Սարգսյանի այցը Լիբանան. լուսաբանում են արտասահմանյան լրատվամիջոցները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 7, 2009 13:19

Նախագահ Սերժ Սարգսյանի Լիբանան կատարած այցը մանրակրկիտ լուսաբանել են միջազգային մի շարք լրատվամիջոցներ: AFP գործակալությունը գրում է, որ Լիբանանում, որտեղ նա գնացել էր՝ տեղի համայնքի հետ քննարկելու Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու գործընթացը, Սերժ Սարգսյանին դիմավորել են հազարավոր բարկացած ցուցարարներ:

Ցուցարարները` կանայք, տղամարդիկ և երեխաներ, ցուցանակներ էին կրում՝ «Ոչ արձանագրություններին» և «Հայերի արյունը չի վաճառվում» գրություններով:

AFP–ն գրում է, որ բախումներ են տեղի ունեցել նախագահի կայանած հյուրանոցը շրջապատած ոստիկանների հետ: Մի խումբ մարդիկ թեթև վնասվածքներ են ստացել:

«Մոտ 100 տարի մեր նպատակի համար պայքարելուց հետո ինչպե՞ս կարող է մեր թշնամին մի ակնթարթում դառնալ մեր բարեկամը»,- հարցնում է Բեյրութում խանութի սեփականատեր Կոկո Մարաշլյանը:

Լիբանանի խորհրդարանի 6 հայազգի պատգամավորներից Հակոբ Փակրադոնյանն ասել է, որ համայնքը կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, բայց ոչ ցանկացած գնով:

Ինչպես հաղորդում է AFP-ն, համայնքի անդամներն արձանագրությունները քննադատող խնդրագիր են կազմել:

Սերժ Սարգսյանի Լիբանան կատարած այցին անդրադառնում է նաև BBC-ն` գրելով, որ Լիբանանի հայերը թշնամաբար են դիմավորել նախագահ Սարգսյանին: Ըստ պարբերականի` սփյուռքահայերը մտահոգված են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կբերի նրան, որ 1915-ի Հայոց ցեղասպանությունը աշխարհի կողմից մոռացության կմատնվի:

Թերթը գրում է, որ ցուցարարները, ովքեր 1915-ի Ցեղասպանությւան զոհերի փրկված հետնորդներն են, հյուրանոցի առջև թափահարել են դրոշներ և հայ-թուրքական համաձայնությունը քննադատող պաստառներ:

«Մենք հավաքվել ենք՝ «ոչ» ասելու Հայաստանի և Թուրքիայի միջև համաձայնությանը. այն անարդարացի է, անհնար է մոռանալ անցյալը,- ասել է ցույցի մասնակից Անի Դիդանյանը,- Թուրքերը պետք է վճարեն գողացված հողերի, 1,5 միլիոն զոհերի արյան համար»:

Պարբերականը գրում է, որ նախագահ Սարգսյանին դժվար կլինի համոզել Սփյուռքին, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ժամանակն է:

Նախագահի այցին անդրադարձել է նաև www.chinaview.cn պարբերականը` գրելով, որ Հայաստանի նախագահին Ռաֆիկ Հարիրի միջազգային օդանավակայանում լիբանանահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ բողոքի ակցիաներով են դիմավորել:

Դիտվել է 1421 անգամ:
Print Friendly

Leave a Reply