Սոցիալական գործընկերության նոր էջ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 3, 2012 17:10

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր ստորագրվել է համագործակցության համաձայնագիր` ի դեմս նախարար Արմեն Աշոտյանի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի: Կարևորելով համաձայնագրի ստորագրումը` նախարար Ա. Աշոտյանը բարձր է գնահատել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության և անձամբ Ռ. Յիրիկյանի դերը` որպես վստահելի և պատասխանատու գործընկեր կրթական բարեփոխումների իրականացման գործում:”Պետությունը շահագրգռված է մասնավոր հատվածի` կրթության ոլորտի զարգացման մեջ ներդրումներ կատարելու գործընթացում:Մենք սոցիալական գործընկերության և բիզնեսի սոցիալական պատասխանատվության ընդլայնման ջատագովներն ենք: Ցավոք, Հայաստանում բիզնես հատվածն ամբողջությամբ չի գիտակցում կրթության ոլորտում ներդրումներ կատարելու կարևորությունը ոչ միայն երկրի, այլ նաև սեփական բիզնեսի ապագա զարգացման տեսանկյունից: Կրկնակի ուրախալի է, որ մեր գործընկերները տարիների ընթացքում ապացուցել են իրենց պատրաստակամությունը` աշխատելու հանուն ոչ միայն սեփական շահույթի, այլ նաև հասարակության զարգացման”,-նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ կնքված համաձայնագիրը եզակի է  իր բնույթով, քանի որ փաստաթղթում ամրագրված հինգ հիմնական գործողությունները բխում են ՀՀ կառավարության 2012 թվականի կրթության ոլորտի գերակայություններից, ըստ այդմ` նման համագործակցությունը խիստ նպատակային և թիրախային է և բխում է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներում պետության և հասարակության ակնկալիքներից և սպասումներից: “Համաձայնագրով նախատեսված միջոցառումները նոր էջ են բացելու կրթական ոլորտի ապագայի համար, և 2013 թվականին նշված ծրագրերը վստահաբար ունենալու են ավելի մեծ պահանջարկ և կիրառություն”,-ընդգծել է նախարարը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ իրականում Հայաստանում բոլոր ոլորտները, այդ թվում հատկապես կրթությունը, ունեն մասնավոր հատվածի ներդրումների կարիք, որպեսզի բարեփոխումներն ավելի արագ և թափանցիկ ընթացք ունենան: Պարոն Յիրիկյանը հավաստիացրել է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացվող ծրագրերը միանգամյա կիրառության չեն, այլ կրելու են շարունակական բնույթ:

Ըստ համաձայնագրի` կիրականացվի հանրակրթական դպրոցների վարկանիշավորման մեթոդաբանության մշակում, որը նպատակ ունի գնահատելու հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության իրական արդյունքը: Ներկայումս դպրոցների վարկանիշը ձևավորվում է հասարակական կարծիքի հիման վրա, որը հաճախ կրում է սուբյեկտիվ բնույթ: Նոր համակարգի ներդրումը հնարավորություն կտա ներկայացնելու օբյեկտիվ չափագրման մեխանիզմներ, ինչպես նաև հայտնաբերելու “լավ”, “միջին” և “վատ” դպրոցները` դրանք նախարարության ուշադրության կենտրոնում պահելու և խնդիրներ ունեցող  դպրոցներում լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու նպատակով: Համաձայնագրի մյուս կետով կմշակվեն ՀՀ բուհերի ազգային վարկանիշային աղյուսակներ, որոնց միջոցով կստեղծվի բարձրագույն կրթության վերաբերյալ համապարփակ և թափանցիկ դասակարգման համակարգ: Բացի այդ, նման մեխանիզմի առկայությունը Բոլոնիայի գործընթացում  գերակա ուղղություններից մեկն է` բուհերի գործունեության թափանցիկության և հասարակության առջև հաշվետվողականության տեսակետից: Նշված գործընթացի իրականացման նպատակով նախատեսվում է մշակել սեփական կիրառելի վարկանիշավորման մեթոդաբանություն` հաշվի առնելով բուհի կողմից հրապարակված գիտական հոդվածների քանակի, պրոֆեսորադասախոսական կազմի որակական հատկանիշների, բուհ-աշխատաշուկա կապի, բուհի գիտահետազոտական լաբորատորիաների թվի, ուսանողների առաջադիմության  և այլ ցուցանիշների համամասնությունը: Համաձայնագրի մյուս կետով բարձր առաջադիմություն  արձանագրած ուսանողներին խրախուսելու նպատակով կանցկացվի “Լավագույն ուսանող” հանրապետական մրցութը`  հայտնաբերելու և խրախուսելու լավագույն ուսանողներին և այն վերածելու հանրապետական փառատոնի: Ըստ համաձայնագրի մյուս կետի` նախատեսվում է ստեղծել հանրակրթական դպրոցների շուրջ 230 անուն դասագրքերի և մեթոդական ձեռնարկների ամբողջական էլեկտրոնային շտեմարան, որը ոչ միայն հասանելի կլինի ներբեռնման համար, այլ նաև կլուծի համացանցում հայալեզու կրթական բովանդակության հարստացման և դասագրքերի մատչելիության խնդիրը` ուսումնամեթոդական պաշարների միասնական տարածք ստեղծելու հարցում: Համաձայնագրի վերջին կետով նախատեսվում է ՀՀ տարածքում գործող 107 ավագ դպրոցում տեղադրել անլար ինտերներտ /WI-FI/, որը դպրոցականների կողմից ուսումնական գործընթացում, ինչպես նաև ազատ ժամանցի ընթացքում կօգտագործվի միայն կրթական, ուսումնական և սոցիալական նպատակներով:

Համաձայնագրում ամրագրված հինգ հիմնական ծրագրերի իրականացման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարելու է շուրջ 37մլն դրամ ներդրում:

Մամուլի ասուլիսի ընթացքում բանախոսներին ուղղվել են նաև հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են ծրագրերի առաջնահերթության, վարկանիշավորման չափորոշիչների, ներդրումների ծավալների և այլ խնդիրներին:

Դիտվել է 1213 անգամ:
Print Friendly

Leave a Reply