Ինտերնետն անջատելու հաքերների սպառնալիքը մեկնաբանում է փորձագետը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 30, 2012 17:03
Anonymous հաքերային խմբավորման սպառնալիքը` մարտի 31-ին աշխարհում որոշ ժամանակով ինտերնետն անջատելու մասին դժվար իրականանալի է, սակայն` ոչ անհնարին: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը` նշելով, որ հաքերների հիմնական թիրախը 13 արմատային սերվերներն են, որոնք տեղակայված են աշխարհի տարբեր մասերում, որոնցից 10-ը` ԱՄՆ-ում:
«Հարձակումն ու նպատակի իրագործումը բարդ է այնքանով, որ նույն այդ սերվերներն ունեն ավելի քան 200 «հայելիներ», որոնք էլ իրենց հերթին սփռված են ամբողջ աշխարհով: Եթե դրանցից մեկը անհասանելի դառնա, այն կվերագործարկվի մյուս ռեսուրսից: Բայց, այդուհանդերձ, հստակ ասել անհնար է: Կարող է համացանցային ծանրաբեռնավածություն լինել և բազմաթիվ կայքեր դառնան դժվար հասանելի»,- նշեց Մարտիրոսյանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք դա կարող է ազդել Հայաստանի մտնող համացանցի հասանելիության վրա` փորձագետը փաստեց, որ եթե կարողանան որոշակիորեն ազդել այդ սերվերների վրա, ապա, հնարավոր է, Հայաստանի վրա էլ անդրադառնա:
Ի դեպ, հարձակման կազմակերպիչները նախատեսել են, որ կարող են մասնակցել բոլոր կամավոր ցանկացողները: Anonymous-ի կողմից ստեղծված High Orbit Ion Cannon-ի «բոթնետ» ծրագիրի լայն ցանցը տալիս է այդ հնարավորությունը:






Facebook
Tweet This
Email This Post
