Բաքվում օրերս կայացավ 2005-ից ի վեր առաջին արտոնված բողոքի ցույցը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | March 30, 2012 21:35

Բաքվում կայացած բողոքի ակցիայի ժամանակ ռոք երգիչներից մեկը վիրավորել է հանրապետության նախագահին, ինչը ստիպել է ոստիկանությանը միջամտել, որից հետո էլ ծեծկռտուք է սկսվել:

Մարտի 17-ին, չնայած տեղացող ձյանը, հազարից ավելի ադրբեջանցի երիտասարդներ ցույց էին կազմակերպել Բաքվի Սաբավիլ թաղամասում`բողոքելով կոռուպցիայի եւ լրագրողների ու ակտիվիստների բանտարկության դեմ:
2005-ից ի վեր, սա առաջին պաշտոնապես թույլատրված բողոքի ակցիան էր, եւ կազմակերպվել էր այն Երիտասարդների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի կողմից, որը ներառում է ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ», «Մուսավաթ», «Դեմոկրատական» եւ «Քաղաքացիական համերաշխություն» կուսակցությունների երիտասարդական թեւերը, «Azad», «Nida», «Dalga» եւ «Դրական փոփոխություն» երիտասարդական շարժումները, ինչպես նաեւ «Մարդու իրավունքների ակումբ» կազմակերպությունը:
Իշխանական օղակները, մատնանշելով բողոքի ցույցը, շտապեցին նշել, որ ակցիան ապացուցում է Ադրբեջանում խոսքի ազատության գոյության փաստը:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի վարչության պետ Ալի Հասանովն իր հերթին ափսոսանք հայտնեց բողոքի ակցիան խափանած իրադարձությունների վերաբերյալ`ակնարկելով ցույցի ավարտին կայացած «Bulistan» ռոք խմբի ելույթը, որի ժամանակ խմբի մենակատար Ջամալ Ալին հայհոյական արտահայտություններ էր օգտագործել եւ վիրավորել նախագահ Իլհամ Ալիեւին, ինչի հետեւանքով ոստիկանությունը միջամտել էր բողոքի ցույցին:
Ջամալ Ալիից բացի, ոստիկանությունը ձերբակալել էր նաեւ խմբի կիթառահար Նաթիգ Քամիլովին եւ «Նիդա» շարժման ներկայացուցիչ Էթիբար Սալմանլիին, երբ վերջիններս փորձել էին պաշտպանել ռոք երգչին:
Ի վերջո, ոստիկանության աշխատակիցներին հաջողվել էր երեքին էլ ձերբակալել, որից հետո Ջամալ Ալին դատապարտվել էր տասնօրյա ազատազրկման, իսկ Սալմանլին եւ Քամիլովը`համապատասխանաբար 6 եւ 5-օրյա ազատազրկման:

Շահլա Սուլթանովան ազատ լրագրող է Ադրբեջանում:

1. Բաքվում կայացած բողոքի ցույցի երիտասարդ մասնակիցներից մեկը`ադրբեջանական դրոշով: (լուսանկարը`Շահլա Սուլթանովայի)
2. Երիտասարդ առաջնորդները`բեմում: (լուսանկարը`Շահլա Սուլթանովայի)
3. Պաստառի վրա հետեւյալ գրությունն է`«Մեզ Ղարաբաղն է անհրաժեշտ, ոչ թե «Եվրատեսիլը»»: (լուսանկարը`Շահլա Սուլթանովայի)
4. Անգլալեզու պաստառ: (լուսանկարը`Շահլա Սուլթանովայի)
5. «Ազատություն քաղբանտարկյալներին»`կոչ է անում ցուցարարների պաստառը: (լուսանկարը`Շահլա Սուլթանովայի)
6. Լուսանկարը`Շահլա Սուլթանովայի
7. Ռոք երգիչ Ջամալ Ալիի ելույթը: (լուսանկարը`Շահլա Սուլթանովայի)
8. Ոստիկանությունը փակում է դարպասը, որպեսզի թույլ չտա ցուցարարներին հետապնդել երեք ձերբակալվածներին ուղեկցող ոստիկաններին: (լուսանկարը`Շահլա Սուլթանովայի)

Շահլա Սուլթանովա, Կովկաս
Կովկասյան լրատու # 635
23-ը մարտի, 2012թ.
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից (www.iwpr.net):

Դիտվել է 1628 անգամ:
Print Friendly

Leave a Reply