Ակտիվիստները մտադիր են ապամոնտաժել Մաշտոցի պուրակի «բուտիկները»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 31, 2012 12:30

Մաշտոցի Պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժման աշխատանքները նախաձեռնող խումըբ հայտարարություն է տարաեծլ, որում նշել է, թե այսօր` մարտի 31-ին, ժամը 13-ին մտադիր է ապամոնտաժել Մաշտոցի պուրակում կառուցվող ապօրինի կրպակները:

Խմբի հայտարարության մեջ ասվում է. «Ոստիկանության հայտարարությունը մարտի 31-ին, ժամը 13.00-ին, Մաշտոցի Պուրակում նախատեսվող ապամոնտաժման գործողությունների վերաբերյալ վկայում է, որ ոստիկանությունը մտադիր է շարունակել պաշտպանել Երեւանի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում՝ թույլտվությամբ սահմանված պայմաններին ակնհայտ էական խախտումներով կառուցված ինքնակամ շինությունները։ Ենթադրում ենք, որ ոստիկանությունը գիտակցում է իր պատասխանատվությունը հասարակության առջեւ անօրինական սեփականությունը պաշտպանելու համար եւ դրա բոլոր հետեւանքները։

Հիշեցնում ենք, որ Երեւանը համայնք է` Երեւանի բնակչության հանրություն: Համայնքի բնակիչները կարող են Երեւանի վարչատարածքային սահմաններում ուղղակիորեն իրականացնել տեղական ինքնակառավարում: Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը՝ անկախ նրանից, թե ով է այն կառուցել: Հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը»:

Բնապահպանները շարունակում են համարել, որ Մաշտոցի Պուրակում անօրինական գործողությունների դեմ բողոքող հասարակության ներկայացուցիչների լսված լինելու իրավունքը մնում է ոտնահարված։ «Ուստի համոզված ենք, որ Երեւանի բնակիչների կողմից համայնքի սեփականությունը պաշտպանելու համար նախատեսվող գործողությունների անհրաժեշտությունը պահպանվում է։

Միաժամանակ ակնկալում ենք, որ մարտի 31-ին քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանության գործողությունները կասեցնելու համար, բացի հարկադրանք կիրառելու հնարավորությունից, ոստիկանությունը կներկայացնի նաեւ ավելի հիմնավոր փաստարկներ»,- ասված է հայտարարության մեջ։

Դիտվել է 1089 անգամ:
Print Friendly

Leave a Reply