Ավտովթարի հետեւանքով պայմանագրային զինծառայող է զոհվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 31, 2012 14:02

ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողների մասնակցությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս- Մեծ Մասրիկ ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի թղթակիցը, վթարի հետեւանքով զոհվել է մեկ պայմանագրային զինծառայող, երեքը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի հիվանդանոց:

ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ հերթապահ Ալիկ Ղանդիլյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ իրար են բախվել «Մոսկվիչ-412» եւ «ՎԱԶ-21-06» մակնիշի ավտոմեքենաները: Զոհվել է «Վազ-21-06» ավտոմեքենայի վարորդ, Վարդենիս քաղաքի բնակիչ, պայմանագրային զինծառայող, 1984 թվականին ծնված Վարդան Աբգարյանը: Մյուս մեքենայի ուղեւորներ, պայմանագրային զինծառայողներ, 1980 թվականին ծնված Վարդան Թադեւոսյանը, որի ծննդավայրը դեռ ճշտվում է, 1987 թվականին ծնված, Շիրակի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ Կորյուն Հակոբյանը եւ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի բնակիչ, 1980 թվականին ծնված Արսեն Բալասանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Վարդենիսի զինվորական հոսպիտալի գլխավոր բժշկի տեղակալ Տիգրան Նալբանդյանի տեղեկացմամբ` երեք վիրավորների վիճակն էլ եղել է միջին ծանրության` գանգուղեղային ցնցում, այտոսկրերի կոտրվածքներ: Առավոտյան ժամը 7.30-ի սահմաններում պայմանագրային երեք զինծառայողները Վարդենիսից տեղափոխվել են Երեւանի զինվորական հոսպիտալ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 987 անգամ:
Print Friendly

Leave a Reply