ԿԸՀ-ում վիճականությամբ որոշվեց քաղաքական ուժերին անվճար եթերաժամի հատկացման հերթականությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 2, 2012 20:05

Այսօր տեղի ունեցած ԿԸՀ արտահերթ նիստի օրակարգում Հանրային ռադիոյի և հեռուստատեսության եթերում առաջիկա քարոզարշավի ժամանակահատածում համամասնական ընտրակարգով գրանցված քաղաքական ուժերին  անվճար եթերաժամի բաշխման հարցն էր:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ Հանրային հեռուստատեսությամբ անվճար եթեր կուսակցություններին կհատկացվի ժամը 18-ից, իսկ Հանրային ռադիոյի եթերում օրական երկու անգամ` ժամը 13:30-ից և 21:40-ից սկսած:

Առաջին ալիքով քարոզարշավի ընթացքում յուրաքանչյուր կուսակցության կարող է հատկացվել 60 անվճար և 120 վճարովի րոպե եթերային ժամանակ, իսկ Հանրային ռադիոյում ամեն քաղաքական ուժի կհատկացվի 120 րոպե անվճար և 180 րոպե վճարովի եթերաժամանակ:

Առաջին ալիքի եթերում անվճար րոպեները կբաշխվեն հետևյալ կերպ. ապրիլի 8-22-ը` օրական 2 անվճար և 4 վճարովի րոպե, ապրիլի 23-28-ը` 2 անվճար և 5 վճարովի րոպե, իսկ ապրիլի 29-մայիսի 4-ը` 3 անվճար և 5 վճարովի րոպե:

Հանրային ռադիոյում կուսակցություններին ապրիլի 8-25-ը օրական երկու անգամ կհատկացվի 2 անվճար և 3 վճարովի րոպե, ապրիլի 26-28-ին` երկու անգամ  2 անվճար և 4 վճարովի րոպե, ապրիլի 29-մայիսի 4-ը` էլի երկու անգամ  3 անվճար և 4 վճարովի րոպե:

ԿԸՀ նախագահը նշեց նաև, որ եթերաժամի համար քաղաքական ուժերը սահմանված կարգով պետք է պայմանագիր կնքեն Հանրային ռադիոյի և հեռուստաընկերության հետ:

Տեղի ունեցավ նաև վիճակահանություն, որով էլ որոշվեց, թե Հանրային ռադիորյի և հեռուստատեսության եթերը որ օրը ինչ հերթականությամբ պետք է տրամադրվի համամասնական կարգով ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին:

Այսպես, ապրիլի 8-ին Հանրային հեռուստաընկերության անվճար եթերաժամանակը կհատկացվի հետևյալ հերթականությամբ`«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Ժառանգություն» կուսակցություն, Հայաստանի կոմունիստական կուսակցություն,  «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն, Միավորված հայեր կուսակցություն, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն,  Հայաստանի հանրապետական կուսակցություն, «Օրինաց երկիր» կուսակցություն և Հայ ազգային կոնգրես կուսկցությունների դաշինք:

Դիտվել է 991 անգամ:
Print Friendly

Leave a Reply