Սփյուռքյան ցույցերը չե՞ն արտահայտում ողջ Սփյուռքի կարծիքը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 7, 2009 15:51

hakob-avetikyanԱյսօր իրար հաջորդող ասուլիսներում «Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանն ու Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի և Ղարաբաղի գրասենյակի ղեկավար Արփի Վարդանյանը փորձեցին համոզել ներկաներին, որ հայ գաղթօջախներում Արձանագրությունների դեմ ցույցերը չեն արտահայտում ողջ Սփյուռքի կարծիքը:

Ավետիքյանի համար Սփյուռքում նման բուռն հակազդեցությունն անակնկալ էր: Նա այդ ցույցերը որակեց` «լավ կազմակերպված և Դաշնակցության ազդեցությամբ իրականացվող»:

Նա հնարավոր համարեց Հայաստանի և սփյուռքյան որոշ օղակների միջև ջրբաժանի առաջացումը, ինչը, ըստ խմբագրի, պետք է կանխի ՀՅԴ հայաստանյան ղեկավարությունը:

Ավետիքյանը, որպես մխիթարանք, տեղեկացրեց, որ «The California Courier» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված հարցին, թե ինչ կլինի, եթե Թուրքիան բացի սահմանը ու հետո նորից փակի, նախագահը պատասխանել է. «Ստորագրումից առաջ մենք փաստաթղթում որոշակի վերապահումներ կմտցնենք` նշելով, որ եթե այդպիսի բան պատահի, ապա Հայաստանը չեղյալ կհամարի այս փաստաթղթերը»:

arpi-vardanyanԱրփի Վարդանյանը, ի տարբերություն Ավետիքյանի, հանկարծակիի չի եկել սփյուռքյան իրարանցումից՝ ասելով, որ ցույցերը նախատեսված էին և ողջունելի, քանի որ մարդիկ դրանով իրենց կարծիքն են հայտնում:

«Ես ևս` որպես սփյուռքահայ, շատ էմոցիոնալ եմ վերաբերում այս հարցին, սակայն պետք է սառը դատել և մոտենալ հարցին այսօրվա իրավիճակից ելնելով»,-ասաց նա:

Լրագրողների մասնավոր հարցերին պատասխանելուց Վարդանյանը խուսափեց: Իսկ «Անկախի» հարցին, թե սփյուռքյան հանդիպումներից հետո հնարավո՞ր է արդյոք արձանագրություններում փոփոխություններ անել, նա պատասխանեց. «Ես բաժակ նայող չեմ, չեմ կարող գուշակել»:

Դիտվել է 1873 անգամ:
Print Friendly

Leave a Reply