Թեժ կրքեր Մաշտոցի պուրակում (լրացված), լուսանկարներ,տեսանյութ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 4, 2012 11:30

Այսօր առավոտյան Մաշտոցի պուրակի կրպակները ապամոնտաժելու նպատակով մի խումբ մտավորականներ շինարարական հագուստներով անցան գործնական քայլերի:

Ոստիկանների համար նախապես հայտարարություն հնչեց և տեղեկացվեց, որ իրենք մոտենալու են կրպակներին՝ չափագրելու  և ապամոնտաժելու  աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Ոստիկաններն էլ իրենց հերթին զգուշացրին, որ կատարելու են օրենքով սահմանված իրենց պարտականությունները և արգելելու են ապամոնտաժող խմբի անդամներին մտնել արգելապատնեշից ներս և իրականացնել իրենց մտադրությունը:

Այնուհետև ապամոնտաժող բրիգադը, բաժանվելով մի քանի խմբի, անցավ գործի. բրիգադի անդամները տարբեր կողմերից վազելով մոտենում էին կրպակներին ` անցնելով արգելապատնեշը: Ոստիկաններն էլ, խմբերի բաժանված, վազելով մոտենում էին նրանց, բռնում և պառկեցնում կամ դուրս հանում արգելվող տարածքից: Հետաքրքիր է, որ “ավագ” ոստիկանները փորձում էին ամեն կերպ “հանգստացնել” հրաման կատարող ոստիկաններին՝ հորդորելով որևէ ուժ չկիրառել: Ակնհայտ էր, որ նրանց հստակ հրահանգ էր տրվել՝ ուժ չգործադրել և չձերբակալել ապամոնտաժող խմբի անդամներին:

“Անցնել գործի, բուտիկները պետք է վերցնել” կարգախոսով ապամոնտաժող բրիգադի անդամները մի քանի անգամ “գրոհեցին” կրպակների վրա, որի ընթացքում նրանց մի մասն էլ չափագրման աշխատանքներ էր իրականացնում:

Խմբի ակտիվ անդամ Տիգրան Խզմալյանը, որին հաջողվել էր ներս մտնել կրպակներից մեկի մեջ և որին մի կերպ դուրս բերեցին այնտեղից և նստեցրին գետնին, հայտարարեց, որ իրենք չեն դադարեցնելու իրենց գործողությունները, մինչև կրպակները չապամոնտաժվեն: “Դա կարող է 10-15 րոպեից չլինել, բայց միևնույնն է՝ մի օր լինելու է”,-ասաց նա,-մենք ապամոնտաժելու ենք ողջ քրեաօլիգարխիկ համակարգը, սա ընդամենը սկիզբն է”:

Նրա խոսքով, ոստիկանններն ու նրանց հրաման տվողները նույնպես գիտակցում են իրենց սխալ լինելը, և դա է պատճառը, որ չեն ձերբակալում բրիգադի “օրինազանց” անդամներին: “Գնդապետը զանգում է երևի նախարարին, նախարարն էլ՝ երևի նախագահին, ծիծաղելի է, որ նախագահն ու նախարարը որոշում են դատարկ շան բուտկայի ճակատագիրը”,-ասաց Խզմալյանը,-եթե բուտիկների տերը կարող է Հայաստանում ոստիկաններին հրաման տալ, ես շնորհավորում եմ մեր երկրին”:

Մինչ Խզմալյանը, գետնին նստած և ոստիկաններով շրջապատված, զրուցում էր լրագրողների հետ, մյուս կողմում ոստիկանության ներկայացուցիչը խնդրում էր մեկ այլ ակտիվիստի՝ կրպակն ազատել: “Դուրս ենք գալիս, որ էլի մտնենք”,-արձագանքեց ակտիվիստը: Ոստիկանն էլ պատասխանեց. “Դե եթե որոշել եք խաղ խաղալ, խաղանք”:

“Անկախ”-ի դիտարկմանը, թե ոստիկանության կողմից, փաստորեն, այս ամենը խաղ է համարվում, ոստիկանը պատասխանեց. “Իրենց կողմից է խաղ, ուզում են հասարակության ուշադրությունը գրավել, չի զգացվո՞ւմ,-ասաց նա,-իրենց նպատակը ոնց որ թե արդեն ապամոնտաժումը չէ, այլ շոու անելը: Ե՞րբ ա քաղաքացին ասում՝ ինձ բերման ենթարկեք, դա նորմալ չի: Մենք նրանց բերման կենթարկենք այն ժամանակ, երբ նրանց գործողությունների մեջ զանցանք կամ հանցանք կտեսնենք: Առայժմ նրանց գործողությունները մեր կողմից կառավարելի են”:

“Հարձակողական” գործողություններից հետո ապամոնտաժող բրիգադի անդամները հավաքվեցին և հայտարարություն արեցին. “Փաստորեն, ստացվում է, որ այստեղ անօրինական որոշում պաշտպանողները ոչ մի կերպ չեն հասկանում, որ ժողովրդից գողացած սեփականությունը նման ձևով չի կարելի պաշտպանել: Մ՞իթե այդ մարդկանց թվում է, թե տարածքի իրական տերերը չեն գտնելու մի ձև՝ խաղաղ միջոցներով վերցնելու այն: Եթե չեն հասկանում, մենք աշխատանքները կշարունակենք”,-հայտարարեց ակտիվիստներից մեկը:

Ապամոնտաժող բրիգադի համակարգող Անդրեաս Ղուկասյանն էլ ավելացրեց.  “Մենք այսօր տեսանք, որ իր իրավունքի համար պայքարող քաղաքացին Հայաստանի հանրապետությունում անձեռնմխելի է: Սա էր մեր նպատակը և սրան մենք հասանք: Մեր հաջորդ գործողությունը կախված կլինի հանրային մասնակցությունից,-ասաց նա,-եթե իշխանությունները շարունակեն այս սխալ և անօրինական երևույթը, մեր երկրում մեծ շարժում է սկսվելու՝ շարժում ոչ թե բուտիկների դեմ, այլ այն համակարգի, որը երկրում չի կարող օրենք պահպանել”:

Ակտիվիստը նշեց, որ իրենք ոչ մի խնդիր չունեն ոստիկանության հետ, որին հրահանգված է պաշտպանել անօրինականությունը: “Ոստիկանները կատարել են այն աշխատանքը և հայտնվել են այն դրության մեջ, որի մեջ իրենց դրել են”,-ասաց նա:

Սակայն շեշտվեց այն հանգամանքը, որ ոստիկանները չեն կատարում նաև իրենց իսկ հրահանգը.”Դուք ասել եք, որ բազրիքներն անցնելն անօրինականություն է, սակայն մենք չտեսանք, որ մեզ մեղադրանք է ներկայացվել կամ մենք ձերբակալվել ենք”,-նկատեցին նրանք:

“Ձեր առջև կանգնած է Հայաստանի Հանրապետության իրական վերնախավը, և մենք գործում ենք խիստ օրենքի սահմաններում, բայց քանի որ ձեր տերերը ապիկար են, տգետ, կրթություն չեն ստացել, ես նրանց համար ասում եմ՝ չմոռանաք, որ ձեր դեմ կգան մարդիկ, ովքեր արվեստագետներ կամ քաղաքագետներ չեն լինի, այլ նրանք, ում դուք ոչնչացրել եք, ում արտաքսել եք, ոտնահարել եք նրանց արժանապատվությունը, և նրանց վարքը կլինի խիստ տարբեր մեր վարքից, նրանց դեմ դուք ոչ կարմիր բերետ, ոչ էլ երկնագույն, չեք կարող դնել: Մենք մեր պետականությունն ենք պաշտպանում, իսկ դուք պաշտպանում եք ոչ թե բուտիկները, այլ այն կործանումը, դեպի ուր մեր երկիրն ու արյունով ձեռք բերված պետականությունը տանում են ձեր տերերը”,-հայտարարեց Խզմալյանը:

Կրպակներն ապամոնտաժող խմբի անդամները չհստակեցրին, թե հաջորդ նման գործողությունը երբ է իրականանալու, սակայն հույս հայտնեցին, որ այդ ժամանակ իրենց կմիանան բազմաթիվ քաղաքացիներ:

Ի դեպ, այս ողջ գործողություններին չէին մասնակցում պուրակի պաշտպան երիտասարդները: Նրանցից մեկի խոսքով, իրենք զերծ են մնում ապամոնտաժող խմբի գործողություններին մասնակցելուց, որովհետև դա նրանց նախաձեռնությունն է, և իրենք չեն ուզում միջամտել և խանգարել, սակայն պաշտպանում և ողջունում են:

Դիտվել է 1056 անգամ:
Print Friendly

Leave a Reply