Քաղաքապետը հյուրընկալել է Տոկիո լարային քառյակի անդամներին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 2, 2012 18:48

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է “Երևանյան հեռանկարներ” 13-րդ երաժշտական միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Տոկիո լարային քառյակի անդամներին և փառատոնի հիմնադիր նախագահ, գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանին:
Ողջունելով հյուրերին` քաղաքապետը շնորհավորել է 2012 թվականի համերգաշրջանի բացման կապակցությամբ և կարևորել քառյակի մասնակցությունը երևանյան մշակութային կյանքին:
“Մեր քաղաքը մշակութային հարուստ պատմություն ու ներկա ունի և մեզ համար պատիվ է հյուրընկալել ձեզ Երևանում: Վստահ եմ, որ համերգային անմոռանալի երեկո է սպասում երևանցիներին”,-նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Երևանի դռները միշտ բաց են քառյակի առջև:
Շնոհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ հյուրընկալության համար` Տոկիո լարային քառյակի անդամները նշել են, որ, իրենք տպավորված են ու երջանիկ 7 տարի անց` 2-րդ անգամ գտնվել 2794-ամյա քաղաքում և անհամբեր սպասում են երևանյան հանդիսատեսի հետ հանդիպմանը:
Տարոն Մարգարյանը հյուրերին առաջարկել է ազատ ժամանակը տնօրինել քաղաքին ծանոթանալով և հույս հայտնել, որ քառյակի հետ հաջորդ հանդիպումը չի ուշանա ու երևանյան հանդիսատեսը ավելի հաճախ հնարավորություն կունենա ունկնդրել երաժշտախմբի կատարումները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 905 անգամ:
Print Friendly

Leave a Reply