Համալրվում է ԱԻՆ հակակարկտային բազան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 2, 2012 14:56

Ապրիլի 2-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ ԱԻՆ ղեկավար կազմի ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։

Նախարար Երիցյանը ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնին հանձնարարեց ակտիվացնել կապերը տարբեր երկրների համանման կառույցների հետ, մասնավորապես ամենօրյա կապ պահպանել և տեղեկատվություն փոխանակել ԱՊՀ երկրների ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնների հետ։

Նախարարին զեկուցվեց, որ այս տարի նախատեսվում է կառուցել 35 հակակարկտային կայան, որոնցից 9-ը կլինեն շարժական կայաններ` տեղակայված Արմավիրի, Արագածոտնի և Լոռու մարզերում։ Այսօր Հայաստանի չորս մարզերում գործում է 119 հակակարկտային կայան։ Կարկտի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ԱԻՆ Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայությունում ակտիվորեն ուսումնասիրվում են այլ երկրներում կիրառվող հակակարկտային պայքարի մեթոդները, այդ թվում` Ռուսաստանում գործածվող իոնային համակարգը և Ֆրանսիայում որդեգրած ռեագենտային մեթոդը։
Նախարար Երիցյանը նշեց, որ այսօր նախարարությունը ևս մեկ քայլ է անում հակակարկտային ծառայությունը բարելավելու ճանապարհին. – Հակակարկտային ծառայության բարելավման հարցը մշտապես գտնվում է Նախագահի և կառավարության ուշադրության կենտրոնում։ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ Արտակարգ իրավիճակների նախարարությունը ձեռք է բերել և այսօր հակակարկտային ծառայությանն է հանձնում երկու ամբողջովին նոր հատուկ ավտոմեքենաներ, որոնք նախատեսված են հակակարկտային կայանների գազաբալոնների լիցքավորման համար։

Խորհրդակցությունից հետո նախարարության շարահրապարակում ԱԻ նախարարին և ղեկավար կազմին ներկայացվեցին նոր ավտոմեքենաները և դրանց տեխնիկական հնարավորությունները։

Ավտոմեքենաներից մեկը նախատեսված է կայանների գազաբալոնների տեղում լիցքավորման, մյուսը` բալոնների տեղափոխման համար։ Նոր ձեռք բերված մեքենաներն ամբողջությամբ կապահովեն այսօր հանրապետությունում գործող 119 հակակարկտային կայանների լիցքավորումը։

Դիտվել է 860 անգամ:
Print Friendly

Leave a Reply