Ֆրանսիայում գտնվել են դինոզավրի խոշորագույն՝ 1,5 մետրանոց ոտնահետքեր

Օրվա լուր | | October 7, 2009 12:17

Ֆրանսիայի կենտրոնում` Յուրա լեռնային տարածքում, գտնվել են աշխարհում դինոզավրերի խոշորագույն հետքերը. այս մասին հայտարարել է Ֆրանսիայի գիտական հետազոտությունների կենտրոնը:

Բացահայտումը կատարվել է Պլան կոչվող տեղանքում, սակայն գտածոն գաղտնի է պահվել, որպեսզի գիտնականները կարողանան համապատասխան հետազոտական աշխատանքներ կատարել:

1,5 մետր երկարությամբ հետքը զգալիորեն մեծ է գիտնականների` մինչ այս բացահայտած դինոզավրերի բոլոր ոտնահետքերից:

Գիտնականների կարծիքով` այս պարագայում խոսքը ամֆիցելիաս ֆրագիլլիմուս դինոզավրի մասին է, որը 40-60 մետր հասակ է ունեցել և 120 տոննա քաշ: Ըստ գիտնականների` այդ բուսակեր դինոզավրը եղել է ամենախոշորը երբևէ գոյություն ունեցած դինոզավրերի մեջ:

Հսկա դինոզավրի հետքը, ինչպես հաղորդում է «Վեստի»-ն,  գտել են 150 միլիոն տարվա տարիք ունեցող կրաքարի վրա. այս շրջանին են թվագրվում նաև այս տարածքում բացահայտված դինոզավրերի այլ հետքերը:

Գիտնականները փորձում են պարզել, թե ուր են տանում դինոզավրի հետքերը` հույս ունենալով գտնել նրա մնացորդները: Տեղական իշխանությունների հետ համաձայնեցվել է, որ կհետազոտվի տեղանքի բավականին լայն հատված:

Դիտվել է 1188 անգամ:
Print Friendly

Leave a Reply