Թուրք լրագրողին 28 տարվա ազատազրկում է սպառնում` Հրանտ Դինքի մասին գրած գրքի համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 12, 2009 11:50

Նեդիմ Շեներ«Դինքի սպանությունը և գաղտնի հետաքննության սուտը» գրքի հեղինակ, թուրքական «Միլիեթ» թերթի լրագրող Նեդիմ Շեները կանգնել է դատարանի առաջ:

Իր գրքում Շեները մեղադրել է թուրքական անվտանգության ուժերին` Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագիր Հրանտ Դինքի սպանության հետաքննության անկատարության և կողմնակալության մեջ: Շեներին 28 տարի ժամկետով բանտարկություն է սպառնում, իսկ Դինքին սպանողին` ընդամենը 20 տարվա:

Հիշյալ գրքի հրապարակումից հետո, որում հեղինակը մեղադրել է ոստիկանության և անվտանգության մարմինների մի շարք սպաներին անտարբերության մեջ, Թուրքիայի քննչական բաժնի պետն ու երեք սպաներ դատական հայց են ներկայացրել Շեների դեմ:

Լրագրողի դեմ մեղադրանք է ներկայացվել «ահաբեկչության դեմ պայքարում ներգրավված չինովնիկներին զրպարտելու և գաղտնի տեղեկատվություն հրապարակելու» հոդվածով: Երեկվա դատալսման ժամանակ Շեները հայտարարել է, որ գրքում շարադրված տեղեկատվությունը հրապարակվել է թուրքական մամուլում մինչև գրքի հրատարակումը:

Նա ասել է, որ դատական գործընթացը ջանում է հասարակությունից թաքցնել Հրանտ Դինքի սպանության իրական փաստերը, և որ իր նկատմամբ իրագործվող դատավարությունը վնասում է մամուլի ազատությանը: Դատավորը հետաձգել է հաջորդ դատալսման ժամկետը:

«Միլիեթի» գլխավոր խմբագիր Սեդաթ Էրջանը «Անատոլու» գործակալությանը հայտարարել է, որ մասնակցում է դատավարությանը` Շեներին աջակցելու և մամուլի ազատությունը պաշտպանելու համար: Թուրքիայի լրագրողների միությունը հայտարարություն է տարածել, որում անհանգստություն է հայտնել երկրում դեմոկրատիայի իրավիճակով:

Դիտվել է 1370 անգամ:
Print Friendly

Leave a Reply