Բրիտանացի փորձագետը հայ լրագրողներին. «Լրագրության ոսկե կանոնն այն է, որ չկա ոսկե կանոն»

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 3, 2012 18:05

Այսօր Բրիտանական խորհուրդը հայաստանյան 20 լրագրողի համար կազմակերպել էր «Թեյըմպում Կիթ Հայեսի հետ» հանդիպում-քննարկումը:  Բրիտանացի մեդիա փորձագետ Կիթ Հայեսը թեյի սեղանի շուրջ լրագրողներին ծանոթացրեց գենդերային քաղաքականության ու ընտրություններում կանանց ներգրավվածության հարցերի լուսաբանման անգլիական փորձին և քննարկումների միջոցով պատասխանեց մասնակիցների հարցերին:

Խոսելով լրագրողական կանոնների մասին` Հայեսը նշեց. «Ժուռնալիստիկայի ոսկե կանոնն այն է, որ չկա ոսկե կանոն»: Այս միտքը նա շեշտեց մի քանի անգամ: Նրա կարծիքով, ժուռնալիստիկայի մեջ պետք է առաջնորդվել ոչ թէ կանոններով, այլ ուղեղով, սրտով և իրավիճակից ելնելով: «Լրագրողները նախ և առաջ պատմություն պատմողներ են, և նրանք այնպես պետք է գրեն, որ այդ պատմությունը լինի համառոտ, ճշգրիտ և անկողմնակալ»,-ասաց նա` միաժամանակ խոստովանելով, որ շատ դժվար, գրեթե անհնար է լինել անկողմնակալ:

Մեդիա փորձագետը հայ լրագրողների հետ քննարկեց նաև գենդերային հավասարության խնդիրներ` մասնավորապես քաղաքականություն և կին համատեքստում: Նրա կարծիքով, լրագրողը, քաղաքականություն մուտք գործող կնոջ մասին հոդված պատրաստելուց կամ նրանից հարցազրույց վերցնելուց, առաջ նախ և առաջ պետք է հասկանա, թե որքանո՞վ է այդ կինը լուրջ տրամադրված այդ գործին: «Եթե նա իսկապես լրջորեն ուզում է զբաղվել քաքաղաքականությամբ և ինչ որ բան փոխել իր երկրում, ապա պետք է հնարավորություն տալ նրան իր գաղափարներն ու տեսակատները ներկայացնել հասարակությանը»,-նշեց նա:

Հայեսը կարծում է, որ ամենալավ ու գենդերային հավասարության առումով պրոֆեսիոնալ հոդվածն այն է, որտեղ ընթերցողը չի զգում` հոդվածի հերոսը կի՞ն է, թե տղամարդ: Այն հարցին, թե արդյո՞ք Մեծ Բրիտանիայում այդ խնդիրը հաղթահարվել է, նա կտրուկ պատասխանեց` ոչ: «Գենդերային հավասարության խնդիրներն առկա են բոլոր երկրներում` թե´ մեծ և´ թե փոքր,-ասաց նա,-օրինակ, մեզ մոտ` Մեծ Բրիտանիայում, կառավարման խորհուրդներում կանայք գրեթե բացակայում են, ինչը լուրջ խնդիր է»:

Նա հիշեց նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերի ժամանակները, երբ խորհրդարանում կային կին պատգամավորներ, ովքեր ոչ թե լուրջ գործով էին զբաղված, այլ ընդամենը «Թոնիի ծտերն էին»:

«Անկախ»-ը փորձառու լրագրողից հետաքրքրվեց, թե ինչպես է նա վերաբերվում, օրինակ, երբ հարցազրույց տված անձը լրագրողին խնդրում է մինչև հոդվածը տպագրելը իրենց ցույց տալ: «Արդյո՞ք լրագրողական էթիկայի խախտում չէ` այդ խնդրանքը մերժելը» հարցին Հայեսը պատասխանեց. «Լրագրողական էթիկայի խախտում է մինչև տպելը քո հոդվածը նրան ցույց տալը,-ասաց նա,-չէ՞ որ դա քո աշխատանքն  է, և դու կարող ես գրել այնպես, ինչպես ինքդ ես ուզում»:

Լրագրողներին հետաքրքրում էր նա, թե Հայեսն ինչպես է դիտարկում լրագրողների մուտքը դեպի քաղաքականություն և խորհրդարան: Նա ասաց, որ միանգամայն նորմալ է վերաբերում այդ երևույթին, հատկապես որ դա գրեթե բոլոր երկրներում է ընդունված:

Նշենք, որ Կիթ Հայեսը Ռադիոյի և Հեռուստատեսության լուրերի ղեկավարների ասոցիացիայի անդամ է և ԶԼՄ-ների զարգացման խորհրդատու:  Դասընթացներ ու վերապատրաստումներ է անցկացրել Չինաստանում, Սերբիայում, Ռումինիայում, Ուկրաինայում, Ռուսաստանում և այլ երկրներում: Մինչ վերապատրաստման ծրագրերին անցնելը, երկար տարիներ աշխատել է հեռուստատեսությունում` մասնագիտանալով հետաքննական լրագրության ոլորտում: Հանդես է եկել որպես հեռուստատեսային վավերագրականների պրոդյուսեր: Աշխատել է Ռոյթերսում, BBC-ում, CNBC-ում և այլն: Ունի ավելի քան 35 տարվա աշխատանքային փորձ: Հեղինակել է «Pay Attention, Please» գիրքը, որը լայնորեն օգտագործվում է մեդիա վերապատրաստման դասընթացների ընթացքում:

Դիտվել է 1385 անգամ:
Print Friendly

Leave a Reply