Աուտիզմի իրազեկման միջազգային օր

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | April 2, 2012 18:04

Աուտիզմի իրազեկման միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել “Աուտիզմը Հայաստանում- ձեռքբերումներ և հեռանկարներ” թեմայով գիտաժողով, որին մասնակցել են ՀՀ պետական կառավարման մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը կարևորվել է աուտիզմի մասին տեղեկատվության հրապարակայնության և հասարակության պատշաճ իրազեկման խնդիրը: “Ներկայումս աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, աուտիզմով հիվանդ երեխաների թիվն աճում է մեծ արագությամբ: Եվ պատահական չէ, որ պետությունը հստակ քայլեր է ձեռնարկում նշված հիվանդությամբ տառապող երեխաների բացահայտման, նրանց թվաքանակի, խնդիրների, կրթական կարիքների բավարարման նպատակով լիարժեք ինստիտուցիոնալ հիմքեր ստեղծելու ուղղությամբ: Ակնհայտ է, որ  համապատասխան համագործակցային հարթակներ պիտի ստեղծվեն պետություն-հասարակական հատված-միջազգային կազմակերպություն եռանկյունու մեջ` նման երեխաների կրթական կարիքների բավարարման և հետևաբար ողջ կյանքի ընթացքում  հոգացության, ուշադրության կենտրոնում պահելու և ապագայի նկատմամբ մեծ լավատեսություն  դրսևորելու նպատակով”,-նշել է նախարարը` այս համատեքստում կարևորելով ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ և աջակցությամբ իրականացված աշխատանքային խորհրդակցությունների և քննարկումների մի ամբողջ շարք: “Ուրախ եմ` փոխանցել առաջին տիկնոջ ողջույնը և պատրաստակամությունը` աջակցել նման երեխաների կրթական և այլ կարիքների բավարարմանն ուղղված պետական, հասարակական և միջազգային ջանքերի համադրման ծրագրերին: Բացի այդ, ՀՀ կառավարությունը հավանության է արժանացել “Աուտիզմ-ազգային հիմնադրամ” ստեղծելու մասին որոշման նախագիծը, համաձայն որի` հիմանդրամին, որի մասնակիցն է ՀՀ կառավարությունը, հատկացրել է համապատասխան տարածք, բարեկարգման և նախնական նյութատեխնիկական վերազինման համար անհրաժեշտ միջոցներ: Սա պետական հոգածության դրսևորման ձև է, սա մեր պարտավորությունն է, պետական հովանավորության և բարոյական աջակցության արդյունքում ծնված նախաձեռնություն: Յուրաքանչյուր երեխայի կրթական կարիքների բավարարումը ՀՀ կառավարության պարտականությունն է, և ուրախ եմ, որ աուտիզմի շուրջ մեզ համախմբեց այս հասարակական նախաձեռնությունը, բարոյական աջակցությունն ու պատրաստակամությունը` թեթևացնելու մեր երեխաների հոգսերը և նրանց ապահովելու առավել լուսավոր ապագա”,-ընդգծել է նախարարը:

Գիտաժողովի ընթացքում ելույթներով և զեկուցումներով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության, առողջապահության նախարարությունների, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, “Առաջինը երեխաներին” բարեգործական կազմակերպության, “Երեխաների զարգացման միջազգային կենտրոն”, “Աուտիզմ. հաղթահարում”  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Գիտաժողովի ընթացքում մասնակիցներին ուղղվել են հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են ՀՀ-ում համապատասխան մասնագետների առկայության, վիճակագրական տվյալների  և մարզային ներգրավվածության խնդիրներին:
Դիտվել է 1364 անգամ:
Print Friendly

Leave a Reply