վերաբերյալ, որն արձանագրվել է Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Միմյանց ներկայացրեցինք զարգացումները Հայաստանում և Ֆինլանդիայում:
Մենք հնարավորություն կունենանք շարունակել բանակցությունները նաև այսօր օրվա երկրորդ կեսին:
Ուրախ եմ նորից ողջունել Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկկի Տուոմիոյային Հայաստանում և սիրով փոխանցում եմ խոսքը:
Հարց: Ադրբեջանի իշխանությունները, Բաքու այցելող բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներից փորձում են հայտարարություններ կորզել ղարաբաղյան խնդրի վերաբրեյալ, շեշտադրում դնելով տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: Ձեր կարծիքով ո՞րն է նման փորձերի նպատակը:
Է. Նալբանդյան: Ցավոք իսկապես այդպես է: Բաքուն միշտ փորձում է շանտաժի Ադրբեջան այցելող պատվիրակություններին՝ կորզելու համար միակողմանի ձևակերպումներ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:
Պարզ է, որ այդ մոտեցումը եւ և ադրբեջանական այս փորձերի ջրաղացին ջուր լցնելը օգտակար չի կարող լինել Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի համար:
Բայց մեկ բան ակնհայտ է, որ ինքնորոշման իրավունքը, ինքնորոշման սկզբունքը, որը ոչ միայն միջազգային իրավունքի սկզբունք է այլ նաև ըստ ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային հանրության կարևորագույն նպատակներից է: Այս սկզբունքն է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմքում, որն առաջարկում են եռանախագահները այլ սկզբունքների հետ միասին: Այն որոշումները եւ հայտարարությունները, որոնք ընդունվել են ԵԱՀԿ-ի շրջանակներում. ես հիշեցնեմ արտգործնախարարների հանդիպումների շրջանակներում հայտարարությունները՝ Հելսինկիում ընդունված 2008թ. դեկտեմբերին, Աթենքում՝ 2009թ. դեկտեմբերին, Ալմա-Աթայում՝ 2010թ. հուլիսին, ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ Աստանայում 2010 թ. դեկտեմբերին, անցյալ տարի դեկտեմբերին Վիլնյուսում՝ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում: Այս բոլոր ընդունված հայտարարությունների մեջ հստակ նշվում է ինքնորոշման իրավունքի մասին և եռանախագահները բազմիցս հայտարարել են, նաև ամենաբարձր մակարդակով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը, իր ապագա կարգավիճակը:
Ադրբեջանի կողմից այդ փորձերը, ոչ թե նպատակ ունեն նպաստել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, այլ՝ թոզ փչել իրենց հանրության աչքերին: Սա միանշանակ օգտակար չէ կարգավորման գործընթացի համար:
Բայց հուսով ենք, որ միջազգային հանրության, եռանախագահների աջակցությամբ բանակցությունները կշարունակվեն և լուծում կգտնվի այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկված են եռանախագահների կողմից՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն:
Շնորհակալություն:

Դիտվել է 820 անգամ:
Print Friendly

Leave a Reply