Սկանդալային զեկույցի արտահոսք. ֆրանսաբնակ թուրքերը դիտարկվում են որպես սպառնալիք երկրի հասարակական անվտանգությանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | April 2, 2012 1:06

Ֆրանսիայի Ներքին հետախուզության կենտրոնական վարչության պատրաստած զեկույցում` ֆրանսիայում թուրքական կազմակերպություններն ու հիմնադրամները, որոնք ավելի վաղ լայնամասշտաբ բողոքի ակցիաներ էին իրականացրել Սենատում Ցեղասպանությունների ժխտման օրինագծի քննարկումերի ժամանակ, դիտարկվում են որպես սպառնալիք Ֆրանսիայի հասարակական անվտանգությանը: Թուրքական «Today’s Zaman»-ի փոխանցմամբ, այս մասին ասված է հետախուզության գաղտնի զեկույցում, որն արտահոսքի արդյունքում հայտնվել է մամուլում:

Զեկույցի համաձայն, Ֆրանսիայի թուրքական համայնքը «որոշ դեպքերում ֆինանսական օժանդակություն ստանալով այլ երկրներից, սպառնալիք է Ֆրանսիայի բոլոր, մասնավորապես, հայկական ծագում ունեցող քաղաքացիների համար»:

Նշվում է, թե թուրքական կազմակերպությունները, որոնք բողոքի էին դուրս եկել հունվար ամսին, գործել են Թուրքիայի կառավարության հրահանգներով: «Թուրքական կազմակերպություններն ուղղակիորեն և հեշտությամբ մոբիլիզացվում են թուրքական հատուկ ծառայությունների կողմից: Անկարայի մեր աղբյուրները փաստում են, որ այդ գործողությունը կազմակերպվել էր թուրքական հետախուզության կողմից երկրի կառավարության հրահանգով»,-ասված է զեկույցում:

Զեկույցում բացահայտվում է նաև, որ թուրքերի շրջանում տարածում վայելող www.turquie-news.fr կայքը ղեկավարվում է ֆրանսիական հետախուզության աշխատակիցներից մեկի կողմից: Կայքի հիմնական գործունեությունը հակահայկական քարոզչության իրականացումն է:

Տրամաբանության համաձայն, Ֆրանսիական հետախուզությունը իր գործակալին ներմուծել էր թուրքական միջավայր՝ տեղեկություններ քաղելու նպատակով: «Մեր պատվերով հետախուզության աշխատակիցը դեմ էր գնացել պատմության բնագավառում իր ստացած գիտելիքներին և սկսել էր հօգուտ թուրքերի լոբբինգ իրականացնել: Ներկայումս նա աշխատում է Անկարայում գործող ազգայնական հետազոտական կենտրոններից մեկում: Նրա ջանքերի շնորհիվ, մենք տեղեկատվություն են ձեռք բերել մեր թուրք գործընկերների աշխատանքային սկզբունքների, գործելաոճի, ինչպես նաև ֆրանսաբանկ հայերի ու քրդերի նկատմամբ թուրքական կողմի վերաբերմունքի մասին»,-ասված է զեկույցում:

«Today’s Zaman»-ի աղբյուրներն անանունության սկզբունքով հայտնել են, թե այդ հետախույզը պատմաբան և հետազոտող Մաքսիմ Գային է, ով ֆրանսիական հետախուզության պատվերով և թուրքերի վստահությունը շահելու համար նույնիսկ ցեղասպանությունը հերքող գիրք է հրապարակել և աշխատում է Անկարայի Միջազգային Ռազմավարական հետազոտությունների կազմակերպությունում (USAK):

Զեկույցում նշվում է, թե www.turquie-news.fr կայքը ղեկավարող անձը պարբերաբար ֆրանս-իսրայելական համաձայնության շրջանակներում գաղտնի տեղեկություններ է տրամադրում նաև իսրայելական հետախուզությանը՝ Ադրբեջանի՝ Իրանի նկատմամբ քաղաքականության վերաբերյալ:

Զեկույցն անդրադառնում է նաև Ֆրանսիայում գործող «ՄԻԹ» թուրքալեզու ռադիոկայանի գործունեությանը, որն, ինչպես նշվում է, սերտ կապեր ունի Ֆրանսիայի Թուրքական Դաշնության հետ և ֆինանսական օգնություն է ստանում Թուրքիայից:

Նշվում է, թե 19 էջանոց զեկուցն առաջին անգամ հայտնվել էր հենց վերոնշյալ ռադիոկայանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում և տեղադրվել էր ոմն «Օգյուն Սամաստ» ծածկանվամբ օգտատերի կողմից: Ռադիոկայանից հերքել էին տեղեկատվությունը, սակայն հետագայում ռադիոկայանի սոցիալական ցանցի էջը փակվել էր:

Պարբերականի աղբյուրները հաստատել են զեկույցի իսկությունը: Նշվում է նաև, թե այն ունեցել է գաղտնիության 4-րդ աստիճան և նախատեսված է եղել սահմանափակ տարածման համար:

Panorama.am

Դիտվել է 1163 անգամ:
Print Friendly

Leave a Reply