Օտարերկրյա արվեստագետները վարպետության դասընթաց են անցկացնում Երևանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 7, 2009 15:48

Լոնդոնի արվեստի համալսարանի պրոֆեսոր Նոյել Վիթսն այսօր Հայֆեստի (HIGHFEST) 7-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակներում հրավիրած ասուլիսում ասաց, որ ցանկացած փառատոնում ներկայացումներ տալուց առավել կարևոր է թատրոնների հանդիպումը, քանի որ այսկերպ այն ավելի արագ է զարգանում:

Անգլիացի Վիթսը Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ փառատոնի շրջանակներում Ինտերստուդիոյի գլխավոր տնօրեն, ԿուկԱրտ միջազգային թատերական փառատոնի նախագահ Դավիթ Բուրմանի, Պրահայի թատերանկարչության և բեմանկարչության Կվադրենիալեի ներկայացուցիչ Յանա Պրեկովայի և ամերիկացի պրոդյուսեր Ֆիլիպ Արնոյի հետ համատեղ տասօրյա վարպետության դասընթաց է անցկացնում հայ երիտասարդների հետ:

Յանա Պրեկովան ասաց, որ իր համար հատկապես հաճելի է տեսնել ներկայացումներ, որոնք երբևէ այլ տեղ տեսնել հնարավոր չէր լինի: Նա վարպետության դասընթացը բաժանել է 4 մասի. առաջին դասը բեմանկարչությունն է, երբ երիտասարդները պետք է իրենց աշխատանքների միջոցով ցույց տան վերջին 4 տարիներին Հայաստանում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները, 2-րդը թատերական ճարտարապետությունն է. մասնակիցները պետք է ցույց տան քաղաքում վերջին ճարտարապետական ձեռքբերումներնը կամ «կորուստները», 3-րդը բեմանկարչությունն է. ցուցադրվելու են դպրոցականների ստեղծագործությունները և 4-րդը կատարողական արվեստն է. Պրեկովան ներկայացնելու է Պրահայի Կվադրենիալեի գործերից:

Պրոդյուսեր Ֆիլիպ Արնոն էլ, ով առաջին անգամ է Հայաստանում և փառատոնի ժյուրիի կազմում է, ասաց, որ դեռ երիտասարդ տարիներից հասկացել է, որ գումարը կարևոր չէ իր համար ու կյանքում ունեցել է 3 երազանք` շատ շրջագայել, ունենալ հնարավորինս շատ խաղալիքներ, ( ի նկատի ուներ նաև տեխնիկան` համակարգիչներ, լուսանկարչական սարք և այլն) և բանտ չընկնել:

Նա խոստովանեց, որ երկու երազանքներն իրականացել են, տարվա 250 օրը ճամփորդությունների մեջ է, իսկ 3-րդը, հուսով է, չի իրականանա: Ճիշտ է, նա երբևէ բանտ չի ընկել, բայց իր պատճառով ընկնող եղել է. Արնոն ասում է՝ տարիներ առաջ Քենիայում փառատոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Ղուկասյանի ձերբակալության պատճառն ինքն է եղել:

«Ես փառատոն էի կազմակերպել Քենիայում ու այդ երկրի արտգործնախարարության միջոցով հրավեր ուղարկեցի Արթուրին, քանի որ Հայաստանը Քենիայի հետ դեսպանատուն չուներ ու վիզայի հարց կար,- պատմեց նա- Ու երբ Արթուրն իջավ Քենիայի օդանավակայան, մի քանի օր առաջ արդեն փոխել էին այդ երկրի օրենքն, ու նրան տեղում ձերբակալեցին` 1 ու կես օր պահելով կալանքի մեջ»:

Մինչ Արթուր Ղուկասյանը ժպիտով լսում էր իր կալանքի պատմությունը, Դավիթ Բուրմանը «ԿուկԱրտ»-ի կողմից նրան շնորհեց շնորհակալագիր, որ կարողացել է ֆինանսական դժվարություններն հաղթահարել ու իրենց հրավիրել՝ մասնակցելու փառատոնին:

Դիտվել է 1335 անգամ:
Print Friendly

Leave a Reply