Մեկնարկել են ուսանողական 13-րդ մարզական խաղերը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 2, 2012 18:38


ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ներկա է եղել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների 13-րդ հանրապետական մարզական խաղերի բացմանը, որը տեղի է ունեցել Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի մարզահամալիրում: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ուսանողական հերթական խաղերը հայտարարելով բացված, շնորհավորել է մարզական մրցաշարի բոլոր մասնակիցներին և նշել, որ խաղերն այս տարի նվիրված են ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձին։ “Մասնակցելով այս խաղերին՝ դուք բարձր եք պահելու ոչ միայն ձեր բուհի պատիվը, այլև բուհական ողջ համակարգի մարզական դրոշը”,- ընդգծել է նախարարը: Նա նաև նշել է, որ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան այս տարի դարձել է Եվրոպական ուսանողական մարզական ասոցիացիայի լիիրավ անդամ, և հուլիսի 13-23-ն Իսպանիայում տեղի ունենալիք Եվրոպական ուսանողական օլիմպիադային կմասնակցեն նաև Հայաստանի ուսանող-մարզիկները: “Ես վստահ եմ, որ ուսանողական սպորտը Հայաստանում լավ հեռանկարներ ունի։ Բոլորս պետք է հասկանանք, որ առողջ ապրելակերպը ոչ թե վարչական, ուսումնական, ծրագրային հրամայական է, այլ յուրաքանչյուր մարդու համար սեփական առողջությունը փայփայելու հրամայական”,- ընդգծել է Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ մեծ ուշադրություն պետք է դարձնել ուսանողական ակումբների զարգացմանն ու բուհերի մարզաբազաների բարելավմանը։
Մարզական խաղերը կանցկացվեն ապրիլ-մայիս և հոկտեմբեր ամիսների ընթացքում։ Ուսանողներն իրենց ուժերը կչափեն հետևյալ մարզաձևերում՝ սեղանի թենիս, շախմատ, բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, կրոսավազք, մինի ֆուտբոլ, լող։ Մարզական խաղերի կազմակերպիչներն են՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան։

Դիտվել է 1019 անգամ:
Print Friendly

Leave a Reply