Շեյխա Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահը այցելեց Քուվեյթի Ս. Վարդանանց եկեղեցի

Պաշտոնական, Օրվա լուր | | April 2, 2012 11:35

Քուվեյթում ՀՀ դեսպանության և քուվեյթահայ համայնքի ազգային կառույցների համագործակցության շրջանակում ս.թ.մարտի 29-ին Քուվեյթի Ս. Վարդանանց եկեղեցի այցելեց Քուվեյթի “Օրինակելի մայր” հիմնադրամի նախագահ շեյխա Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահը:

Եկեղեցու բակում մեկնարկեց շեյխա Ֆարիհայի պաշտոնական ընդունելությունը: Ողջույնի խոսքով հանդես եկան Քուվեյթի և Ծոցի երկրների կաթողիկոսական փոխանորդ Տեր Շահե Եպիսկոպոս Փանոսյանն ու ազգային կառույցների այլ ներկայացուցիչներ` ընդգծելով շեյխա Ֆարիհայի այցի պատմական բնույթն ու բացառիկ նշանակությունը ինչպես քուվեյթահայ համայնքի կյանքում, այնպես էլ հայ-քուվեյթյան միջպետական հարաբերությունների հետագա զարգացման և խորացման ոլորտներում:

Այնուհետեւ տեղի ունեցավ հայ և քուվեյթցի ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը նվիրված պատարագը:

Արարողությունից հետո կայացած կարճատև զրույցի ընթացքում շեյխա Ֆարիհան խոսեց Քուվեյթի կառուցման և բարգավաճման գործում հայ համայնքի ունեցած մեծ դերի և նշանակության մասին: Նա բարձր գնահատեց հայերի նվիրվածությունն ու հավատարմությունը Քուվեյթի կառավարությանն ու ժողովրդին, նշելով, որ Քուվեյթի պատմության օրհասական պահերին հայերը միշտ եղել են Քուվեյթի կողքին:

Նույն օրը երեկոյան շեյխա Ֆարիհայի պատվին հայ համայնքի անունից տրվեց ընթրիք, որին ներկա էին համայնքային բոլոր կառույցների ներկայացուցիչները:

Ելույթով հանդես եկավ նաև Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը: Շեյխա Ֆարիհայի այցը որակելով որպես պատմական և աննախադեպ հայ-քուվեյթյան համագործակցության պատմության մեջ, դեսպան Չարչօղլյանն ասաց, որ հետևողական աշխատանքներ են տարվում մոտ ապագայում շեյխա Ֆարիհայի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն կազմակերպելու ուղղությամբ, ինչը նոր հիմքերի վրա կդնի Հայաստանի և Քուվեյթի միջև միջպետական հարաբերությունների զարգացման հետագա ընթացքը:

Շեյխա Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահի հանդիպումը հայ համայնքի հետ լայնորեն լուսաբանվել է Քուվեյթի հեռուստատեսությամբ և տեղական լրատվամիջոցներում:

Դիտվել է 1189 անգամ:
Print Friendly

Leave a Reply