ՕԵԿ-ի մամուլի քարտուղարն էլ է «բեխաբար»
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 3, 2012 17:42
ՕԵԿ-ի համամասնական ցուցակից հանված է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արամ Հարությունյանի անունը:
Yerkir.am-ի հետ զրույցում ՕԵԿ-ի նորանշանակ մամուլի քարտուղար Հարություն Ամիրյանը հայտնեց, որ ցուցակից դուրս գալը եղել է կուսակցության եւ Արամ Հարությունյանի համատեղ որոշումը. «Նախընտրական շրջանում Հարությունյանը, ինչպես նաեւ ցուցակից դուրս եկած այլ ՕԵԿ-ականներ կենտրոնանալու են կուսակցական աշխատանքի վրա»:
Պարզվում է` իրականում ոչ թե Հարությունյանն է դիմում գրել եւ դուրս եկել ցուցակից, այլ ԿԸՀ-ն է մերժել նրան գրանցել:
ԿԸՀ կայքում ապրիլ 1-ին տեղադրված որոշման համաձայն` ԿԸՀ-ն մերժել է գրանցել Արամ Հարությունյանի թեկնածությունը, քանի որ ՕԵԿ-ի կողմից դիմումին կից ներկայացված փաստաթղթերում Արամ Հարությունյանի անձնագրի սերիան և համարը` AE 0341792, տրման ամսաթիվը` 16.09.1999, և ում կողմից` 013, տվյալները չեն համապատասխանել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի կողմից 15.03.2012թ. քաղաքացի Արամ Հարությունյանին տրամադրված` վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացի չհանդիսանալու և վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին N 25/01-15336 տեղեկանքում նշված տվյալներին:
Ստացվում է` կա’մ ՕԵԿ-ի նոր մամուլի քարտուղարը բեխաբար է իր գործից, կա’մ էլ կարծել է, թե ԿԸՀ-ն ապրիլմեկյան կատակ է արել:
Ի դեպ, մեր տեղեկություններով` ՕԵԿ նորանշանակ մամուլի քարտուղարը ԱԱԽ-ում թարգմանիչ է աշխատել, իսկ մամուլի քարտուղար նշանակվել է Արթուրի սիրո ու վստահության շնորհիվ:
Yerkir.am






Facebook
Tweet This
Email This Post
