Հայաստանում հակամենաշնորհային քաղաքականություն լավ չի իրագործվում
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | Աննա Մուրադյան | October 7, 2009 13:38
Այսօր մեկնարկեց ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 30-րդ նիստի աշխատանքները(ՀՔՄԽ):
«ԱՊՀ անդամ պետություններից յուրաքանչյուրն ընտրել է հակամենաշնորհային քաղաքականություն իրականցնելու իր ուղին, որպեսզի հավասար պայմաններ ապահովի տնտեսվարողների համար»,- խորհրդի աշխատանքների բացմանն ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վարչապետն ասում է, որ Հայաստանում հակամենաշնորհային օրենսդրությունը լավ չի գործում. «մեր խնդիրն այն է, որ պայքարենք ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ»:
Նիստի ընթացքում քննարկվեցին ՀՔՄԽ 29-րդ նիստում կայացված որոշումների իրականացման ընթացքը, ՀՀ մրցակցության քաղաքականության և զարգացման միտումների իրավիճակը և ԱՊՀ անդամ պետություններում հակամենաշնորհային օրենսդրության խախտման շուրջ համատեղ ուսումնասիրությունների վերաբերյալ աշխատանքային խմբի գործունեության արդյունքը:
Վարչապետը Հայաստանում հակամենաշնորհային ձեռնարկների անօգտավետության թիվ մեկ պատճառ նշեց ստվերի բարձր մակարդակը. «դա պետության գործառույթն է, և պետք է կոմպլեքս միջոցառումներ կիրառել հարկային և մաքսային մարմինների աշխատանքային գործունեության ասպարեզում, որ կարողանանք մեր ներքին շուկայում իրական մրցակցություն ապահովել»:
ՀՔՄԽ քարտուղարության ղեկավարԱզան Ուսմանովը զեկույցում ասաց, որ ԱՊՀ տնտեսության անկման միջին ցուցանիշը առաջին 8 ամիսների արդյունքով կազմել է 9 տոկոս: Ընդ որում, անկման ցուցանիշով Հայաստանն առաջին տեղում է, իսկ Ադրբեջանում գրանցված է 3 տոկոս աճ:
Հոբելյանական նիստին մասնակցում էին ԱՊՀ անդամ պետություների, Ռումինիայի, Սիրիայի, Մոնղոլիայի և Եվրոպական հանձնաժողովի հակամենաշնորհային մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ՀՀ-ում Եվրամիության դեսպանատան, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների (ԳՏՀ/GTZ, ԵԱՀԿ/OSCE, ՄԶՄՆԳ/USAID, ՀԵՔԻԽԿ/AEPLAC, ՀԲ/WB) ներկայացուցիչներ:






Facebook
Tweet This
Email This Post
