Օպերատիվ շտաբի անդրանիկ նիստը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 3, 2012 20:15

Ապրիլի 3-ին տեղի ունեցավ 2012 թ. մայիսի 6-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգուկանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի անդրանիկ նիստը, որին մասնակցում էին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
Բացելով նիստը՝ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց օպերատիվ շտաբի ձևավորման անհրաժեշտությունը, կառուցվածքը և խնդիրները:
Ոստիկանության պետն անդրադարձավ այս ժամանակահատվածում կատարված աշխատանքին և լրագրողներին կոչ արեց ավելի ակտիվ համագործակցել ոստիկանության հետ՝ ահազանգելով ցանկացած թերության և խախտման մասին, ինչը կօգնի լիարժեք իրացնել ոստիկանության որդեգրած՝ ճշգրիտ ու պարզ գործելու սկզբունքը:
Նշելով, որ առաջիկայում նախատեսվում է ընդլայնված նիստ՝ բոլոր նախընտրական շտաբների պետերի, դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների և լրագրողների մասնակցությամբ՝ Վլադիմիր Գասպարյանը կրկին ընդգծեց ոստիկանության վերքաղաքական ու վերկուսակցական դիրքորոշումն ու համապետական ընտրությունների ընթացքում համակարգին առաջադրված խնդիրները ողջ ծավալով կատարելու հաստատակամությունը:
Նիստի ընթացքում, որը վարում էր օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության պետի տեղեկալ Հունան Պողոսյանը, շտաբի անդամները ներկայացրին համապատասխան խմբերի աշխատանքը, հանրության հետ հաղորդակցման միջոցներն ու հեռախոսահամարները, ընտրացուցակների ճշտման ուղղությամբ տարվող աշխատանքը, զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության խնդիրները, ենթահանձնաժողովների աշխատանքը մարզերում, հասարակական կարգի պահպանմանն ուղղված միջոցառումները և պլանով նախատեսված այլ հարցեր, որոնք պարբերաբար կամփոփվեն շտաբի հաջորդ նիստերում:
Խորհրդակցության ավարտին օպերատիվ շտաբի անդամները պատասխանեցին լրագրողների հարցերին:

Դիտվել է 830 անգամ:
Print Friendly

Leave a Reply