Սարգսյանը հորդորել է լիբանանահայերին հավատալ ու վստահել Հայաստանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 7, 2009 13:14

serj-sargsyanԼիբանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օգտակար է գնահատել սփյուռքի հետ ունեցած հանդիպումները` նշելով, որ բացի հնչող կողմ կամ դեմ փաստարկներից, եղել են նաև ՀայաստանԹուրքիա հարաբերությունների հետ կապված շատ արժեքավոր առաջարկություններ: «Հայաստանի ու Թուրքիայի միջև այժմ գոյություն ունեցող անբնական վիճակը օգտակար չէ ոչ մեզ և ոչ էլ Թուրքիայի համար: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը հնարավորություն կտա ստեղծել մի հարթակ, շատ թե քիչ տանելի մի միջավայր` երկխոսությունն ու բանակցություններն առաջ տանելու համար»,- նշել է երկրի ղեկավարը:

Անդրադառնալով հայթուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հնչող մտահոգություններին` Սարգսյանն ասել է, որ ինքն էլ մտահոգություններ ունի. «Ես ինքս էլ շատ պարագաներում փորձում եմ իմ հույզերը համադրել այն մարդկանց հույզերի հետ, ովքեր վատատես են, ովքեր անցյալի դառը փորձից ելնելով` համարում են, որ Թուրքիայի հետ, ընդհանրապես, որևէ պարագայում չի կարելի խոսել կամ բանակցել: Այս ամենն օբյեկտիվ է, չնայած գոյություն ունեցած մտահոգություններին` վստահությունն ու հավատը սեփական ուժերի նկատմամբ բերեց ցանկալի արդյունքի»,- ասել է նա:

Անդրադառնալով հնչող մտահոգությանը, թե գործընթացի արդյունքում Թուրքիան կարող է դերակատարություն ստանձնել Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում` նախագահն ասել է, որ որ Արցախի հիմնախնդրի հանգուցալուծումն ու ՀայաստանԹուրքիա հարաբերությունների կարգավորումը որևէ կերպ փոխշաղկապված չեն, ինչի մասին բազմիցս հայտարարվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծում կստանա միայն այն դեպքում, երբ տեսնենք, որ ունենք այն, ինչի համար մենք` մեր ժողովուրդը, պայքարել է 1988 թ. սկսած»»,-ասել է նա:

Սարգսյանը հորդորել է լիբանանահայերին հավատալ ու վստահել Հայաստանին: «Հավատալ ու վստահել չի նշանակում ձեռքերը ծալած նստել կամ սպասել հրահանգների: Մեր պարագայում դա բացառված է: Հավատալ ու վստահել Հայաստանին նշանակում է ակտիվորեն արձագանքել Երևանի նախաձեռնություններին և միաժամանակ նրանից պահանջել այն, ինչ պարտավոր է անել համայն հայության հայրենիքը` իր հայրենազուրկ զավակների համար»,- ասել է նա:

Դիտվել է 927 անգամ:
Print Friendly

Leave a Reply