Ն.Զոհրաբյան. «Կարմիր կովը կաշին չի փոխում` Մամեդյարովը կրկին խեղաթյուրեց փաստերը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 2, 2012 20:17

«Չնայած առավոտյան էներգետիկ և տնտեսական հանձնաժողովներում ադրբեջանական կողմը զարմանալիորեն ձեռնպահ էր մնացել Լեռնային Ղարաբաղի խնդրին անդրադառնալուց, ինչը միշտ առկա է եղել միջազգային ցանկացած կառույցներում ցանկացած քննարկման ժամանակ` անկախ քննարկման ձևաչափերից, այդուհանդերձ ճշմարտացի է հայտնի հայկական ասացվածքը ` «կարմիր կովն իր կաշին չի փոխում». քիչ առաջ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի քաղաքական հանձնաժողովի նիստում ունեցած ելույթը բացառապես Ղարաբաղին էր նվիրված»,- Panorama.am-ին Բաքվից փոխանցեց Եվրանեսթ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս , ի դեպ, քաղաքական հանձնաժողովի փոխնախագահն է:

Մամեդյարովի ելույթը, որը նվիրված էր Լեռնային Ղարաբաղին, հնչել է այն դեպքում, երբ հանձնբաժողովում քննարկվող բանաձևը վերաբերել է բացառապես դեմոկրատիայի հետագա զարգացմանը: Ն.Զոհրաբյանի խոսքերով` Ադրբեջանի արտգործնախարարի ելույթը համեմված է եղել ավանդական ստերով ու խեղաթյուրումներով, որոնցով ադրբեջանցի պատվիրակները մշտապես ողողում են միջազգային կառույցներում ունեցած ելույթները` «օկուպացիա», «1 մլն փախստականներ» և այլն:

Բնական է, հայկական պատվիրակությունը չէր կարող այս խայտառակությունը անպատասխան թողնել, առավել ևս, որ նման սադրանքի ակնկալիքով էին գնացել Բաքու: Եվ առաջինը ելույթ ունենալու հնարավորություն ստացել է հենց մեր զրուցակիցը.

«Նախևառաջ հայտարարեցի, որ առավոտյան շատ էինք զարմացել, որ երկու հանձնաժողովներում Ադրբեջանի ներկայացուցիչները չփորձեցին ցանկացած խնդիր տրանսֆորմացնել Ղարաբաղի խնդրին` աղավաղելով փաստերն ու իրողությունը: Սակայն մեր պոզիտիվ լավատեսությունը շատ կարճ տևեց և հենց ինքը` Ադրբեջանի արտգործնախարարը, խայտառակ կերպով խեղաթյուրեց դրանք: Հայտարարեցի նաև, որ ինքնորոշման իրավունքը ադրբեջանցիները անվանում են «օկուպացիա», այնինչ դա միջազգային իրավունքի կարևորագույն նորմն է և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրացրել է իր ինքորոշման իրավունքը»,- փոխանցեց Ն.Զոհրաբյանը: Նա տեղեկացրեց նաև, որ անդրադարձել է իր ելույթում օկուպացիային, սակայն ոչ այն կոնտեքստում, ինչ իմաստ որ այս որակման մեջ ներդնում է Ադրբեջանը.

«Այո, օկուպացիա եղել է, բայց եղել է Ադրբեջանի կողմից` Շահումյանի և Մարտակերտի շրջաններն են օկուպացված և այլ օկուպացիա մեզ հայտնի չէ»:

Panorama.am-ի զրուցակիցը հաղորդեց, որ հայկական պատվիրակությունից Մամեդյարովին ի պատասխան ելույթով հանդես է եկել նաև «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը, ով ևս անդրադարձել է ինքնորոշման իրավունքին, որն իրացրել է ԼՂ ժողովուրդը:

Իսկ արտգործնախարար Մամեդյարովն էլ արձագանքել է, թե ինքը որևէ նորություն չի ասել և , Ն.Զոհրաբյանի խոսքերով, փորձ է արել խնդրից խուսափել` ասելով, թե կոնֆլիկտների լուծմամբ պետք է զբաղվեն գործադիրները, իսկ խորհրդարանական հարթակը ավելի շատ քննարկումների հարթակ է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Panorama.am-ին Ն.Զոհրաբյանը հաղորդել էր այն բոլոր միջոցառումների մասին, որ ադրբեջանական կողմը ձեռնարկել է հայկական պատվիրակության Բաքվում գտնվելը անվտանգ դարձնելու համար և տեղեկացրել, որ զարմանալիորեն ադրբեջանցի ապտվիրակները զերծ են մնում ամեն հարց ու քննարկում տրանսֆորմացնել ԼՂ հիմնախնդրին: Փաստորեն, ադրբեջանցիների զսպվածությունը երկար չտևեց:

Դիտվել է 1111 անգամ:
Print Friendly

Leave a Reply