Լավրովի պաշտոնական այցի «ոչ պաշտոնական» հնարավորությունները
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 3, 2012 15:05
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի այցը, նախևառաջ, նվիրված է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին և դա, փաստորեն, տուրնե է ԱՊՀ-ի պետություններով: Այս մասին այսօր` ապրիլի 3-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Քաղաքագետը ասաց, որ սա է հուշում Ռուսաստանի արտգործնախարարության տրամադրած պաշտոնական տեղեկատվությունը: Բայց չի բացառվում նաև, որ այդ այցերի շրջանակներում շատ լուրջ խնդիրներ կքննարկվեն թե’ Հայաստանում, թե’ Ադրբեջանում և թե’ տարածաշրջանում Ռուսաստանի հետագա գործունեության մասին:
«Այստեղ մի կարևոր հանգամանք կա, որ Ռուսաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, և Լավրովի այս այցը, բացի այդ միջոցառումների շրջանակից, նաև նպատակ է հետապնդում` նախկին ադմինիստրացիայի զեկույցը նոր նախագահին: Եվ ընդհանրապես, քանի որ Պուտինը պետք է վերադառնա նախագահի պաշտոնին, խնդիր կա հստակեցնելու այն իրավիճակները, որ ստեղծված են տարածաշրջաններում: Հարավային Կովկասում` մեր տարածաշրջանում, բավականին շատ խնդիրներ կան Ռուսաստանի համար և կան անհասկանալի հարցեր, որոնց թվում են նաև արցախյան կարգավորման հարցի շուրջ տեղի ունեցող զարգացումները: Ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանը վերջին շրջանում բավականին լուրջ ջանքեր է գործադրում ստեղծված ֆորմատը փոխելու համար: Դա արվում է Թուրքիայի հետ համատեղ ջանքերով: Ուզում եմ հիշեցնել, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ հաջողվեց եվրապառլամենտի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկել Արցախյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: Առաջարկ եղավ Ֆրանսիայի մանդատը փոխարինել Եվրամիության մանդատով, ինչն, ակնհայտ է, որ Ադրբեջանի քարոզչության միջոցով եղավ, քանի որ նախքան այդ քննարկումը` երկու օր առաջ, նույն այդ հանձնաժողովի պատվիրակները եղել էին Ադրբեջանում, հանդիպել են Ալիևի հետ, և դրանից հետո, փաստորեն, նման առաջարկներ արեցին»,- նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Բանախոսն ասաց նաև, որ Ռուսաստանի համար շատ կարևոր է շարունակել հետևել մեր տարածաշրջանում զարգացումներին, մանավանդ հակամարտություններին վերաբերող զարգացումներին, քանի որ նախևառաջ համարելով իր համար կենսական շահերի, ազդեցության գոտի, Ռուսաստանը նաև հասկանում է, որ այստեղ ապակայունացված իրավիճակը լուրջ սպառնալիք է Հյուսիսային` Ռուսական Կովկասին, որովհետև շատ հավանական է, որ սկիզբ առած հնարավոր ռազմական կոնֆլիկտները շղթայական ռեակցիայով տեղափոխվեն Դաղստան, Չեչնիա և այլն:






Facebook
Tweet This
Email This Post
