Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները վառեցին Եղեռնի հուշարձանում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 6, 2009 20:01

Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները Եղեռնի հուշարձանի կրակի մոտ վառելով՝ քիչ առաջ ավարտվեց  «Միացում» շարժման  երթը:

Դեպի Ծիծեռնակաբերդ երթը՝ «ՈՉ» ասելու նախաստորագրված արձանագրություններին մեկնարկեց Մերգելյանի անվան ինստիտուտի շենքի դիմացից. հավաքը բազմամարդ էր` բազմաթիվ պաստառներով ու դրոշներով: «Հող հանձնողը` դավաճան» գոչելով` բազմությունը հասավ Ծիծեռնակաբերդ:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը նույնպես մասնակցում էր երթին: «Եթե այնուամենայնիվ արձանագրությունները ստորագրվեն, ապա մեր հաջորդ քայլը կլինի համաժողովրդական ընդվզումը. այն անձինք, որոնք կստորագրեն դա, Հայաստանում ապրելու իրավունք չեն ունենա»,-ասաց Փոստանջյանը:

Ծիծեռնակաբերդում երթին ներկա ռեժիսոր Տիգրան Խզմալյանի աղոթքով սկսվեց արարողությունը. վառեցին նախաստորագրված արձանագրությունների օրինակները:

Երթի ամենատարեց մասնակիցներից մեկը` Փառանձեմ տատիկը, արձանագրությունների այրումից հետո փորձեց այրել Սերժ Սարգսյանի նկարը: Երթը հսկող ոստիկանները, նկատելով սպասված «սցենարի խախտումը», անմիջապես հարձակվեցին` խլելով նախագահի նկարը: Սկսվեց իրարանցում. բազմությունը միահամուռ գոչում էր «Ամո′թ»:

Միջադեպը մեկնաբանելով՝ «Միացում» շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ սա նախօրոք ծրագրված չէր: «Սա ինքնաբուխ պոռթկում էր, և յուրաքանչյուր քաղաքացի ազատ է իր բողոքն արտահայտելու ձևերի մեջ»,-ասաց նա:

Սեֆիլյանը տեղեկացրեց, որ երկու օրից քաղաքի տարբեր կետերում սկսվելու է Արձանագրությունների խորհրդանշական այրումը:

Գայանե Ասրյան

Գայանե Գալստյան

Դիտվել է 1656 անգամ:
Print Friendly

Leave a Reply