Քարոզչական ֆալստարտ. ՀԱԿ-ը պարտության հիմքեր է դնում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 31, 2012 21:08

Ենթադրվում էր, որ նախօրեի հանրահավաքում հանրությանը կմատուցվի ՀԱԿ նախընտրական ծրագիրը: Սակայն այս առումով ընտրողին և քաղաքական շրջանակներին հիասթափություն է սպասվում:

«ՀԱԿ-ը միակ ուժն է, որը հատուկ նախընտրական ծրագրով հանդես գալու կարիք չունի, քանի որ այս տարիների ընթացքում կոնգրեսը ներկայացրել է իր առանցքային դրույթները»,- հանրահավաքում ունեցած ելույթում հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը` թվարկելով այն բազմաթիվ փաստաթղթերը, որոնք անցած չորս տարիներին կոնգրեսը ներկայացրել է հանրությանը:

Չեմ բացառում, որ իսկապես ամենատարբեր փաստաթղթերում ու ՀԱԿ-ի տարբեր գործիչների ելույթներում լուծումներ կան հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտների ու հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերի առնչությամբ: Բայց բոլոր դեպքերում անհրաժեշտություն կար, որ ՀԱԿ-ը մեկտեղեր իր ծավալուն նյութերը որևէ ամփոփ փաստաթղթի մեջ և ընտրողի քվեն հայցեր` դրան հղումով: Այլապես շատ հարցեր բաց են մնում և ՀԱԿ-ի մոտեցումները դարձնում խոցելի:

Քաջ հայտնի է, որ նույն Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանությունից հեռացավ արտաքին քաղաքական խնդիրներում ունեցած մոտեցումների համար: Եվ ահա անհայտ է` իրենց նախորդ ելույթներից ու գնահատականներից ո՞րը պետք է ընդունել ծրագրային և հատկապես ո՞ր մի փաստաթղթում կամ ելույթում է տրված իրենց դիրքորոշումը:

Այսպես, օրինակ, նախօրեին կայացած հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը բառացիորեն ասել է հետևյալը. «Արտաքին քաղաքականության բնագավառում փակուղի են մտել Հայաստանի համար գերկենսական նշանակություն ունեցող խնդիրները` հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները»:

Ինչ վերաբերում է ԼՂ հիմնահարցին, ես որևէ դեպք չեմ հիշում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ նրա համախոհներն այս խնդրի վերաբերյալ որևէ մոտեցում արտահայտեն, հատկապես փակուղուց ելքերի վերաբերյալ, բացի, իհարկե, գործող իշխանություններին «Ղարաբաղը ծախելու» մեջ մեղադրանքների անընդհատ հնչեցումներից: Գուցե եղել է նման բան, բայց գոնե իմ մոտ չի տպավորվել այն, թե ինչ այլընտրանք է առաջարկում Լևոն Տեր-Պետրոսյանն այս հարցում: Իսկ եթե այնուամենայնիվ եղել է նման բան, շատ լավ կլիներ, եթե այդ մոտեցումը որևէ ձևով արտացոլվեր նախընտրական որևէ խոստման ձևով:

Իսկ ահա հայ-թուրքական հարաբերությունների հարցում Տեր-Պետորսյանի մոտեցումն իսկապես պարադոքսի է վերածվում: Ինչպե՞ս կարելի է հասկանալ վերը մեջբերված նրա գնահատականը իր իսկ մեկ այլ գնահատականի համատեքստում, որը տվել է ընդամենը մի քանի ամիս առաջ` «Մոսկովսկիյե նովոստի» պարբերականին տված հարցազրույցում, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Սերժ Սարգսյանի իրականացրած քայլերի մասին, բառացիորեն ասել է հետևյալը. «Նա ամեն ինչ ճիշտ և նորմալ է արել: Անհրաժեշտ է այդ թեման միշտ պահել օրակարգում, քանի որ առանց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, առանց սահմանի բացման Հայաստանը չունի զարգացման հեռանկար»:

Եթե ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի` ամեն ինչ ճիշտ է արվել, հիմա ինքն ի՞նչ է առաջարկում փակուղուց դուրս գալու համար: Այդ ի՞նչ պետք է անի ՀԱԿ-ը, որ ենթադրենք Թուրքիայի խորհրդարանը վավերացնի ստորագրված արձանագրությունները, կամ գուցե` դրանք հետ պիտի կանչի՞: Այս հարցերի պատասխանները որևէ տեղ նախորդիվ տրվե՞լ են, թե դրանց պատասխանը պետք է «100 քայլ»-ում փնտրել:

Հարկ է նկատել, որ այս հարցերի պատասխանները չկան ոչ Տեր-Պետրոսյանի թվարկած թվով 11 փաստաթղթերում, որոնք ներկայացվում են որպես ՀԱԿ-ի ծրագրային փաստաթղթեր, ոչ էլ երեկվա ելույթում նշած 20 կետերում, որոնք իրենց հերթին ներկայացվեցին որպես ծրագրային հիմնադրույթներ: Ավելին` դրանցում չկան բազմաթիվ այլ հարցերի պատասխաններ (բանակաշինություն, տեղական ինքնակառավարման բարեփոխումներ և այլն): Մինչդեռ ընտրողն իր քվեն տալուց առաջ կարիք ունի իմանալու` ինչ են իրեն առաջարկում և ինչի դիմաց: Եվ ահա ստացվում է, որ ՀԱԿ-ը ոչինչ չի առաջարկում ու «միակ ուժն է, որ դրա կարիքը չունի»:

Ի՞նչ պետք է անի ընտրողն այն պարագայում, երբ ինքն իրեն միակ ընդդիմադիր ուժ հռչակած քաղաքական ուժից որևէ այլընտրանքային դեղատոմս չի ստանում իրեն հուզող խնդիրների լուծման վերաբերյալ: Փորձը ցույց է տալիս, որ նման դեպքում ընտրողի համար որոշիչ դառնում են այլ գործոններ, որպես կանոն` դրամը (ընտրակաշառքը) կամ սոցիալական կապերը (խնամի-ծանոթ-բարեկամ): Ի վերջո մարդկանց մեծ մասը, որքան էլ դժգոհ լինի իրավիճակից, կողմնորոշվում է ոչ թե ընդդեմով, այլ հանունով:

Հետագայում, իհարկե, ՀԱԿ-ական գործիչները ժողովրդի մի ստվար հատվածի կմեղադրեն «խիղճն ու հոգին ծախելու» մեջ ու կպիտակավորեն ամենատարբեր վիրավորական բնորոշումներով: Բայց փաստը մնում է փաստ` նախընտրական ծրագրի անհրաժեշտություն չտեսնող ՀԱԿ-ն այսպիսով սեփական պարտության հիմքերն է դնում ու թող կուրծք չծեծեն հետո, թե ընտրությունները կեղծվել են: Չնայած քվեարկության գաղտնիությանը, մարդիկ իրենց շրջապատում շատ լավ գիտեն` ով ինչի համար ում է ընտրել:

Panorama.am

Արմեն Մինասյան

Դիտվել է 1501 անգամ:
Print Friendly

Leave a Reply